Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օր

Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օր (ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներով` անգլ.՝ International Holocaust Remembrance Day, արաբ․՝ اليوم الدولي لإحياء ذكرى محرقة اليهود‎‎, իսպ.՝ Día Internacional de Conmemoración en memoria de las víctimas del Holocausto, չինարեն՝ 国际大屠杀纪念日, ռուս.՝ Международный день памяти жертв Холокоста, ֆր.՝ la Journée internationale de commémoration en mémoire des victimes de l'Holocauste), հիշատակի օր, որ նշվում է հունվարի 27-ին։ Սահմանվել է ՄԱԿԳլխավոր ասամբլեայի կողմից 2005 թվականի նոյեմբերի 1-ին № 60/7 բանաձևով։ Փաստաթղթի ընդունման նախաձեռնությամբ հանդես են եկել Իսրայելը, Կանադան, Ավստրալիան, Ռուսաստանը, Ուկրաինան, ԱՄՆ-ը, իսկ համահեղինակն են եղել ավելի քան 90 պետություն։ Հունվարի 27-ը ընտրվել է այն պատճառով, որ այդ օրը խորհրդային զորքերն ազատագրել են Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարը (գտնվում է ներկայիս Լեհաստանի տարածքում)։

Օսվենցիմ

Բառագործածություն խմբագրել

ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթղթերում Հոլոքոստ բառը գրվում է մեծատառով։ Նման գրությունը կիրառվում է նաև ցանցային ու տպագիր աղբյուրների մեծամասնությունում։ Հարկ է նաև նշել, որ Հոլոքոստ եզրը մեծատառով է գրվում մանկավարժական, գիտական և հանրամատչելի հրատարակություններում։ Համանման ցուցում են պարունակում մասնագիտացված գիտական հետազոտությունները` նվիրված սահմանումներին։

Պատմություն խմբագրել

Առաջին անգամ Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրն ամբողջ աշխարհում նշվել է 2006 թվականին։ Սակայն որոշ երկրներ այդ օրը նշել են և ավելի վաղ։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանը այդ օրն անվանել է «Հոլոքոստի` համընդհանուր նշանակություն ունեցող դասերի հիշատակում, որը չարի աննախադեպ դրսևորում էր, և չի կարելի այն թողնել անցյալում և մոռացության մատնել»։

Իսրայելի նախագահ Մոշե Կացավին հասցեագրված իր ուղերձում, որը նվիրված էր առաջին անգամ Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրը նշելուն, ՌԴ նախագահ Վ․ Վ․ Պուտինը մասնավորապես ասել է. «Միաձայն ընդունված այս որոշման մեջ ես տեսնում եմ նացիստների բարբարոսական հանցագործությունների մասին ճշմարտությունը հետագա սերունդներին փոխանցելու համաշխարհային հանրության ամուր կամքը և մարդկությունը քսենոֆոբիայից, ռասիզմից ու էքստրեմիզմից պահպանելու պատգամը»։

Ամենամյա նշանաբաններ խմբագրել

  • 2017 — «Հոլոքոստի հիշատակին. լուսավորում հանուն մադկության լավագույն ապագայի»
  • 2016 — «Հոլոքոստը և մարդկային արժանապատվությունը»
  • 2015 — «Ազատություն, կյանք և Հոլոքոստը վերապրածների ժառանգությունը»
  • 2014 — «Ուղիներ Հոլոքոստի միջով»

Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրը տարբեր երկրներում խմբագրել

 
Զոհերի հուշահամալիրը Հոլոքոստի 70-րդ տարելիցին, Վիեննա

Հունգարիայում Հիշատակի օրը նշվում է ապրիլի 16-ին։ 1944 թվականի այդ օրը երկրի հրեաներին զանգվածաբար սկսել են տեղափոխել գետտոներ։

Իսրայելում Աղետի ու հերոսության օրը (Յոմ Հա-Շոա) նշվում է հրեական օրացույցով Նիսանի (համընկնում է մարտին) 27-ին` Վարշավյան գետտոյի ապստամբության օրը։ Գրիգորյան օրացույցով այն կարող է համապատասխանել ապրիլի 7-ից մայիսի 7-ն ընկած ժամանակահատվածին։ Նիսանի 27-ն առաջարկել է Իսրայելի վարչապետ Դավիդ բեն Գուրիոնը։

Լատվիայում հրեաների ցեղասպանության զոհերի հիշատակի օրը նշվում է հուլիսի 4-ին։ 1941 թվականի այդ օրն այրել են Ռիգայի բոլոր սինագոգները, մահացել են հազարավոր հրեաներ։

Ռումինիայում Հոլոքոստի զոհերի հիշատակի օրը նշվում է հոկտեմբերի 9-ին (անգլ.՝ National Day of Commemorating the Holocaust): 1941 թվականի այդ օրը սկսվել է Բուկովինայի, Մոլդովայի և Ռումինիայի հրեաների տեղահանությունը համակենտրոնացման ճամբարներ և Տրանսիստրիայի գետտոներ։

Գերմանիան Հոլոքոստի զոհերի հիշատակի օրը նշում է հունվարի 27-ին, ինչպես միջազգային հանրությունը։ 2011 թվականին այդ օրն առաջին անգամ նվիրվել է գնչուների ցեղասպանության զոհերին, և նրան մասնակցել է դաշնային նախագահ Քրիստիան Վուլֆը։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օր» հոդվածին։