Անհոգնական գոյականներ

Անհոգնական գոյականներ, մի շարք առարկայանիշ բառեր, որոնք պակասավոր են հոգնակի թվով արտահայտվելու հնարավորությունից[1]։

Անհոգնակիությունը պայմանավորող գործոնները աշխարհի լեզուներում ունեն իմացական (իմաստային) ընդհանրական հիմքեր, սակայն կառուցվածքային որոշ գծեր, յուրահատկություններ երբեմն նեղացնում կամ ընդլայնում են նրա դրսևորումների շրջանը։ Ռուսերենում, օրինակ, կան թվարկվող առարկայի հասկացություն արտահայտող որոշ բառեր, որոնք հոգնակի ձևեր չեն կազմում, օրինակ՝ пальто, купе, интервю։ Սրանք ըստ էության կառուցվածքով են անհոգնական։ Անհոգնականները հայերենում կառուցվածքային ուրույն գծեր չունեն։ Բնորոշ են միայն նրանով, որ քանակական թվական լրացում չեն հանդուրժում, ենթակայի գործառույթ կատարելիս սովորաբար ունենում են եզակի թվով ստորոգյալ։ Կառուցվածքային թույլ գծեր են նկատվում անհոգնականությունը պայմանավորող բառիմաստային խմբավորումներում։

Եթե թվի քերականական կարգը ներկայանում է իբրև եզակի–հոգնակի հակադրություն, որի հիմքում ընկած է մեկի կամ մեկից ավելիի իմացական ասպեկտը, ապա բնականաբար անհոգնականները դուրս են մնում թվակարգի ոլորտից։ Սրանք ոչ թե եզակի թիվ են ներկայացնում, այլ եզականաձև բառեր են ուրույն բառիմաստով, և բառիմաստային հատկություններով պայմանավորված՝ կազմում են առանձին խմբավորումներ։ Սա պայմանավորված է համապատասխան բառի իմաստով. դրանք կամ եզակի ձևով արտահայտում են հավաքականության իմաստ (ուսանողություն) և հոգնակի ձևավորելու կարիք չունեն, կամ արտահայտում են այնպիսի երևույթներ, վերացարկված հատկանիշներ (արգրավում, հուսալիություն), որոնք հաշվական չեն, և այդ պատճառով էլ նրանց հոգնակին տրամաբանորեն սպասելի չէ։

Անհոգնական գոյականները քերականական այդ հատկանիշի տեսանկյունից կարելի է բաժանել երկու խմբի՝

  1. բացարձակ անհոգնական բառեր, որոնք առհասարակ հոգնակի չունեն (գինեգործություն, ֆեոդալիզմ)
  2. մասնակի անհոգնական բառեր, որոնցում անհոգնականությունը դրսևորվում է մասնակիորեն, այսինքն՝ որոշ կիրառություններում հոգնակի թիվ չունեն, իսկ այլ կիրառություններում կարող են ունենալ։

Արդի հայերենում անհոգնակի գոյականներից են՝

  • մարդկանց և կենդանիներին տրվող անունները (Վահան, Թադևոս, Բողար), հիմնարկ-ձեռնարկություններին, հրատարակչություններին և գրականության ու արվեստի ստեղծագործություններին տրվող պայմանական անունները (Երևանի պետական համալսարան, «Կռունկ», «Անասնաֆերմա»), որոնք տրվում են այդ առարկաներին՝ մյուսներից տարբերվելու համար, ուստի և հոգնակի եզր չեն ենթադրում։
  • -ություն, -երեն և -եղեն ածանցներով վերջացող գոյականները, որոնք արտահայտում են հավաքական իմաստ կամ լեզու, օրինակ՝ աշակերտություն, աշխատավորություն, մրգեղեն, կանաչեղեն, բանջարեղեն, ոսկեղեն, չինարեն, հայերեն, գերմաներեն։
  • Ածականներից և գոյականներից -ություն ածանցով կազմված բազմաթիվ գոյականներ (ազգակցական անուններ, երևույթներ), օր՝ ծուլություն, աշխատասիրություն, սպիտակություն, հետևողականություն, հեզություն և այլն։ Այս դեպքում կան մի շարք բառեր, որոնք իմաստային յուրահատկության պատճառով կարող են ցույց տալ տվյալ հատկանիշի մեկից ավելի մասնավոր արտահայտություն, օր.`ընդունակություն (ներ), մոլորություն(ներ), կամայականություն(ներ), հարստություն(ներ)։
  • Արհեստ, մասնագիտություն, արտադրության ճյուղ նշանակող բառերը, ինչպես` ատաղծագործություն, դարբնություն, երկրագործություն։
  • Հասարակարգ նշանակող բառեր՝ ֆեոդալիզմ, ստրկատիրություն։
  • Գիտության բնագավառ, ճյուղ նշանակող բառեր՝ հասարակագիտություն, լեզվաբանություն, ֆիզիկա, քիմիա։
  • Գիտական, կրոնական ուսմունք, հասարակական-քաղաքական հոսանք, ստեղծագործական ուղղություն, դավանանք և նման երևույթներ անվանող գոյականներ, որոնք հիմնականում ձևավորված են որևէ վերջածանցով՝ ռեալիզմ, ռոմանտիզմ, քրիստոնեություն, լուսավորչականություն, իմպրեսիոնիզմ։
  • Բազմաթիվ բայանուններ, որոնք մեծ մասամբ ձևավորված են կամ -յուն ածանցով՝ քայլք, նայվածք, հևք, շրշյուն, շառաչյուն, առևտուր, արհամարհանք, ծաղրանք։
  • Այն անունները, որոնք միայն մի առարկա է անվանում՝ երկրագունդ, Լուսին, Մարս, Մոսկվա, Երևան, Վանաձոր։ Այն անուններ, որոնք մեկից ավելի առարկաներ են անվանում, կարող են գործածվել հոգնակի թվով՝ Արամներ, Գրիգորյաններ, Մասիսներ։
  • Որոշ ժամանականիշ գոյականներ՝ գարնանամուտ, ապրիլ, երկուշաբթի, միջօրե, մթնշաղ, կեսօր։
  • -ական//-ելի//-ալի//-ող//-ոտ//-կոտ//-ուն//-ացի//-որդ//-իչ + ություն ածանցներով կազմված վերացական գոյականները՝ հուզականություն, վարվեցողություն, վախկոտություն, սիրունություն, գյուղացիություն, ճամփորդություն, նկարչություն։
  • Նյութի մի շարք անուններ՝ օդ, կաթ, արճիճ, գինի։ Սրանց՝ հոգնակի կազմելու կամ չկազմելու հարցում դեր կատարում է նրանց իրական վիճակը, այսինքն՝ տվյալ նյութը իր վիճակով ենթակա՞ է հաշվվելու, ընկալելու քանակական կազմով, թե՞ ոչ։ Որպես նյութի անուն չունեն հոգնակի, որպես տեսակ ունի։ Այսպես՝ Գինին ալկոհոլային խմիչք է - Գինիները մեզ դուր եկան։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Գ. Խաչատրյան, Հայոց լեզվի ոլորաններում, Վանաձոր, 1994, էջ 27-28։