Մայիսյան թագուհի (լուսանկար)

«Մայիսյան թագուհի» (անգլ.՝ «The Queen of May», Փրինսթոնի համալսարանի գրադարանի քարտադարանում՝ անգլ.՝ «Alice Liddell, daughter of the Dean of Ch. Ch.»՝ «Ալիս Լիդլ՝ [քոլեջի] դեկան Քր[այսթ]-Չ[յորչ]ի դուստրը», որոշ հրատարակություններում նշվում է որպես անգլ.՝ «Alice P. Liddell (in wreath)»՝ «Ալիս Պ. Լիդլը (ծաղկեպսակով)»), Լուիս Քերոլի բեմադրական նկարը, որտեղ Բրիտանական կղզիներում մայիսմեկյան ժողովրդական տոների հերոսուհու կերպարով պատկերված է Ալիս Լիդելը։

Մայիսյան թագուհի
տեսակԼուսանկար
նկարիչԼուիս Քերոլ
տարի1860
հավաքածուՓրինսթոնի համալսարան
Ծանոթագրություններ
 Queen of May Վիքիպահեստում

Լուսանկարի ստեղծման պատմություն և ճակատագիր խմբագրել

 
Լուիս Քերոլ. Մայիսյան թագուհի, 1860, Մորգանի գրադարան և թանգարան

Լուսանկարը ներառված է Փրինսթոնի համալսարանի գրադարանի հավաքածուում, ինվենտարային համարն է Z-PH-LCA-III.5։ Այնտեղ անունը ձևակերպված է որպես «Ալիս Լիդլ՝ [քոլեջի] դեկան Քր[այսթ]-Չ[յորչ]ի դուստրը» (անգլ.՝ «Alice Liddell, daughter of the Dean of Ch. Ch.»)։ Լուսանկարը գտնվում է Լուիս Քերոլի III ալբոմում (տեղակայված է 5-րդ էջում)։ Չափսերն են՝ 8 1/2 x 11 սանտիմետր։ Ստեղծված է ալբումինի լուսանկարչական թղթի վրա թաց կոլոդիոն պրոցեսի տեխնիկայով[1]։ Լուսանկարի մեկ այլ օրինակ գտնվում է Մորգանի գրադարան և թանգարանում (այն հանդիսանում է Փրինսթոնի համալսարանի լուսանկարի պոզիտիվի հայելային արտացոլումը)[2]։ Այն հավաքածուի մաս է դարձել Արթուր Ա. Հոութոնի նվիրատվության շնորհիվ[3]։

Այս լուսանկարի մեկ այլ պոզիտիվ ներառվել է Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանի 1955 թվականի «Մարդկային ցեղ» (անգլ.՝ «The Family of Man») միջազգային ցուցահանդեսի ցուցադրության մեջ։ Նախագծի պատասխանատուն եղել է Էդվարդ Սթայհենը։ Ցուցահանդեսի ժամանակ ներկայացվել են 68 երկրների 503 լուսանկարներ, որոնք եղել են 273 լուսանկարիչների աշխատանքներ։ Վիկտորյանական Մեծ Բրիտանիան ներկայացվել է Քերոլի «Մայիսյան թագուհին» (1860) լուսանկարով[4]։ Ցուցադրությունը շրջել է ողջ աշխարհում ավելի քան ութ տարի և ցուցադրվել վեց մայրցամաքների երեսունյոթ երկրներում։ Լուսանկարը ներկայումս մշտական հիմունքներով ցուցադրվում է որպես այս հավաքածուի մաս Կլերվոյի ցուցասրահում[5]։

Մեկը մյուսի հետևից արված «Մայիսյան թագուհին» և «Ալիս Լիդել» լուսանկարներում արվեստաբան Ռոբերտ Դուգլաս-Ֆերհերստը տեսնում է Քերոլի և Ալիս Լիդելի աճող մտերմության ապացույցներ։ 1860 թվականի մայիսին կամ հունիսին Քերոլը նրան լուսանկարել է ծաղկեպսակ դրած՝ մայիսյան թագուհու կերպարով. դա ոչ հայտնի անձի, այլ մասնավոր անձի առաջին դիմանկարն էր, որոնց Քերոլը փորձում էր նկարել նախկինում։ Քերոլի III ալբոմը բացվում է այնպիսի խոշոր դեմքերի լուսանկարներով, որոնք են Ալֆրեդ Թեննիսոնը և Դանիայի կրոնպրինց Ֆրեդերիկը։ «Միսս Ալիս Լիդելը»,- գրել է Քերոլն իր ալբոմի սկզբում մատիտով, իսկ ավելի ուշ արդեն թանաքով նա մակագրությունը ավելի քիչ պաշտոնական է դարձրել՝ «Ալիս Լիդել»։ Լուսանկարը հիմնված է Ալֆրեդ Թեննիսոնի 1833 թվականի «Մայիսյան թագուհի» բանաստեղծության սյուժեի վրա[6]։ Նույն ժամանակներում, բայց ավելի ուշ ստեղծվել է նաև «Ալիս Լիդելը և ձարխոտը» լուսանկարը[7]։ Արվեստաբան Ռոբերտ Դուգլաս-Ֆերհերստը նշում է, որ հնարավոր է, որ Քերոլն իր առջև կոնկրետ տեխնիկական նպատակներ է դրել այս երկու լուսանկարներում[6].

  • այդ ժամանակներում դժվար էր համարվում կանաչ գույնի լուսանկարահանումը (այս լուսանկարում՝ աղջկա գլխի ծաղկեպսակը),
  • երկարատև պահաժամի պայմաններում չափազանց դժվար է եղել դրոշմել Ալիսի շուրթերի կիսաժպիտը, որն էլ փորձում էր իրականություն դարձնել Քերոլը։

Քերոլի արվեստի փորձագետ կարծիքով՝ աղջկա ծաղկեպսակը կարող է հումորային ակնարկ լինել վիկտորյական դարաշրջանի մանկավարժների ընդհանուր գաղափարի վերաբերյալ, որ երեխաները շատ նմանություններ ունեն բույսերի հետ՝ բնական են, գեղեցիկ և վայրի, այս տեսանկյունից զգալի ժամանակ և ջանք է պահանջվում, որպեսզի այդ բույսերին «ընտանիացնեն» և «քաղաքակիրթ դարձնեն» (կրթել և վարժեցնել նրանց ճիշտ ուղղությամբ)[8]։

Դիպաշարային հիմք. մայիսյան թագուհու կերպարը ֆոլկլորային ավանդույթներում և Թեննիսոնի բանաստեղծությունում խմբագրել

 
Մայիսյան թագուհին և նրա արքունիքը, Բրիտանական Կոլումբիա, մոտ 1887
 
Մայիսի 1-ի տոնակատարությունը Նյու Վեսթմինսթրում,Բրիտանական Կոլումբիա, Կանադա, 1913

Մայիսյան թագուն աղջիկ է, որ Բրիտանական կղզիներում մայիսմեկյան ժողովրդական խաղերում իր գեղեցկության համար ընտրվում է որպես «թագուհի», իսկ որպես թագ կրում է ծաղկեպսակ[9]։ Ժողովրդական մայիսյան տոնը Մեծ Բրիտանիայում նշվում էր մայիսի առաջին կիրակի օրը մայիսյան ծառի շուրջ պարերով և մայիսյան թագուհու թագադրմամբ։ Շրջանի ամենագեղեցիկ աղջիկը դառնում էր մայիսյան թագուհի, նա խորհրդանշում էր երիտասարդությունը և գարնանը բնության զարթոնքը, իսկ մայիսյան թագուհին ընտրում էր իր իշխանակցին՝ մայիսյան թագավորին, ինչպես նաև թագուհու շքախմբի օրիորդներին։ Մայիսի մեկին կելտերը տոնում էին Բելթեյնը, այդ օրը խարույկ էին վառում արևի աստծո պատվին։ Ապրիլի վերջին՝ մայիսի սկզբին, տեղի էր ունենում Ֆլորալիան, Հին Հռոմում այդ տոնը գարնան հռոմեական աստվածուհի Ֆլորայինն էր, որը նշվում էր ապրիլի 28-ից մայիսի 3-ը։ Տոնակատարության մասնակիցները ծաղկե դրասանգներ էին կախում։ Հեթանոսական ավանդույթները պահպանվել են նաև Բրիտանական կղզիներում քրիստոնության ընդունումից հետո[10]։ Միջնադարում տոնի ժամանակ եկեղեցին զարդարել են ոստերով և գոհաբանական աղոթքներում փառաբանել Աստծուն, որ «թույլ է տվել իրենց նորից տեսնել ողջ բնության նորոգության ուրախ օրերը»[11]։

Տոնակատարության ժամանակ շքերթեր են անցկացվել, որը գլխավորել է «կանաչ հագած Ջեքը», որը կրում էր սաղարթներով և ծաղիկներով զարդարված հյուսած վանդակ, երթի մասնակիցները նվագում էին եղջյուրներով և թիթեղյա փողերով, իսկ ափամերձ տարածքներում դրա համար օգտագործում էին խեցիներ։ Կանաչ հագած Ջեքի կողքին պարում էին մայիսյան թագավորն ու թագուհին՝ իրենց շքախմբի ուղեկցությամբ։ Եղել են առանձին շրջաններին բնորոշ հատուկ արարողություններ։ Մեն կղզում մինչև 18-րդ դարի վերջը մայիսյան թագուհին ու ձմեռային թագուհին հանպատրաստից կատակ կռիվ էին անում։ Ձմռան դերը սովորաբար խաղում էր կանացի զգեստ հագած տղամարդ։ Եթե Ձմռանը հաջողվում էր գրավել մայիսյան թագուհուն, ապա նրա շքախումբը պետք է փրկագներ իր թագուհուն։ Այդպիսի մարտեր անցկացվել են Ուելսում, այնտեղ այդ պայքարին կարող էին մասնակցել միայն տղամարդիկ։ Ձմեռը կրում էր մորթով երիզված կաֆտան և մորթե գլխարկ, իսկ ձեռքին կար մամուխից գավազան ու վահան՝ ոչխարի բրդի սոսնձված կտորներով, որոնք պատկերում են ձյուն։ Նրա հակառակորդի՝ մայիսյան թագուհու հագուստն էր՝ սպիտակ վերնաշապիկ՝ փաթաթված ծաղկաշղթաներով և լայնեզր գլխարկ, որպես գավազան օգտագործում էր ուռենու ճյուղ։ Ձմեռվա զորքերը թշնամու վրա չոր ծղոտ ու ցախ էին նետում, ամառվա բանակը կռվում էր կեչու ոստերով և ձարխոտի ընձյուղներով։ Ամառվա հաղթանակի դեպքում այդ բանակի հրամանատարը նշանակվում էր թագավոր, իսկ դրանից հետո նա ընտրում էր իր թագուհուն[10]։

Հարավարևելյան Իռլանդիայում մայիսի 1-ին տասներկումամսյա ժամկետով թագուհի էր ընտրվում ամենագեղեցիկ աղջիկը։ Նրա գլուխը զարդարում էին վայրի ծաղիկներով, տեղի էին ունենում խնջույքներ, պարեր և գյուղական մրցույթներ, տոնն ավարտվում էր մեծ երթով։ Եթե մինչև հաջորդ մայիսյան տոնը թագուհին ամուսնանում էր, ապա նա կորցնում էր իր լիազորությունները, բայց նոր թագուհին ընտրվում էր միայն հաջորդ տոնի ժամանակ։ Ուորիքշիրի հարավային շրջանի Գիլֆորդ քաղաքում մայիսի մեկին երեխաները տնից տուն էին գնում՝ զույգերով հետևելով թագավորին և թագուհուն։ Երկու տղաները տանում էին մայիսյան սյունը՝ մոտ երկու մետր բարձրությամբ, ծածկված ծաղիկներով և կանաչապատ։ Երեխաները երգում են մայիսյան երգեր և ստանում նվերներ կամ փող, որոնք ծախսվում էին դպրոցում թեյի երեկույթ կազմակերպելու վրա։ Նման տոնակատարությունները տարածված էին նաև մայրցամաքային Եվրոպայում[12]։

Տոնն իր գագաթնակետին է հասել Հենրի VIII թագավորի օրոք, երբ արքունիքը և բարձրագույն հոգևորականությունը մասնակցում էին տոնակատարությանը, բայց կապիտալիզմի զարգացման հետ մեկտեղ այն անկում է ապրել։ 19-րդ դարի կեսերին մայիսյան թագուհու տոնի վերածննդի գործում մեծ ներդրում է ունեցել արվեստաբան Ջոն Ռասկինը, նրա ջանքերի շնորհիվ այն սկսել է նշվել Բրիտանիայի դպրոցներում, հատկապես կանանց[11]։

Ալֆրեդ Թեննիսոնն իր «Մայիսյան թագուհի» եռապատկեր բանաստեղծությունը հրապարակել է 1833 թվականին, որն ընդգրկվել է Թեննիսոնի երկհատոր ժողովածուի «Անգլիական հովվերգություն» բաժնում։ 19-րդ դարում բանաստեղծի ամենահայտնի ստեղծագործություններից մեկն է։ Ըստ Դ. Ժատկինի և Վ. Չեռնինի՝ Թեննիսոնը բանաստեղծության մեջ օգտագործել է մայիսի 1-ը նշելու հնագույն ավանդույթը։ Բրիտանական ժողովրդական հավատալիքների համաձայն՝ մայիսի թագուհին պետք է զոհաբերվեր տոնակատարության ավարտից անմիջապես հետո։ Այս հնագույն սովորույթի ճշմարտացիությունը մասնագետների մոտ կասկածներ է առաջացնում, սակայն հնարավոր է հենց նրա վրա է հենվել Թեննիսոնը իր բանաստեղծական եռապատկերի ստեղծման ժամանակ, որի առաջին մասը «Մայիսյան թագուհի» խորագրի ներքո, ինչը վերաբերում է նաև ամբողջ ստեղծագործությանը, նվիրված է Էլիս անունով աղջկա ուրախության նկարագրությանը, որը պետք է դառնար մայիսի թագուհի, իսկ երկրորդ («Ամանորի նախօրեին») և երրորդ («Ավարտ») մասերը պատմում են հերոսուհու հիվանդության և մահվան մասին։ Նիկոլայ Զոլոտնիցկին այլ կերպ է ընկալել այս բանաստեղծության սյուժեն։ Նրա կարծիքով՝ Էլիսը, մայիսի թագուհի ընտրվելուց շատ տարիներ անց տառապելով հիվանդությունից, հիշում է այդ իրադարձությունը որպես իր կյանքի ամենանշանակալից դեպքը[11]։

1860-1870-ական թվականներին Ալեքսեյ Պլեշչեևը «Հայրենական գրառումներ» ամսագրում թարգմանել և հրատարակել է Թեննիսոնի եռապատկեր բանաստեղծության առաջին և երկրորդ մասերը, պահպանելով «Մայիսյան թագուհի» անվանումը ամբողջ բանաստեղծության համա։ Նա առաջին մասը վերնագրել է «Սպասում» և իսկ երկրորդ մասին անվանումը մեկնաբանել է որպես «Նոր տարվա երեկո»[13][14]։ Գոյություն ունի նաև եռապատկերի ռուսերեն թարգմանությունը՝ Մ. Վինոգրադովայի և Ս. Լիխաչևայի («Ջորդան Կատար» կեղծանունով) միջոցով[15]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Alice Liddell, daughter of the Dean of Ch. Ch». Princeton University Library. Department of Rare Books and Special Collections. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 6-ին.
  2. Kennedy, Randy Looking at the Birth of Lewis Carrolls 'Alice' 150 Years Old(անգլ.) // The New Yorck Times : Газета. — 2015. Архивировано из первоисточника 31 Հուլիսի 2018.
  3. Ferro, Shaunacy (2015 թ․ հուլիսի 7). «12 Absurd Facts About Alice in Wonderland». Mental Floss. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 6-ին.
  4. The Family of Man: The greatest photographic exhibition of all time — 503 pictures from 68 countries—created by Edward Steichen for the Museum of Modern Art. — New York: Museum of Modern Art, Maco Magazine Corporation, 1955. — С. 193. — 196 с.
  5. Бикмурзина, Элла Игры разума рождают Льюиса Кэрролла. Сказки эксцентричного математика об Алисе ученые расшифровывают по сей день // Вокруг света : Журнал. — 2006. Архивировано из первоисточника 6 Մայիսի 2017.
  6. 6,0 6,1 Douglas-Fairhurst, 2015, էջ 144
  7. Демурова Н. М. Льюис Кэрролл. — М.: Молодая гвардия, 2013. — С. 156. — 416 с. — (Жизнь замечат. людей). — ISBN 978-5-235-03568-3
  8. Douglas-Fairhurst, 2015, էջ 95
  9. Karras, Thomas Concise English Russian Phrase Book. — Slavica Pub, 1995. — 110 с. — ISBN 9-780-8935-7260-0
  10. 10,0 10,1 Коути, Харса, 2012, էջ 111—113
  11. 11,0 11,1 11,2 Золотницкий Н. Ф. Незабудка // Цветы в легендах и преданиях. — М: Рипол Классик, 2013. — С. 275—278. — 324 с. — ISBN 9-785-4584-7133-6
  12. Фрэзер, Джеймс Джордж Глава IX. Пережитки культа деревьев в современной Европе // Золотая ветвь. Исследование магии и религии. — М: Политиздат, 1980.
  13. Жаткин Д. Н., Чернин В. К. Поэтический триптих Альфреда Теннисона. «Королева мая» в переводческом осмыслении А.Н.Плещеева // Вестник Костромского государственного университета им. Н.А. Некрасова : Журнал. — 2009. — Т. 15. — № 3. — С. 72—75. Архивировано из первоисточника 15 Հոկտեմբերի 2016.
  14. Плещеев А. Н. Альфред Теннисон. Королева мая // Отечественные записки : Журнал. — 1871. — Т. 194. — № 1. — С. 369—374.
  15. Жаткин Д.Н. Альфред Теннисон в русской переводческой рецепции поэзии II половины XX — начале XXI века // Международный журнал прикладных и фундаментальных исследований : Журнал. — 2016. — Т. 5. — № 4. — С. 653—656. — ISSN 7082-3907. Архивировано из первоисточника 4 Օգոստոսի 2020.

Գրականություն խմբագրել