Մասնագիտական սթրես

Մասնագիտական սթրես (անգլ.՝ stress՝ լարվածություն, ճնշում, ծանրաբեռնվածություն), աշխատանքային գործունեության ընթացքում աշխատողի լարված վիճակը, որն առաջանում է բացասական էմոցիաների և էքստրեմալ գործոնների ներգործությամբ։ Չնայած մասնագիտական սթրեսը յուրաքանչյուր մասնագիտության պարագայում տարբեր է, այնուամենայնիվ, այս երևույթն ունի ընդհանուր բնութագիր։

ՆկարագրությունԽմբագրել

Մասնագիտական սթրեսն ավելի լայն հասկացություն է, քան աշխատանքային սթրեսը։ Մասնագիտական սթրեսը աշխատողի գործառութային ընդհանուր վիճակն է, որը ծագում է ոչ միայն աշխատանքային պարտականությունները կատարելուց, այլև տարբեր գործոնների ազդեցությունից։ Մասնագիտական սթրեսի վրա ազդում են այնպիսի գործոններ, ինչպիսիք են կազմակերպության կառուցվածքը, աշխատակցի սուբյեկտիվ առանձնահատկությունները և էրգաթիկ համակարգը։

Մասնագիտական սթրեսը ֆիզիոլոգիական սթրեսից տարբերվում է նրանով, որ այն աշխատողի կողմից իր գործողությունների և պարտականությունների գիտակցման, բայց դրանք կառավարելու անկարողության արդյունքն է[1]։ Ինչպես սթրեսի յուրաքանչյուր տեսակ, մասնագիտական սթրեսը նույնպես ունի ֆիզիոլոգիական և հոգեբանական դրսևորումներ[2]։

Մասնագիտական սթրեսը ենթադրում է աշխատողի մի դրություն, որի ժամանակ կատարվում է ռեսուրսների հավաքագրում՝ մասնագիտական գործունեության մեջ ծագած խնդիրները հաղթահարելու համար։

Հետազոտողները սթրեսը բաժանում են երկու տեսակի՝ էուսթրես (պրոդուկտիվ սթրես, ռեսուրսների ադեկվատ հավաքագրման կարգավիճակ) և դիսթրես (դեստրուկտիվ սթրես)։ Այս դասակարգումը կատարվում է դժվարությունների հաղթահարման արդյունքում ստացած արդյունքների գնահատմամբ։

Պրոդուկտիվ սթրեսը բնութագրվում է «դեպի աշխատանքը» մոտիվացիայով, ենթադրում է մտածողության, ինքնագիտակցման և հիշողության ակտիվացում, ինչը հանգեցնում է ծագած խնդիրների հաղթահարմանը։ Իսկ դեստրուկտիվ սթրեսը բնութագրվում է «դեպի սեփական անձը» մոտիվացիայով, արտահայտված հուզականությամբ և ինքնահաստատման ձգտմամբ[3]։ Դեստրուկտիվ սթրեսի ժամանակ աշխատակիցը ունակ չէ արդյունավետ և անսխալ աշխատանք կատարել։ Հաճախ կրկնվող դեստրուկտիվ սթրեսները բացասական ազդեցություն են ունենում աշխատակցի առողջության վրա։

Սթրեսի զարգացման փուլերԽմբագրել

Առանձնացվում են սթրեսի հաղթահարման հետևյալ փուլերը[2][4]

  1. Լարվածության աճման փուլ՝ այս փուլը բնութագրվում է վարքի կտրուկ փոփոխությամբ։ Օրինակ՝ հանգիստ մարդիկ կարող են դառնալ աղմկոտ, նյարդային, իսկ երբեմն՝ ագրեսիվ և դաժան։ Մինչդեռ նույն իրավիճակում ակտիվ, դրական մարդը դառնում է մռայլ և ինքնամփոփ։ Այս փուլն ազդում է միջանձնային հարաբերությունների վրա, մարդը կորցնում է հոգեբանական կապը և օտարացում է առաջանում շփման մեջ։ Մարդիկ դադարում են միմյանց աչքերի մեջ նայել, կտրուկ փոխում են զրույցի թեման, չեն ընդունում քննադատություն և մեղադրում են միմյանց/ուրիշներին։ Առաջին փուլում ինքնատիրապետումը, գործողությունների կառավարման ունակությունը թուլանում է, սակայն սթրեսը այս փուլում դեռևս կարող է մեծացնել աշխատանքի արդյունավետությունը։ Առաջին փուլի տևողությունը ամեն մարդու մոտ տարբեր է․ որոշների մոտ կարող է տևել մի քանի ժամ, մյուսների մոտ՝ մի քանի օր և նույնիսկ մի ամիս։
  2. Սթրեսի հիմանական փուլ՝ այս փուլը սկսվում է այն ժամանակ, երբ ինքնատիրապետման մասնակի կամ ամբողջական կորուստ է նկատվում։ Դեստրուկտիվ սթրեսը այս փուլում քայքայիչ ազդեցություն է ունենում մարդու հոգեկան աշխարհի վրա։ Նա ի վիճակի չի լինում հստակ գիտակցել իր վարքագիծը։ Պոռթկումից հետո անձը սովորաբար զղջում է իր արարքների համար։ Նախորդ փուլի նման այս փուլի տևողությունը նույնպես տարբեր մարդկանց մոտ տարբեր է։ Ողջ ուժն ու էներգիան կորցնելուց հետո մարդը դատարկություն և հոգնածություն է զգում։
  3. Լարվածության նվազման փուլ՝ բնութագրվում է ներքին լարվածության նվազմամբ։ Մարդը վերադառնում է իր նախկին աշխարհայացքին, մեղքի զգացում ունենում, և որոշում, որ նման բան այլևս չի կրկնվի։

Մասնագիտական սթրեսի առաջացման վրա ազդող գործոններԽմբագրել

Կարևոր է տարբերակել սթրեսի հանգեցնող գործոնները այն գործոններից, որոնք հանգեցնում են դեմոբիլիզացիայի։ Երկրորդ խմբին են պատկանում քնկոտությունը, աչալրջության նվազումը, միօրինակության զգացումը, ձանձրույթը։ Տարբերակելու համար կարելի է հիշել այն օրինակը, երբ գնացքի վարորդը անցնում է կարմիր ազդանշանի կողքով ոչ թե սթրեսի, այլ ընդհակառակը՝ դեմոբիլիզացիայի պատճառով, որովհետև նրա քնկոտության և լարվածության մակարդակը նվազել է, ոչ թե ավելացել։

Մասնագիտական սթրեսի առաջացման վրա ազդում են հետևյալ գործոնները[5]

Աշխատանքային գործունեության հետ կապված գործոններԽմբագրել

Առանձնացնում են աշխատանքային գործունեության հետ կապված հետևյալ գործոնները[6]

  • աշխատանքի ինտենսիվություն
  • աշխատանքի կատարմանը հատկացվող ժամանակ
  • արտահաստիքային իրավիճակներ, որոնք փոխում են աշխատանքի կարգը
  • աշխատանքային առաջադրանքների ոչ հստակ սահմանվածություն
  • առաջադրանքների բազմազանություն, դրանց բարդություն
  • ռեսուրսների կամ տեղեկատվության պակաս
  • աշխատանքի անվտանգության բացակայություն

Կազմակերպչական գործոններԽմբագրել

Մասնագիտական սթրեսի կազմակերպչական գործոնները կապված են կազմակերպության կանոնների և սովորույթների հետ։ Դրանց թվում են․

  • կանոնակարգի և հրահանգների հակասություն
  • աշխատանքի վարձատրման անարդար ձևերը
  • անտեղի բծախնդրություն
  • գործընթացների և արդյունքների անարդար գնահատում ադմինիստրացիայի կողմից

Անձնային գործոններԽմբագրել

  • անձնային անհանգստության բարձր մակարդակ
  • ցածր ինքնագնահատական, մեղքի զգացում ունենալու հակում
  • արտահայտված էմոցիոնալ անկայունություն
  • պատահականությունների, հաջողության, ձեռքբերումների և այլ մարդկանց կարծիքների վրա կենտրոնացում
  • պասիվություն, բարդ իրավիճակներից դուրս գալու խուսափողական մարտավարություններ
  • աշխատակիցների մասնագիտական պատրաստվածության հետ կապված խնդիրներ

Մասնագիտական սթրեսի տեսակներԽմբագրել

Առանձնացնում են մասնագիտական սթրեսի երեք տեսակ՝ տեղեկատվական, զգացմունքային և հաղորդակցական[5]։

Տեղեկատվական սթրեսԽմբագրել

Տեղեկատվական սթրես կարող է առաջանալ ինֆորմացիայի չափից շատ լինելու, ինչպես նաև տվյալների հաճախակի փոփոխման դեպքում։ Այդպիսի իրավիճակները ստեղծում են պայմաններ, որոնց ժամանակ աշխատակիցը ի վիճակի չի լինում արագ լուծել իր առջև դրված խնդիրները և ճիշտ որոշում կայացնել։ Անորոշ իրավիճակները բացասաբար են ազդում աշխատակցի լարվածության մակարդակի վրա[1]։

Զգացմունքային սթրեսԽմբագրել

Զգացմունքային սթրեսն ազդում է աշխատակցի խորքային արժեքների և համոզմունքների վրա, որոնք կապված են մասնագիտական գործունեության հետ։ Զգացմունքային սթրես կարող են առաջացնել աշխատակազմի փոխհարաբերությունները և տարբեր բնույթի կոնֆլիկտները, որոնք ուղեկցվում են տարբեր զգացումներով՝ մեղքի զգացում, նվաստացում, զայրույթ, վիրավորանք, վտանգի զգացում։

Հաղորդակցական սթրեսԽմբագրել

Յուրաքանչյուր մասնագիտություն պահանջում է որոշակի աշխատանքային հաղորդակցություն, և հենց նման պահերին էլ կարող է առաջանալ հաղորդակցական սթրես։ Այն արտահայտվում է դյուրագրգռությամբ, հաղորդակցական ագրեսիայից պաշտպանվելու, անհրաժեշտության դեպքում մերժելու և ընդդիմանալու, ինչպես նաև՝ մանիպուլյացիայից պաշտպանվելու անկարողությամբ։

Մասնագիտական սթրեսի հատուկ ձևերԽմբագրել

Առանձնացնում են մասնագիտական սթրեսի հետևյալ հատուկ ձևերը[4][5]

Ձեռքբերումների և հաջողության մասնագիտական սթրեսԽմբագրել

Սթրեսի այս տեսակն առաջանում է այն ժամանակ, երբ աշխատակցի հավակնությունների մակարդակը (այսինքն՝ այն, ինչի նա ձգտում է հասնել մասնագիտական ոլորտում), չի համապատասխանում աշխատակցի ներքին ռեսուրսների մակարդակին։ Որպես օրինակ կարելի է դիտարկել այն իրավիճակը, երբ մի մարդ ուզում է հայտնի նկարիչ դառնալ, բայց չունի նկարչական ունակություններ։ Հավակնությունների մակարդակը ձևավորվում է փոքր տարիքում՝ այն միջավայրում, որտեղ նա մեծանում է։

Բացի ներքին խոչընդոտներից կարող են լինել նաև արտաքին խոչընդոտներ, այդ թվում՝ հասարակության կողմից ճանաչում չունենալը, տվյալ ժամանակաշրջանին չհամապատասխանելը, անբարենպաստ կենսապայմանները։ Սթրեսային իրավիճակ է ստեղծվում նաև այն ժամանակ, երբ մարդն իրեն ասոցիացնում է իր աշխատանքային արդյունքների, ձեռքբերումների հետ։ Նա մտածում է, որ ինքն իրենով արժեք չի ներկայացնում, նրան արժեք են տալիս իր հաղթանակները։

Մարդը կարծում է, որ առանց իր աշխատավարձի և զբաղեցրած պաշտոնի իրեն չեն գնահատի ու սիրի։ Տվյալ դեպքում գործում է նաև սխալվելու վախը։ Նա դառնում է պահպանողական, խուսափում է փոփոխություններից և անկայունությունից։ Այդ վախը արգելափակում է ստեղծագործական մտածողությունը, ռիսկային որոշումներ կայացնելու հակումը։ Չնայած նա ուզում է հաջողակ լինել, բայց իրեն շրջանակների մեջ է պահում՝ վախենալով սխալվել ու կորցնել իր ձեռքբերումները։

Առաջին հայացքից կարող է թվալ, որ սթրեսն առաջանում է միայն անբարենպաստ պայմաններում, բայց դա այդպես չէ։ Դրական գործոնի ազդեցությամբ ստեղծված մասնագիտական սթրեսի տեսակ կարող է դիտարկվել հաջողության սթրեսը։ Երբ մարդը շատ ժամանակ ու ջանք է ներդնում իր միտքն իրագործելու համար, կարող է առաջանալ մի շրջան, երբ նա այլևս չի հասկանում իր գործողությունների իմաստը, դադարում է ընկալել իր կատարած աշխատանքի արժեքը և սկսում է ապատիա զգալ։ Այդ ամենը կատարվում է այն պատճառով, որ ակնկալիքները չեն արդարացվում, և մարդուն թվում է, որ ինքը իր ներդրած ջանքերի համեմատ քիչ արդյունք է ստացել։ Հաջողության սթրեսի մեջ չընկնելու համար պետք չէ ողջ ներուժը ներդնել մի գործի մեջ, իսկ հաջողության հասնելուց հետո պետք չէ բավարարվել եղածով, պետք է նոր նպատակներ սահմանել և հասնել դրանց։

Մրցակցության հետ կապված մասնագիտական սթրեսԽմբագրել

Մրցակցության մեջ ոչ բոլոր աշխատակիցներն են կարողանում դիմադրել ճնշմանը և չկորցնել իրական արժեքները։ Հասարակության մեջ նյութական բարիքների համար մղվող պայքարը ստիպում է մարդուն հնարավորինիս շատ գումար աշխատել, որպեսզի մյուսներից ոչնչով հետ չմնա։ Իհարկե, հեղինակություն ձեռք բերելը և ինքնահաստատվելը չպետք է վերջին տեղում լինեն, բայց այդ հարցում ներդաշնակություն է պետք։ Առանց հանգստի, լիցքաթափվելու և ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու այդ մրցավազքին մասնակցելը կարող է հանգեցնել անցանկալի հետևանքների։

Ենթարկման սթրեսԽմբագրել

Հոգեբանորեն աշխատակիցները բաժանվում են երեք տիպի՝ «կատարողներ», «մասնագետներ» և «կառավարիչներ»։ «Կատարողը» վախենում է պատասխանատվություն վերցնելուց, որևէ տիպի որոշում կայացնելուց և դեմ չէ ենթարկվել այն մարդուն, որն իր վրա կվերցնի այդ բեռը։ Նա միայն ցանկանում է կատարել աշխատանքի իր մասը։ Այս տեսակի աշխատակիցները սթրես չեն տանում ուրիշներին ենթարկվելիս։

«Մասնագետը», ընդհակառակը, չի վախենում պատասխանատվությունից և որոշումներ կայացնելուց։ Նման աշխատակցին ազատություն է անհրաժեշտ, այդ իսկ պատճառով նա հակված է ենթարկման սթրես ունենալու։

«Կառավարիչը» մարդկանց ղեկավարելու ժամանակ անհարմարություն չի զգում՝ ի տարբերություն նախորդ երկու տիպերի։ Նա էլ, «մասնագետի» պես, չի վախենում պատասխանատվություն վերցնելուց և որոշումներ կայացնելուց։ Նման տիպի մարդիկ ձգտում են իշխանության և կառավարման, այդ իսկ պատճառով ենթարկվելիս սթրես են ապրում։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Бодров В. А. Информационный стресс: Учебное пособие для вузов. — М.: ПЕР СЭ, 2008. — 352 с.
  2. 2,0 2,1 Китаев-Смык Л. А. Психология стресса. — Москва 2003. — 541 с.
  3. Леонова А. Б. На грани стресса // В мире науки, № 10, 2004.
  4. 4,0 4,1 Леонова А. Б. Основные подходы к изучению профессионального стресса // Вестник МГУ. Серия 14. Психология. 2000. № 3. С. 4- 21. 15.
  5. 5,0 5,1 5,2 Мельникова М. Л. Психология стресса: теория и практика : учебно-методическое пособие — Урал. гос. пед. ун-т; науч. ред. Л. А. Максимова. — Электрон. дан. — Екатеринбург : [б. и.], 2018.
  6. Леонова А. Б., Кузнецова А. С. Глава 13. Функциональные состояния и работоспособность человека в профессиональной деятельности / Психология труда, инженерная психология и эргономика. Учебник для академического бакалавриата / под ред. Е. А. Климова, О. Г. Носковой и Г. Н. Солнцевой. М.: Юрайт, 2015. С.328-330.