Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղուկասյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Համբարձում Սերգեյի Ղուկասյան (սեպտեմբերի 22, 1957(1957-09-22), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գեղանկարիչ։

Համբարձում Ղուկասյան
Ի ծնեՀամբարձում Սերգեյի Ղուկասյան
Ծնվել էսեպտեմբերի 22, 1957(1957-09-22) (66 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ

Կենսագրություն խմբագրել

1974 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը գերազանցության դիպլոմով։ 1980 թվականին ավարտել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտը գերազանցության դիպլոմով՝ ստանալով գեղանկարիչ-մանկավարժի որակավորում։ 1980-1988 թվականներին աշխատել է Գյումրու Մերկուրովի անվան գեղարվեստի դպրոցում որպես գեղանկարի ուսուցիչ։ 1983 թվականից Խորհրդային Հանրապետությունների նկարիչների Միության անդամ է։ 1984 թվականին ստացել է Սովետական Հայաստանի «Հնգամյակի լավագույն որմնանկար»-ի 1-ին մրցանակ։ 1988 թվականին Հայաստանի ԼԿԵՄ կենտկոմի «Երիտասարդության գեղագիտական դաստիարակության և հասարակական ակտիվ աշխատանքի համար» պատվոգիր։ 1997 թվականից՝ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի հիմնադրման օրվանից մինչ օրս, աշխատում է որպես տնօրեն։ 2008 թվականից Գյումրու ժամանակակից արվեստի կենտրոնի փոխտնօրենն է։ 2007 թվականին ստացել է դոցենտի կոչում։ 2006 թվականին ստացել է «Մշակույթի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա գիտամանկավարժական գործունեության համար» Հայաստանի Հանրապետության նախագահի շնորհակալագիր։ 2011 թվականին արժանացել է «Կրթության և գիտության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի» ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե հուշամեդալի։ 2013 թվականին Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գիտական խորհրդի 10.07.2013 թ. որոշմամբ Համբարձում Ղուկասյանին շնորհվել պրոֆեսորի գիտական կոչում՝ կերպարվեստ մասնագիտությամբ։

Ունեցել է բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ Հայաստանում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Լեհաստանի տարբեր քաղաքներում, Սիրիայում և այլն։ Նկարչի աշխատանքները գտնվում են տարբեր մասնավոր հավաքածուներում, ինչպես նաև տարբեր պատկերասրահների մշտական ցուցադրություններում։

Գործունեություն խմբագրել

Եթե նկարիչը գիտի, թե ինչ չի ուզում, ապա պետք է անպայման իմանա, թե իրականում ինչ է ուզում։ Նկարիչը դատապարտված է, եթե փնտրում է և գտնում ինքն իրեն…Այդպիսի նկարիչ է Համբարձում Ղուկասյանը։ «Ժամանակ» գեղանկարչական շարքում արվեստագետ Համբարձում Ղուկասյանի համար միջոց է արտահայտելու այն լուռ թատերախաղը, որը շարունակական խոսակցություն է սիրո, գեղեցկության, հավերժության մասին, որոնցում ընդգծվում են փիլիսոփայական խոհերը մարդկային հարաբերությունների, ակտիվության, մենակության մասին ժամանակի մեջ։ Ժամանակը մի բան է, որը հզոր է, անսահման և փորձառու ամեն ինչից։ Արվեստագետը այստեղ ժամանակի համար ժամանակի հետ պայքարում փորձում է մնալ ժամանակի մեջ, ժամանակից դուրս։ «Դեպի հավերժություն» շարքում՝ Համբարձում Ղուկասյանի ստեղծագործական գործունեությանը բնորոշ է աշխարհը նորովի դիտարկելու և նրա թե հավերժության, թե առօրյա երևույթների ու խնդիրների մասին արվեստի միջոցով խոսելու գեղարվեստական նպատակասլացության միտումը, որը կրկին ծառայում է կյանքին։ Նրա այս ստեղծագործություններում առկա է այն զորավոր ակունքներից բխող գաղափարը, որտեղ միֆը, բնությունը, հիշողությունը՝ միախառնված ձգտում են դուրս գալ տիեզերական հավերժության ոլորտ։ Այդ ոլորտն են ձգտում Ամենափրկիչը՝ հաղթանակած և Հաղթանակը/Նիկեն/՝ նույնիսկ փշրված վիճակում։ Նրա արվեստում գույնը այլևս բովանդակություն է, բովանդակությունը՝ գույն։ Գունային մտորումներում Համբարձում Ղուկասյանը հասնում է կոլորիտի և իմաստի միաձույլ բյուրեղացման ու ճանաչելիության։ Հետերկրաշարժյան տարիների հիշողության մեջ նա ոտքի տակի հողի գույնը ընկալում է շնչող, զգացող, իսկ բույսերի կանաչը՝ զրնգուն, պայթող, պայթեցնող բովանդակություն։

Անհատական ցուցահանդեսներ խմբագրել

  • 2013 թ. - Հայաստանի Հանրապետություն, ք. Գյումրի, «Ստիլ» պատկերասրահ
  • 2004 թ. - Սիրիա ք. Հալեպ
  • 1998 թ. - Ֆրանսիա, ք. Կանն
  • 1996 թ. - Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան - Կամերային թատրոնի ցուցասրահ
  • 1996 թ. - Հոլանդիա, ք. Դեն Հագեն
  • 1995 թ. - Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան - Երվանդ Քոչարի թանգարան
  • 1992 թ. - Լեհաստան, ք. Լուբլին
  • 1991 թ. - Լեհաստան, ք. Վարշավա
  • 1990 թ. - Լեհաստան, ք. Խելմ
  • 1989 թ. - Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան - Երևանի ժամանակակից արվեստի թանգարան