Հոգնակի թիվ
Հոգնակի թիվ, գոյականի թիվն է, որը ցույց է տալիս մեկից ավելի միատեսակ առարկաներ, օրինակ՝ գրքեր, լճեր, տառեր։
Գոյականի թիվ
խմբագրելԳոյականի թիվը ցույց է տալիս առարկաների քանակ։ Գոյականներն ունեն երկու թիվ՝ եզակի և հոգնակի։ Հոգնակին ցույց է տալիս մեկից ավելի միատեսակ առարկաներ, օրինակ՝ նկարներ, աթոռներ, գրիչներ, գետեր։
Գոյականների հոգնակի թիվը կազմվում է՝ եզակիին ավելացնելով եր կամ ներ վերջավորություն։ Միավանկ բառերի հոգնակին կազմվում է եր, իսկ բազմավանկ բառերինը՝ ներ վերջավորությամբ։ Ն–ով վերջացող բազմավանկ բառերը հոգնակի թվում ունենում են կրկնակի ն, օրինակ՝ պատճեն–պատճեններ, սեղան–սեղաններ։ Կան գոյականներ, որոնց հոգնակիի կազմությունը շեղվում է հիշյալ կանոնից։
- Այն բարդ բառերը, որոնց վերջին բաղադրիչը միավանկ բառ է, կարող են ստանալ եր կամ ներ վերջավորությունը։
- Մի շարք միավանկ բառեր ստանում են ներ վերջավորություն։ Դրանք այն բառերն են, որոնք գրաբարում՝ հին հայերենում, վերջացել են ն–ով, օրինակ՝ ծոռ, ձուկ, մատ, գառ և այլն։ Հոգնակին կազմելիս այդ բառերը վերականգնում են գրաբարյան ն–ն, ինչպես՝ ծոռներ, ձկներ, մատներ, գառներ[1]։
Բացառություն է նաև ռուս բառի հոգնակին՝ ռուսներ։
- Եթե մեկուկես վանկանի բառերում գաղտնավանկը վերջին վանկն է, բառը ստանում է եր, իսկ եթե առաջինն է, բառը ստանում է ներ վերջավորությունը (այդպես նաև սպ, սկ, շտ, ստ և նման հնչյունակապակցություններով սկսվող բառերում)։ Օրինակ՝ աստղ–աստղեր, գրիչ–գրիչներ, սպա–սպաներ, շտաբ–շտաբներ։
- Մարդ և կին գոյականների հոգնակին լինում է՝ մարդիկ, կանայք։
- Տիկին, պարոն և անձ բառերը հոգնակի են կազմում երկու ձևով՝ տիկիններ–տիկնայք, պարոններ–պարոնայք, անձեր–անձինք։
- Ցի ածանցով կազմված գոյականները երբեմն հոգնակիում ստանում են ք վերջավորությունը, ինչպես՝ գյուղացիք, երևանցիք, վրացիք և այլն։ Արդի գրական լեզվի համար այդ ձևերն ընդունելի չեն, քանի որ դրանք ժողովրդախոսակցական ձևեր են․ ճիշտ են գյուղացիներ, երևանցիներ, վրացիներ ձևերը։
Հոգնակիի կազմման ժամանակ կարող է տեղի ունենալ վերջին վանկի ձայնավորի հնչյունափոխություն։ Առավել հաճախ հնչյունափոխվում են ի ու ը ձայնավորները։ Օրինակ՝ գիրք–գրքեր, շուն–շներ, աստղ–աստղեր։
Անեզական գոյականներ
խմբագրելԿան գոյականներ, որոնք չունեն եզակի թիվ․ դրանք միշտ հանդես են գալիս հոգնակի թվով։ Օրինակ՝ Անդեր, Նիդեռլանդներ, Կարպատներ, Գրիգորենք։ Անեզական են նաև բույսերի, կենդանիների, քիմիական նյութերի դասերն ու կարգերը ցույց տվող գոյականները։ Օրինակ՝ ալկալոիդներ, աղածիններ, վարդազգիներ։
Անհոգնական գոյականներ
խմբագրելԿան գոյականներ, որոնք չունեն հոգնակի թիվ և հանդես են գալիս եզակի թվով։ Օրինակ՝ ջուր, վիշտ, անձրև, ուրախություն, մրգեղեն։ Անհոգնական հասարակ գոյականները կարող են գործածվել հոգնակի թվով, եթե՝
- նշանակում են նյութի տարբեր տեսակներ, ինչպես՝ Ֆրանսիական գինիները մեծ պահանջարկ ունեն։
- երևույթը տևական է, կրկնվում է, կամ բառը նշում է մեծ քանակ, ինչպես՝ Անձրևներից Աղստևի ջրերը վարարել են[2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Գոյականի թիվը — դաս։ Հայոց լեզու, 7-րդ դասարան». www.imdproc.am. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ 7 | FlipHTML5». fliphtml5.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 26-ին.