Բացել գլխավոր ցանկը

Արժեքը, աշխարհի յուրահատուկ ընկալումն է, որը ձևավորվում է ոչ միայն ձեռք բերված գիտելիքի և ինֆորմացիայի, այլև սեփական կենսափորձի հիման վրա։

Մշակույթը խիստ կապված է մարդու արժեհամակարգի հետ։ Նեղ իմաստով՝ արժեքը մարդու համար իրի, առարկայի կամ երևույթի դրական նշանակությունն է։ Արժեքը մարդու վերաբերմունքն արտահայտող ցուցանիշ է, որի կարևոր կատեգորիաներից են ՝ հավատն ու սերը։

Հավատը ծնում է հույս և մղում մարդուն ապրելու, ստեղծելու, արարելու։ Հավատը դառնում է կողմնորոշիչ մարդու կյանքի և գործունեության համար։ Մարդիկ քանի դեռ ապրում են՝ հավատում են, քանի դեռ հավատում են՝ ապրում են։

Սերը մյուս մարդկանց հետ միավորվելու ձգտումն է։ Սիրո մեջ միավորվում են մարդու արժեքային պատկերացումները։ Այն բաղկացած է մի քանի մակարդակներից։ Այլասիրությունը ուրիշին սիրելու, իսկ եսասիրությունը սեփական անձը սիրելու երևույթն է։

Նաև կան սիրո առանձնացված դրսևորումներ։Օրինակ սերը անհավասարների միջև, երբ միայն տալիս ես՝ առանց վերադարձի ակնկալիքի։ Սիրո այդ ձևն անվանում են մայրական։

Հաջորդը սերն է հավասարների միջև, երբ ինչքան տալիս, նույնքան ստանում ես։ Օրինակ՝ եղբայրական սերը։

Սերն անհատական ընտրողական զգացում է, որը դրսևորվում է խորը և կայուն ապրումներում։ Ըստ Հեգելի՝ սիրո ճշմարիտ էությունն այն է, որ հրաժարվես ինքդ քեզ գիտակցելուց, մոռանաս քեզ ուրիշի <<Ես>>-ի մեջ և այնուամենայնիվ , այդ կորսվածության ու մոռացվածության մեջ առաջին անգամ գտնես և տիրապետես քեզ։

Սերն ապրում է, որն ըստ Հեգելի չի հենվում խորհրդածությունների և դատողականության վրա, այլ բխում է զգացմունքից։ Սերը խիստ անհատական և անկրկնելի ապրում է։

Ամեն մեկը յուրովի է սիրում։ Սիրո մեջ մարդն ավելի պահանջկոտ է դառնում ինքն իր նկատմամբ, ձգտում ինքնակատարելագործման։Ահա թե ինչու սերը մշակութային և գեղեցիկ երևույթ է։

Հաճախ արժեք է համարվում ճշմարտությունը, հատկապես բարու և գեղեցիկի հետ կապվելիս։ Բարու, գեղեցիկի, արդարի միասնության սկզբունքը գալիս է Սոկրատեսից,ով փիլիսոփայական գիտելիքը բաժանում է տեսականի(որի կրողը նա համարում է ճշմարիտը ),գործնականի (բարին),գեղարվեստականի (գեղեցիկը)։

Ճշմարտությունը միայն որոշակի սոցիալ-մշակութային պայմաններում է ձեռք բերում արժեքային նշանակություն, իսկ գոյաբանական և իմացաբանական իմաստներով ըմբռնված ճշմարտությունը արժեքաբանորեն չեզոք են։ Կյանքում հաճախ ճշմարտությունը զոհաբերվում է արժեքներին։ Եթե Արիստոտելն առաջնորդվում էր <<թեև Պլատոնը բարեկամս է, բայց ճշմարտությունը թանկ է>> սկզբունքով, ապա շատերն առաջնորդվում են << թեև ճշմարտությունը թանկ է, բայց Պլատոնը բարեկամս է>> սկզբունքով։

Արժեքների տարբերակումըԽմբագրել

Արժեքները բավարարում են սուբյեկտի կենսական պահանջմունքները և իմաստավորում են կյանքը։ Սուբյեկտի արժեքները միավորվելով կազմում են մի ամբողջական համակարգ։ Անձի մասին կարելի է դատել նրան առավել բնորոշ արժեքներով, որոնք գոյացնում են անձի ներաշխարհը։ Իսկ ինչ վերաբերում է ազգային արժեքներին, դրանք բախտորոշ նշանակություն ունեն և ձևավորվում են պատմական զարգացման ընթացքում, կազմում ներկա կեցության հիմքը և բնականոն գոյության ու անխափան զարգացման երաշխիքը։ Ազգին հատուկ արժեքներն արտացոլվում են նրա ինքնագիտակցությանը տարբեր ձևերում՝ արվեստի, փիլիսոփայության, բարոյականության, կրոնական պատկերացումների բանահյուսության մեջ։ Ազգի արժեհամակարգը պետք է յուրացնի յուրաքանչյուր անհատ հանրության մեջ բնականոն գործելու համար։ Այսպիսով անհրաժեշտ է տարբերակել արժեք-միջոց և արժեք-նպատակ հասկացողությունները։ Օրինակ <<իշխանությունը>>, մի բան է որպես միջոց, մեկ այլ բան որպես՝ նպատակ, նմանապես փողը և փառքը։ Երբ իշխանությունը, փողն ու փառքը դառնում են անձի գերագույն արժեք, դա հիվանդագին և ախտածին երևույթ է, մինչդեռ որպես միջոց դրանք համարվում են կյանքի ընդունելի ու անհրաժեշտ տարրեր։

Առանձնացնենք նաև արժեք-արժանիքները, որոնք անձի համար ոչ միայն կենսականորեն անհրաժեշտ բարիք են, այլ նաև ցանկալի հատկություն։ Արժեք-արժանիքների ըմբռնումը կարևոր է <<անհատ-ազգ>> փոխհարաբերությունների կարգավորման առումով։ Բոլոր անձնային հատկությունները հանդիսանում են տվյալ անձի արժանիքները, մասնավորապես <<հաստատակամություն>>, <<աշխատասիրություն>>, <<համբերատարություն>> և այլն։ Պետք է տարբերակել ազգային արժանիքներ հասկացողությունը, որում առանձնանում է ազգային-պետական միաբանության ապահովումը։ Միաբանության ապահովման մեջ վճռորոշ դեր են խաղում երեք հիմնական արժեք-արժանիքներ՝ արժանապատվություն, արդարամտություն, աշխատասիրություն։

Արժանապատվությունը սեփական <<Ես>>-ի արժեքի գիտակցումն է։ Դա անձի վարքի, արարքների, իրավունքների գնահատականն է, անձի ինքնագնահատականը։

Ազգային արժանապատվությունը սեփական ազգի արժանիքների, վաստակի, իրավունքների գիտակցումն է, ինքնահարգանքը՝ որպես ազգի ներկայացուցիչ։

Արդարամտությունը այլոց ճշմարիտ, արդարացի գնահատումն է։ Եթե արժանապատվությունը անձի հարգանքն է իր հանդեպ, ապա արդարադատությունը հարգանքն է ուրիշների հանդեպ։ Այսպիսով արդարամտությունը ոչ միայն անդրադառնում է մեր սեփական ինքնագնահատականի վրա, այլ նաև ազդում է դրա վրա։

Աշխատասիրությունը աշխատանքի հանդեպ անձի դրական վերաբերմունքն է։ Այն բացառիկ կարևորություն ունի և առաջընթացի գլխավոր նախադրյալն է։ Վերը նշված արժեք-արժանիքները խիստ փոխկապակցված են և դրանցից յուրաքանչյուրի բացակայությունը հանգեցնում է որևէ էական խնդրի առաջացման։

Այսպիսով պետք է հաշվի առնել, որ մշակույթն ու արժեքը չեն նույնանում, բայց և այնպես մշակույթում ստեղծված լավագույն հատկանիշը արժեքն է։ Այն անհատներն ու ազգերը, ոոնք ապրում են արժեքների գերակայությամբ բարձր ոգեղեն հատկանիշներով ապրող ազգեր և անհատներ են, իսկ երբ նվազում են արժեքները վրա է հասնում ոգու սովը։Ոգեղենությունը պեք է հատուկ լինի բոլորին, հատկապես՝ մտավորականությանը, որը համարվում է ազգի ինտելեկտուալ խիղճը։

ԾանոթագրություններԽմբագրել

Ա․ Հ․ Սարգսյան, Վ․ Միրզոյան, Մշակութաբանություն։ ՈՒս․ ձեռնարկ․-Երևան։ Տնտեսագետ,2007․- էջ 28-38