Արթուր Առուշանյան Աշոտի
Ծնվել է16.12. 1993
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
ՔաղաքացիությունՀայաստան ՀՀ
Ազգությունհայ
Երեխաներ1 դուստր

Արթուր Աշոտի Առուշանյան (անգլ.՝ Arthur Arushanyan, 1993 թվականի դեկտեմբերի 16, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան) կյոկուշին ոճի հայ կարատեիստ, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն:

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1993 թվականի դեկտեմբերի 16-ին Սանկտ Պետերբուրգում: Վեց տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Ստեփանակերտ (Արցախի հանրապետություն): Այնտեղ նա գնում է դպրոց և առաջին քայլերն է կատարում կարատեի բնագավառում: 2010 թվականին տեղափոխվել է Երևան: 2011 թվականի դեկտեմբերի 26-ին զորակոչվել է ՀՀ զիված ուժեր:

Սպորտային կարիերա խմբագրել

Շատ ուշ տարիքում (12 տարեկան) Արթուրը որոշեց զբաղվել արևելյան մենամարտերով: Ինչպես հետո բացատրում է ինքը՝ մարզիկը, իր ընտրությունը կատարել է, երբ հաճախել է մեկ մարզման: Մարզումների ընթացքում նա ուշադիր հետևեց կարատեիստներին և այդ տեսարանն այնքան տպավորեց նրան, որ հաջորդ առավոտյան՝ առանց ընտանիքի անդամներին տեղյակ պահելու, հավաքեց իր մարզական իրերը և գնաց սպորտային դահլիճ: Ծնողները, հատկապես մայրը, թույլ չտվեցին սկսել մարզումները՝ ի ծնե սրտի արատի պատճառով, սակայն Արթուրի համառությունը կոտրեց մոր բնավորությունը և մայրը ստիպված համաձայնեց: Սկզբում Արթուրը եղել է խմբի աուտսայդերը և մի քանի անգամ դադարեցրել է մարզումները: Բայց սպորտով զբաղվելու ցանկությունն այնքան մեծ էր, որ նորից սկսեց մարզումները:

Առաջին արդյունքներ խմբագրել

Երկու տարի հետո Արթուրը ստացավ առաջին մեդալը: 2007 թվականի հոկտեմբերին նա դարձավ Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր: Մինչև 2011 թվականի առաջին լուրջ մրցումները Արթուրը Հայաստանի առաջնությունում դարձավ չեմպիոն, վիցե-չեմպիոն և բրոնձե մեդալակիր: Նա նաև մեկնել է Թբիլիսի՝ Կովկասի առաջնությանը: 2010 թվականին Արթուրը Ստեփանակերտից տեղափոխվեց Երևան, որտեղ ընդունվել է Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ՝ կարատեի ֆակուլտետ: Այնուհետև պատանի մարզիկը սկսեց պարապել հայկական ֆեդերացիայի սաների շարքում։

Մրցաշարեր խմբագրել

Եվրոպայի առաջնություն Վառնա, Բուլղարիա խմբագրել

 

2011 թվականի hոկտեմբերի 15-ից մինչեւ հոկտեմբերի 16Վառնա քաղաքում (Բուլղարիա) տեղի է ունեցել KWF (Kyokushin World Federation) տարբերակով Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Արթուր Առուշանյանը մասնակցեց 65 կգ քաշային կարգում: Արթուրը 3 մենամարտերում հաղթեց և եզրափակչում հանդիպեց Անտոնիո Սարաֆովի (Բուլղարիա) հետ: Արթուրը հեշտությամբ հաղթեց հակառակորդին եւ դարձավ Եվրոպայի չեմպիոն: Ինչպես ինքն է ասել. «Իմ հաղթանակը Եվրոպայի առաջնությունում ինձ անհնարին էր թվում, բայց, ինչպես տեսնում եք, այն կատարվեց»:

Աշխարհի առաջնություն Մոսկվա, Ռուսաստան խմբագրել

2011 թվականի դեկտեմբերի 2-3-ը Մոսկվայում պատանիների միջև տեղի ունեցավ առաջին Աշխարհի առաջնությունը: Արթուրը հաղթեց 4 մենամարտում, որից հետո տրավմա ստացավ և հենց այդ պատճառով կիսաեզրափակչում պարտվեց ռուս մարզիկին: Արթուր Առուշանյանը դարձավ Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

Եվրոպայի առաջնություն Տարանտո, Իտալիա խմբագրել

 

2012 թվականի մայիսի 26-ին Տարանտո քաղաքում կայացավ Եվրոպայի առաջնություն Rengokai վարկանիշով: Այդ առաջնությանը մասնակցեց 300 մարզիկ՝ 17 երկրներից: Արթուրը մասնակցեց 70 կգ քաշային կարգում: Իր կարիերայում երկրորդ անգամ Արթուրը դարձավ Եվրոպայի չեմպիոն: Դրանից հետո Ստեփանակերտի լրատվամիջոցներին տրված հարցազրույցում Արթուրն ասում է, որ իր նպատակն է դառնալ Աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն:

Աշխարհի առաջնություն Եկատերինբուրգ խմբագրել

2017 թվականի դեկտեմբերի 10-ին Եկատերինբուրգում կայացած կիոկուշին կարատեի աշխարհի առաջնությունում Արթուր Առուշանյանը դարձել է աշխարհի կրկնակի չեմպիոն: Լրատվամիջոցներին տրված զրույցում ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության աշխատակազմի սպորտի վարչության պետ Աշոտ Դանիելյանն ասել է, որ Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Առուշանյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը 60 կգ քաշային կարգում: Արթուր Առուշանյանը եզրափակչում հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ֆարիդ Կասումովին[1]:

Եվրոպայի առաջնություն Լեհաստան խմբագրել

2017 թվականի հոկտեմբերի 14-16-ը Լեհաստանում տեղի է ունեցել կիոկուշին կարատե Եվրոպայի 31-րդ բաց առաջնություն, որտեղ Արթուր Առուշանյանը գրավել է առաջին տեղ՝ արժանացել ոսկե մեդալի և դարձել Եվրոպայի չեմպիոն[2]:

Պարգևներ խմբագրել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը պարգևատրել է Արթուր Առուշանյանին։ Բակո Սահակյանը նշել է, որ այդ հաղթանակները մարզիչների ծանր աշխատանքի արդյունք են: Մարդիկ, ովքեր օժտված են բարձր մարդկային եւ ֆիզիկական պատրաստվածությամբ, կարողանում են տաղանդավոր երիտասարդներին ժամանակին գտնել[3]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արցախցի մարզիկը դարձել է աշխարհի կրկնակի չեմպիոն». artsakhpress.am. 11 դեկտեմբերի, 2017, 11:53.
  2. «Արցախցի մարզիկը դարձել է Եվրոպայի չեմպիոն». artsakhpress.am. 16 հոկտեմբերի, 2017, 16:21.
  3. «The President of Artsakh has awarded medals to national and international athletes». kwunion.com. 30.12.2017.

Արտաքին հղումներ խմբագրել