Բացել գլխավոր ցանկը

Գնչուների ցեղասպանություն (գնչուների Հոլոքոստ, Պորայմոս – «կոտորած», «ավեր», Սամուդարիպեն – «զանգվածային սպանություն»), նացիստների կողմից կազմակերպված ցեղասպանություն, որ իրականացվել է 1935-1945 թվականներին Գերմանիայում, Երրորդ ռայխի դաշնակից երկրներում և օկուպացված տարածքներում։ Գնչուների ոչնչացումը եղել է նացիոնալ-սոցիալիստների ընդհանուր ծրագրի մաս, որի նպատակն էր գնչուներից բացի ոչնչացնել նաև քաղաքական հակառակորդներին, միասեռական տղամարդկանց, անբուժելի ու հոգեկան հիվանդներին, թմրամոլներին ու հրեաներին։ Ըստ վերջին ուսումնասիրությունների՝ գնչուների ցեղասպանության զոհ է դարձել 200 000-500 000 մարդ[1]։ Տուժածների թիվն ավելի մեծ է։

1982 թվականին Արևմտյան Գերմանիան պաշտոնապես ընդունել է, որ կատարվել է գնչուների ցեղասպանություն[2][3]։ 2012 թվականի հոկտեմբերի 24-ին Բեռլինում բացվել է նացիստական Գերմանիայում ցեղասպանության զոհ դարձած գնչուների հիշատակին նվիրված հուշարձան[4]։

Բովանդակություն

ՏերմինաբանությունԽմբագրել

Պորայմոս (նաև պարայմոս կամ փարայիմոս – բառացի՝ «կլանում» կամ «ոչնչացում» գնչուական լեզվի որոշ բարբառներում[5]) տերմինն առաջարկվել է Յան Հենքոքի (Ian Hancock) կողմից 1990-ականների սկզբին[6]։ Հենքոքն այդ տերմինն ընտրել է 1993 թվականին տեղի ունեցած ոչ պաշտոնական զրույցի ընթացքում առաջարկված տարբերակներից[7]։

Այդ տերմինն օգտագործվում է մեծ մասամբ ակտիվիստների կողմից և անծանոթ է գնչուների մեծ մասին, այդ թվում նաև զոհվածների հարազատներին ու փրկվածներին[6]։ Ռուսաստանի ու Բալկանների մի շարք գնչու ակտիվիստներ դեմ են պորայմոս բառի օգտագործմանը[7]։ Տարբեր բարբառներում պորայմոս բառը հոմանիշ է poravipe բառին, որ նշանակում է «բռնություն» և «բռնաբարություն» և գնչուների կողմից համարվում է վիրավորական բառ։

Յանոշ Բարսոնին ու Ագնես Դարոչին՝ Հունգարիայում գնչուների քաղաքացիական իրավունքների համար պայքարի կազմակերպիչները, նախընտրում են օգտագործել «Փարայիմոս» (Pharrajimos) բառը, որը գնչուների լեզվում նշանակում է «կոտորած», «կործանում»։

Բալկանների գնչու ակտիվիստները նախընտրում են օգտագործել սամուդարիպեն («զանգվածային սպանություն»)[8], որ առաջարկվել է լեզվաբան Մարսել Քորթիադեի կողմից։ Հենքոքը մերժում է այդ տերմինը՝ պնդելով, թե այն չի համապատասխանում գնչուների լեզվի ձևաբանությանը[7]։ Որոշ Ռոսկա գնչուներ առաջարկում են «Կալի Տրաշ» («Սև վախ» տերմինը[9]։ Որպես այլընտրանքային տարբերակ օգտագործվել է Berša Bibahtale (Դժբախտ տարիներ) արտահայտությունը[7]։ Հարմարեցված փոխառությունները, ինչպիսիք են՝ Հոլոքոստո (Holokosto), Հոլոքաուստո (Holokausto) և այլն, նույնպես երբեմն օգտագործվում են գնչուների կողմից

Գնչուների հալածանքների սկիզբԽմբագրել

Գնչուները նացիստական ռասայական քաղաքականության տեսանկյունից ընդունվում էին որպես վտանգ գերմանացիների ռասայական մաքրությանը։ Քանի որ պաշտոնական պրոպագանդան գերմանացիներին ներկայացնում էր որպես մաքուր արիական ռասայի ներկայացուցիչներ, որ ծագում են Հնդկաստանից, նացիզմի տեսաբանների համար դժվարություն էր ներկայացնում այն, որ գնչուների ծագումը հնդիկներից ավելի անմիջական էր․ նրանք մոտ են Հնդկաստանի ներկայիս բնակչությանը օբյեկտիվ ռասայակն տեսակետից և խոսում են հնդարիական խմբի լեզվով, այսինքն՝ գնչուներ ծայրահեղ դեպքում պակաս արիացիներ չեն, քան գերմանացիները։ Խնդիրը լուծվել է այն որոշմամբ, համաձայն որի՝ Եվրոպայում ապրող գնչուներն արիական ցեղերի ու ամբողջ աշխարհի ամենաստորին ռասաների միախառնման արդյունք են, ինչն իբր թե բացատրում է նրանց թափառական լինելը և ապացուցում նրանց հակահասարակական բնույթը։ Գնչուները, նույնիսկ նրանք, որոնք նստակյաց կյանք են վարում, ճանաչվել են պոտենցիալ հակահասարակական իրենց ազգության պատճառով։ Հատուկ հանձնաժողովը երաշխավորել է «գնչուականության» (գերմ.՝ Zigeunertum) առանձնացումը գերմանական ժողովրդից։

Գնչուների հալածանքներն սկսելու համար օրենսդրական հիմք է դարձել Բավարիայում 1926 թվականի հուլիսի 16-ին ընդունված «Գնչուների, թափառաշրջիկների ու պորտաբույծների դեմ պայքարի մասին օրենքը»։ Դրա օրինակով խստացվել են մյուս տարածաշրջանների օրենքները։

Հաջորդ փուլը դարձել է 1935 թվականից մինչև 1938 թվականն ընկած ժամանակաշրջանը, երբ ոստիկանությունն ու սոցիալական ապահովության գերատեսչությունները բազմաթիվ քաղաքներում սկսել են գնչուներին տեղավորել հարկադիր պահման ճամբարներում, որ հաճախ շրջապատված էին փշալարերով, և այնտեղ նրանց ստիպելով հետևել ճամբարային խիստ կարգուկանոնին։ 1936 թվականի հուլիսի 16-ին Օլիմպիական խաղերի պատճառով, որ այդ տարի անցկացվում էին Բեռլինում, գնչուները վտարվել են քաղաքի սահմաններից դուրս և ուղարկվել այն տարածք, որը հետագայում «հրապարակ Մարցան ենթադադարի համար»։

1936 թվականի մարտից գնչուների վրա տարածվում էին «նյուրնբերգյան ռասայական օրենքների» դրույթները քաղաքացիության ու ռասայի վերաբերյալ, որոնք նախկինում վերաբերում էին միայն հրեաներին։ Գնչուներին նույնպես արգելվում է ամուսնանալ գերմանացիների հետ և մասնակցել ընտրություններին, հանվում էր Երրորդ ռայխի քաղաքացիությունը։

Ներքին գործերի կայսերական մինիստր Ֆրիկը Բեռլինի ոստիկանության պետին հանձնարարել է անցկացնել «գնչուների շուրջկալի համընդհանուր օր»։ Մարցանի գերեզմանատան, քաղաքային երկաթուղու գծի և դաշտերի միջև ընկած տարածքում արդեն 1936 թվականի մայիսին Աշխատանքի կայսերական ծառայությունն տեղ էր նախապատրաստել «ենթադադարի համար Մարցան հրապարակի» կառուցման համար։

 
Գերմանական ոստիկանության սպան ու «ռասայական հոգեբանության» մասնագետ Ռոբերտ Ռիտերը զրուցում են գնչու կնոջ հետ

Մարցանի ճամբարով անցել են առնվազն 1500 գնչուներ։ Դա եղել է հավաքատեղի, առաջին կայարանը, որտեղից մարդկանց ուղարկում էին ոչնչացման։ Այնտեղ գտնվող մարդկանց ճնշող մեծամասնությունը 1943 թվականի մայիսին տեղափոխվել է Օսվենցիմ մահվան ճամբար։

1938 թվականի մայիսի 16-ին ՍՍ ռայխսֆյուրեր Հիմլերի հրամանով Բեռլինի քրեական հետախուզման վարչությունում ներառվել է «գնչուական վտանգի» դեմ պայքարի վարչությունը, որ ստեղծվել էր Գնչուների մասին տեղեկատվական ծառայությունից։ Դրանով ավարտվել է գնչուների ոչնչացման առաջին փուլը, որ ներառում էր կեղծ գիտական հիմունքների ստեղծումը, գնչուների առանձնացումն ու նրանց հավաքումը ճամբարներում, ինչպես նաև կենտրոնացված ապարատի ստեղծումը հետագայում հանցագործ նախագծերի իրականացման կոորդինացումն ապահովելու համար ողջ պետության մասշտաբով վարչական բոլոր մակարդակներում։ Որքանով հայտնի է, առաջին օրենքը, որ ուղղակի և անմիջական կերպով ուղղված էր գնչուների դեմ, եղել է Հիմլերի՝ 1938 թվականի դեկտեմբերի 8-ին տված գրությունը «Գնչուների դեմ պայքարի մասին»։ Դրանում խոսվում էր «ռասայական սկզբունքների համաձայն գնչուական հարցի կարգավորման» մասին։

Ոչնչացումն սկսվել է գնչուների ամլացումը (1930-ական թվականների երկրորդ կես)։ Նացիստները մշակել էին կանանց ամլացման ոչ բարդ միջոց՝ արգանդի սրսկում կեղտոտ ասեղով։ Դրանից հետո բժշկական օգնություն չէր ցուցաբերվում, չնայած հնարավոր էին ծանր բարդություններ։ Դա հանգեցնում էր սովորաբար ցավոտ բորբոքային պրոցեսի, հնարավոր է բերեր արյան վարակի ու մահվան։ Այդ մեթոդով ամլացման էին ենթարկվում ոչ միայն չափահաս կանայք, այլև աղջիկները։

1940 թվականի ապրիլի 27-ին Հիմլերի հրամանով սկսվել են սինտիների ու ռոմաների առաջին տեղահանությունները դեպի Լեհաստանի տարածք՝ աշխատանքային ու համակենտրոնացման ճամբարներ, ինչպես նաև հրեական գետտոներ։ Դրան հետևել է Լեհաստանի գնչուներին բռնի կերպով նստակյաց դարձնելու մասին հրամանը․ նրանց տեղավորում էին հրեական գետտոներում, իսկ ունեցվածքը՝ բռնագրավում։ Գերմանիայի գրաված տարածքներից Լոձ քաղաքում էր գտնվում ամենամեծ գնչուական գետտոն, որ օրինակ էր ծառայում մնացածի համար։ Այն լիովին մեկուսացված էր հրեական գետտոյից։ Գնչուների առաջին խմբերն այդտեղ բերվել են 1941 թվականի աշնանը․ նրանց տեղափոխությունը ղեկավարել է անձամբ Ադոլֆ Այքմանը։ Լոձ է տարվել ընդհանուր առմամբ 4996 գնչու (այդ թվում 2689 երեխաներ), որոնց տեղահանվել էին Ավստրիայի տարածքում գտնվող ճամբարներից։ Նրանցից շատերն արդեն չափազանց հյուծված էին, տառապում էին դաժան վերաբերմունքի ու հիվանդությունների պատճառով։ Լոձի գնչուական գետտոն գոյություն է ունեցել գրեթե երկու ամիս։ 1943 թվականից Լոձի գնչուներին սկսել են ոչնչացնել Հելմնո մահվան ճամբարում։ Վարշավայի գետտոյից գնչուներին հրեաների հետ միասին ուղարկել են Տրեբլինկա մահվան ճամբար։

Գնդակահարություններ ԽՍՀՄ օկուպացված տարածքներումԽմբագրել

1941 թվականի աշնանից Խորհրդային Միության օկուպացված տարածքներում հրեաների զանգվածային սպանությունների հետ սկսել են նաև գնչուների սպանությունները։ Այնզացխմբերը ոչնչացրել են իրենց ճանապարհին հանդիպած գնչուական թափառախմբերը։ 1941 թվականի դեկտեմբերին «D» այնզացխմբի (որը ղեկավարում էր Օ․ Օլենդորֆը) կողմից անցկացվել են գնչուների զանգվածային սպանություններ Ղրիմում, ընդ որում, զոհ են դարձել նաև արդեն նստակյաց կյանք վարող ընտանիքներ։ 1942 թվականի գարնանից այդ փորձը տարածվել է ԽՍՀՄ օկուպացված ողջ տարածքում (բացառությամբ օկուպացված ռումինական տարածքներից)։ Գնչուներին ոչնչացնողներն առաջնորդվում էին «արյան սկզբունքով»։ Գնչու կոլտնտեսականների, քաղաքային բանվորների կամ արտիստների սպանությունը չէր ներառվում թափառախմբերի հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում։ Բավական էր միայն, որ մարդը լիներ գնչու, որպեսզի սպանվեր։ Որոշ ժամանակ անց ազգային հատկանիշով ցեղասպանության մաս են դարձել «հակապարտիզանական պատերազմի» ակցիաները։ 1943-1944 թվականներին գնրուներ են զոհվել սլավոնացիների հետ միաժամանակ «պարտիզանական գյուղերի» հրդեհման, քաղաքներն ընդհատակայիններից մաքրելու գործողությունների ժամանակ և այլն։

Գնչուների առավել զանգվածային սպանություններ եղել են Արևմտյան Ուկրաինայում[10][11], Սմոլենսկի[12][13], Լենինգրադի[14] և Պսկովի[15] մարզերում։ Օտարերկրյա ուսումնասիրողները համարում են, որ ԽՍՀՄ օկուպացված տարածքներում սպանվել է երեսուն հազարից ոչ պակաս գնչու[16]։

Գերմանական գնչուների ոչնչացումԽմբագրել

Գերմանիայի գնչուների ձերբակալություններն սկսել են 1943 թվականի վաղ գարնանը։ Կալանավորվել են նաև գերմանական բանակում ծառայող և ռազմական պարգևներ ունեցող գնչուները։ Ձերբակալվածներն ուղարկվել են Օսվենցիմ։

Օսվենցիմում կենդանի են թողնվել հիմնականում գերմանական սինտի գնչուներին, որոնց նացիստները համարում են ավելի քաղաքակրթված։ Լեհաստանի, Ռուսաստանի, Լիտվայի, Սերբիայի, Հունգարիայի գնչուներին հիմնականում գազի խցիկ էին ուղարկում ճամբար հասնելուց անմիջապես հետո։ Սակայն գերմանական գնչուներն էլ մասսայաբար մահանում էին սովից ու հիվանդություններից, իսկ անաշխատունակներին նույնպես ուղարկում էին գազի խցիկ։

Երբ խորհրդային բանակը 1944 թվականին մոտենում է Օսվենցիմին, ճամբարի գնչուական բաժնի երեխաներին ու անաշխատունակներին ուղարկել են գազի խցիկ, իկս մյուսներին տեղափոխել են ռազմաճակատի գծից հեռու տեղակայված այլ ճամբար։

Բժշկական փորձարկումներԽմբագրել

Ինչպես Պորայմոսի, այնպես էլ Հոլոքոստի առանձնահատկություններից մեկը եղել է մարդկանց օգտագործումը բժշկական փորձարկումների ժամանակ[17]։ Նման փորձարկումներ կատարած բժիշկներից առավել հայտնի է Ժոզեֆ Մենգելեն, որ աշխատել է Օսվենցիմում։ Նրա փորձարկումները ներառել են մարդկանց տեղավորումը ճնշումային խցիկներում, մարդկանց վրա դեղանյութերի փորձարկումը, մարդկանց սառեցումը, նրանց աչքերի գույնի փոփոխման փորձերը երեխաների աչքերի մեջ քիմիական նյութեր լցնելու միջոցով, ինչպես նաև տարբեր անդամահատումներն ու այլ վիրահատությունները։[17]։ Նրա աշխատանքների ողջ ծավալն անհայտ է, քանի որ գրառումները, որ նա ուղարկել էր Օտմար ֆոն Վերշուերին Կայզեր Վիլհելմի ինստիտուտ, ոչնչացվել է ֆոն Վերշուերի կողմից[18]։ Մենգելեի սեփական մատյանները, որ ներառում են 3300 էջ, չեն հրատարակվել և, ինչպես ենթադրվում է, պարունակում են Հոլոքոստի ժխտում[19]։ Մենգելեի փորձերից հետո կենդանի մնացած անձինք շուտով սպանվում էին։

Նացիստները գնչուներով հետաքրքրվում էին այն պատճառով, որ վերջիններս հնդարիական ցեղ էին։ Գնչուների թվում հազվադեպ էին կապուտաչյա մարդիկ, և Դահաու մահվան ճամբարում կարող էին հանել այդ մարդկանց աչքերը՝ ուսումնասիրելու համար այդ ֆենոմենը։ Դահաու ճամբարում Հիմլերի հրահանգով փորձ է կատարվել 40 մարդու վրա օրգանիզմի ջրազրկման վերաբերյալ։

Արտացոլումն արվեստումԽմբագրել

Գնչուների վերապրած ցեղասպանությունն իր արատացոլումն է գտել տարբեր երկրների գնչուների հեքիաթներում, երգերում, բանաստեղծություններում և այլ գրական ստեղծագործություններում ու արվեստի գործերում։

  • Գնչու ռեժիսոր Թոնի Գատլիֆի «Բարի ճանապարհ» (1993 թվական, Ֆրանսիա) ֆիլմի տեսարաններից մեկում ծեր կինը երգում է համակենտրոնացման ճամբարում մեռած գնչուին նվիրված երգ։ Ռեժիսորի մեկ այլ ֆիլմ՝ «Ինքն իր համար» (2009 թվական, Ֆրանսիա) կինոնկարը, նվիրված է գնչուների ցեղասպանությանը։
  • Խորհրդային Միության տարածքում իրականացված գնչուների ցեղասպանությանն է նվիրված ռուս դերասան և ռեժիսոր Դուֆունյա Վիշնևսկու «Սիրո մեղսավոր առաքյալները («ռուս.՝ Грешные апостолы любви») ֆիլմը (1995 թվական, Ռուսաստան
  • Լեհ ռեժիսոր Ալեքսանդր Ռամատիի «Եվ ջութակները լռեցին» (I skrzypce przestaly grac) ֆիլմը (1988, Լեհաստան) նույնպես նվիրված է գնչուների ցեղասպանությանը։ Այն քննադատվել է այն պատճառով, որ գնչուների ցեղասպանությունը ներկայացրել է որպես հրեաների ցեղասպանության վկաների ոչնչացում[20]։
  • «Ռոմեն» թատրոն «Մենք գնչու ենք» (ռուս.՝ «Мы – цыгане») ներկայացման մեջ գնչուների ցեղասպանությա թեման արտացոլված է դրամատիկական մասսայական տեսարանում, ինչպես նաև Իգրաֆ Յոշկայի «Эшелоны цыган» երգի կատարմամբ, որ մեծ տարածում ուներ ԽՍՀՄ-ում[21]։ 2012 թվականին թատրոնում բեմադրվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կատարված գնչուների ցեղասանությանը նվիրված ևս մեկ ներկայացում՝ «Գնչուական դրախտ» (ռուս.՝ «Цыганский рай», պիեսը՝ Վ․ Ստարչևսկու, ըստ ռումինացի հայտնի գրող Զահարիա Ստանկուի «Թափառախումբ» վեպի)։ Սյուժեն հիմնված է իրական դեպքերի վրա[22]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Hancock, Ian True Romanies and the Holocaust: A Re-evaluation and an overview // The Historiography of the Holocaust / Dan Stone. — Houndmills, Basingstoke: Palgrave Macmillan, 2006. — P. 383—396. — 573 p. — ISBN 9781403999276
  2. «Germany unveils Roma Holocaust memorial»։ aljazeera.com։ 24 October 2012։ Վերցված է 8 March 2015 
  3. «Holocaust Memorial Day: 'Forgotten Holocaust' of Roma finally acknowledged in Germany»։ Telegraph.co.uk։ 27 January 2011։ Վերցված է 8 March 2015 
  4. Ольга Демидова (2012-10-24)։ «В Берлине открыт памятник цыганам - жертвам нацистского режима»։ Deutsche Welle։ Վերցված է 2017-08-02 
  5. Hancock 1997, էջ. 339
    "Porajmos: The Romani Holocaust (1933–1945), also Baro Porajmos, lit. 'great devouring'".
  6. 6,0 6,1 Matras Yaron (2004)։ «A conflict of paradigms: review article (Reviewed by Yaron Matras)»։ Romani Studies 14 (2): 195։ doi:10.3828/rs.2004.7 
  7. 7,0 7,1 7,2 7,3 Hancock Ian։ «On the interpretation of a word: Porrajmos as Holocaust»։ The Romani Archives and Documentation Center – RADOC։ Վերցված է 8 March 2015 
  8. «What does "Samudaripen" mean?»։ Dosta! (Council of Europe)։ 5 September 2006։ Արխիվացված օրիգինալից-ից 2006-06-20-ին 
  9. Mazikina Lilit։ «Романы Культуры и Джиипэн» [Romani Culture and Life]։ romanykultury.info (Russian)։ Արխիվացված օրիգինալից-ից 2007-10-23-ին 
  10. Данилкин А. Цыганские дети и нацистские интриги // Тум-балалайка. — 2000. — № 15-16. — С. 12–15.
  11. Дмитрий Скворцов (2006-10-26)։ ««Лыцари» топора и удавки»։ «Наше Дело»։ Վերցված է 2017-08-02 
  12. Czalora Karat Nikt ich nie liczył(լեհ.) // Rrom p-o Drom. — 1995. — № III-IV. — ISSN 0867-4803.
  13. Анна Анфимова Геноцид цыган в Смоленской области в годы нацистской оккупации // Тум-балалайка. — 2000. — № 15-16. — С. 10–12.
  14. Żywcem pogrzebani(լեհ.) // Rrom p-o Drom. — 1994. — № IV. — ISSN 0867-4803. Архивировано из первоисточника 17 Ապրիլի 2013.
  15. Николай Самулевич Заботы Цыганской общины Северо-Запада // Тум-балалайка. — 2000. — № 15-16. — С. 15–17.
  16. Бессонов Н. В. Цыганская трагедия. 1941—1945. Факты, документы, воспоминания. — СПб.: Издательский дом «Шатра», 2010. — Т. 2. Вооруженный отпор. — С. 21. — 376 с.
  17. 17,0 17,1 Harran Marilyn J. (2002)։ The Holocaust Chronicles։ Lincolnwood: Publications International։ էջ 384։ ISBN 0-7853-2963-3 
  18. Müller-Hill Benno (1998)։ Murderous science: elimination by scientific selection of Jews, Gypsies, and others in Germany, 1933–1945։ Plainview: Cold Spring Harbor Laboratory Press։ էջ 22։ ISBN 0-87969-531-5 
  19. «Auschwitz "Angel of Death" Josef Mengele's Unknown Writings to be Auctioned»։ PR Newswire։ 30 June 2011 
  20. Hancock, Ian (2010). Karanth, Dileep, ed. Danger! Educated Gypsy. Selected Essays. University of Hertfordshire Press. ISBN 978-1-902806-98-3.
  21. «Николай Голубенко. Песня «Эшелоны цыган»»։ YouTube։ 2011-10-18։ Վերցված է 2017-08-02 
  22. «В театре «Ромэн» состоялась премьера спектакля по пьесе, которую хотел экранизировать Сергей Бондарчук»։ ТАСС։ 2012-05-30։ Վերցված է 2017-08-02 

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել