Ձյունապտղիկ սովորական

բույսերի տեսակ
Ձյունապտղիկ սովորական
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Տորոնածաղկավորներ
Ընտանիք Ցախեկեռասազգիներ
Ցեղ Ձյունապտղիկ
Տեսակ Ձյունապտղիկ սովորական
Լատիներեն անվանում
Symphoricarpos orbiculatus


Ձյունապտղիկ սովորական (լատին․՝ Symphoricarpos orbiculatus), ցախեկեռասազգիների ընտանիքի, ձյունապտղիկ ցեղի բույս։

Նկարագրություն

խմբագրել

Տերևաթափ թուփ է` 0.5-2 մետր բարձրությամբ, բաց դարչնագույն կամ ծիրանագույն ճյուղերով։ Երիտասարդ ընձյուղները մազմզուկապատ են։ Բազմամյա ճյուղերի կեղևը մոխրավուն է, երկարավուն շերտերով անջատվող։ Տերևները հաստ են, էլիպսաձև, ձվաձև կամ համարյա կլորավուն, 1.5-3.5 (երբեմն՝ 6) սմ երկարությամբ, 3-4 սմ լայնությամբ, բութ կամ սրավուն գագաթով և կլորավուն հիմքով, ամբողջաեզր կամ ալիքաեզր, վերևի կողմից՝ մուգ կանաչ, մերկ կամ նոսր մազմզուկապատ, փոս ընկած ջղերով, ներքևի կողմից՝ բաց կանաչ կամ կապտավուն, նուրբ բրդանման աղվամազապատ, դուրս ցցված ջղերով։ Կոթունները կարճ են, 0.2-0.4 սմ երկարությամբ։ Ծաղիկները հավաքված են բազմածաղիկ, խիտ ու կարճ ծոցային ողկույզներում։ Բաժակն ունի 5 եռանկյունի, թարթիչաեզր ատամիկներ, որոնք պահպանվում են պտուղների վրա։ Պսակը կարճ կամ լայն զանգականման է, ներսի կողմից մազմզուկապատ, կանաչավարդագույն, 0.3-0.4 սմ երկարությամբ, ներքևի մասում փքված, համարյա խողովակին հավասար բլթակներով։ Սռնակը մազմզուկապատ է։ Պտուղը էլիպսաձև է, կորալլա կամ ծիրանակարմիր, կապտավուն խավով, 0.4-0.7 սմ երկարությամբ և 0.4-0.5 սմ լայնությամբ։ Կորիզը ձվաձև է։ Ծաղկում է հուլիսին, պտուղները հասունանում են հոկտեմբեր-դեկտեմբերին։

Տարածվածություն

խմբագրել

Տարածված է Հյուսիսային Ամերիկայում, Նյու Յորքից դեպի հարավ մինչև Ֆլորիդա և արևմուտքում՝ մինչև Տեխաս, Կոլորադո, հարավային Դակոդա։ Սովորաբար աճում է չոր, ավազոտ և քարքարոտ հողերում, գետափերին և արոտավայրերում։ Բավականին ստվերատար է։ Լավ է հարմարվում քաղաքի պայմաններում։ Մեր հանրապետությունում սահմանափակ քանակությամբ է մշակվում, սակայն հեռանկարային է ստորին և միջին լեռնային գոտիների համար[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 279։