Հովհաննես Ոսկերիչյան
Հովհաննես Կարապետի Ոսկերիչյան (մայիսի 6, 1928, Կահիրե, Եգիպտոս - հունվարի 23, 2021, Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ), հայ դերասան։
![]() | |
---|---|
Ծնվել է | մայիսի 6, 1928 |
Ծննդավայր | Կահիրե, Եգիպտոս |
Մահացել է | հունվարի 23, 2021 (92 տարեկան) |
Մահվան վայր | Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան |
Կենսագրություն
խմբագրելՀովհաննես Ոսկերիչյանը ծնվել է 1928 թվականի մայիսի 6-ին, Կահիրեում, Հայոց ցեղասպանությունը վերապրած Կարապետ և Աղավնի Ոսկերիչյանների ընտանիքում։ Հայրը վախճանվել է երիտասարդ տարիքում՝ 35 տարեկան Աղավնիի ուսերին թողնելով 5 երեխաների խնամքը (Հակոբ, Հովհաննես, Խաչո (երկվորյակներ), Մադլեն և Ֆլորա)[1]։
Վաղ տարքից ունեցել է սեր դեպի բեմը։ Կահիրեում առաջին բեմուսույցներն են եղել Խաչիկ Սանտալչյանը, Միքայել Միքայելյանը, Արաքսի Օհանյանը։ Առաջին բեմելը եղել է 1940 թվականին, երբ ուսանել է Կահիրեի հոգևոր դպրոցում։ Միջին Արևելքի բազմաթիվ բեմահարթակներում (Եգիպտոս, Սիրիա, Լիբանան և այլն) խաղացել է տարբեր թատերախմբերի ներկայացումներում՝ «Գիքորը», «Թշվառները», «Շողոքորթն», «Ստվերի մեջ», «Որբուհին», «Ես մարդ էի», «Կարամազով եղբայրները», «Աս էր, թե ան էր», «Սայաթ-Նովա», «Արտիստը» և այլն։ Մարմնավորել է 50-ից ավելի կերպարներ։
1966 թվականին տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ շարունակել է բեմական գործունեությունը։ 1970-ականներին դարձել է Նյու Յորքի Համազգային թատերախմբի անդամ՝ Հրանտ Մարգարյանի ղեկավարութեամբ[1]։ Համագործակցել է ԱՄՆ-ի և Կանադայի հայկական թատերախմբերի հետ։ Համազգայինի Հայ կրթական և մշակութային միության թատրոնի հետ 1991 թվականին Երևանում, Գյումրիում և Վանաձորում մասնակցել է Սփյուռքահայ թատրոնների փառատոնին։ Համագործակցել է նաև ՀԲԸՄ «Արտաշատ», «Թեքեյան» մշակութային միության «Մհեր Մկրտչյան», Նյու Յորքի «Վլադիմիր Քոչարյան» և այլ թատերախմբերի հետ՝ մարմնավորելով շուրջ հինգ տասնյակի հասնող բեմական կերպարներ։
Խաղացել է «Վարդանանք» (Ղևոնդ Երեց), «Փառքի վաշխառուները» (Պերլո), «Սողոմոն Թեհլերյան» (Father Luke), «Աղոթքիս մի խառնվիր» (Մանուկ), «Մորգանի խնամին» (Մենթոև), «Ատամնբույժն արևելյան» (Մարկոս) և այլ ներկայացումներում։ 2015 թվականին Երևանում, Գյումրիում և Վանաձորում մարմնավորել է Վարդան Կարապետի կերպարը, Նյու Յորքի «Վլադիմիր Քոչարյան» թատերախմբի «Հոգիս ձեզմով կխայտա» ներկայացման մեջ՝ նվիրված Հայոց Ցեղասպանության (1915) 100-ամյակին։
Կնոջ՝ բանաստեղծուհի, արձակագիր և թարգմանիչ Թերեզ Ճապրայան-Ոսկերիչյանի[1] հետ զբաղվել է նաև հրատարակչական գործունեությամբ։ 1978 թվականին Նյու Յորքում հիմնադրել են «Ոսկետառ» հրատարակչությունը՝ հրատարակելով ավելի քան երկու հարյուր անուն պարբերաթերթեր, տարեցույցեր, մանկական և այլ գրական ստեղծագործություններ։
Մրցանակներ
խմբագրել- ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալ՝ «Սփյուռքում 75-ամյա ստեղծագործական գործունեության, հայ մշակույթի պահպանմանն ու զարգացմանը նպաստելու, հայապահպանության գործում ներդրած բացառիկ ավանդի համար»,
- Հայաստանի թատերական գործիչների միության ոսկե մեդալ։
Մահ
խմբագրելԲնակվել է ԱՄՆ Ֆիլադելֆիա քաղաքում, որտեղ էլ մահացել է 2021 թվականի հունվարի 23-ին[1]։