Ավետիս Ղլիճենց Երևանցի, (ծննդյան թիվն անհայտ, Սպահան–1682 թվականից հետո), վաճառական, հրատարակիչ։

Ավետիս Ղլիճենց
Ծնվել էԱնհայտ
ԾննդավայրՍպահան
Վախճանվել է1682 թվականից հետո

Կենսագրություն խմբագրել

Ոսկան Երևանցու եղբայրն է։ Ամստերդամում Մատթեոս Ծարեցու տպագրական գործունեությանն աջակցելու նպատակով փակել է նրա տպարանի պարտքերը, նախապես Ծարեցու հետ պայմանավորվելով՝ տպարանը կոչել Սուրբ Էջմիածնի և Սուրբ Սարգսի անվան, և կտակել է Սուրբ Էջմիածնի և Ուշիի Սուրբ Սարգիս զորավար վանքերին (այդ անվամբ տպարանը գործել է շուրջ 28 տարի)։ Ծարեցու մահվանից հետո ստանձնել է տպարանի տնօրինությունը, ավարտել է նրա սկսած Ներսես Շնորհալու «Յիսուս Որդի» պոեմի տպագրությունը (1660–1661 թվականներ)։ Տպագրական գործը շարունակելու նպատակով դիմել է Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսին՝ եղբորը՝ Ոսկանին, Ամստերդամ ուղարկելու խնդրանքով։ Ավետիս Ղլիճենց ստիպված է եղել տպարանում կատարել նաև սրբագրական աշխատանք՝ չտիրապետելով գրաբարին։ Տպագրել է «Տետր ժամու եւ պարզատօմարի» (1661 թվական) համառոտ ժամագիրքը, Կարապետ Անդրիանացու հետ՝ Սաղմոսարան (1661–1662 թվական), Ժամագիրք (1662–1663 թվական), նաև վերջինիս «Այբբենարանը» (1662 թվական)։ 1663 թվականին, տպարանի և տպատառերի փոխանցման փաստաթուղթը պատրաստելուց հետո, Ավետիս Ղլիճենց մեկնել է Զմյուռնիա։ 1664 թվականին տպարանի տնօրինությունն ստանձնել է Ոսկան Երևանցին, որին տպագրության գործում շարունակել է օգնել Կարապետ Անդրիանացին։ Հետագայում վերադարձել է Ամստերդամ՝ աջակցելու եղբորը։

Գրականություն խմբագրել

  • Զարբահանալեան Գ., Պատմութիւն հայկական տպագրութեան, Վենետիկ, 1895 թվական։
  • Սարուխան Ա., Հոլլանդան եւ հայերը 16-19 դարերում, Վիեննա, 1926 թվական։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։