Հինա, կարմրադեղին ներկ։ Ստանում են լավսոնիայի (հինայի ծառ) թփուտի տերևներից։ Օգտագործում են գործվածքներ (բրդյա, մետաքսյա), մազեր ու եղունգներ ներկելու համար։ Երբեմն հինա են անվանում բույսը (անփուշ լավսոնիա), որից ստանում են ներկը։

Հինայի ծառ

Նկարագրություն

խմբագրել

Հինայի ծառը աճում է արևադարձային երկրներում, պատկանում է արենախոտազգիների ընտանիքին։ Ծառի բարձրությունը հասնում է մինչև 7 մ, ապրում է մոտ 20 տարի։ Բույսի կարմրավուն կոպիտ ցողուններն ունեն կոշտ ու ամուր տերևներ։ Գարնանը բույսը ծածկվում է մանր ու նուրբ սպիտակավարդագույն ծաղիկներով (նման յասամանի ծաղիկներին), որոնք օդը հագեցնում են վարդի բուրմունք հիշեցնող հոտով։ Ներկանյութը գտնվում է գլխավորապես բույսի ցողունի ու տերևների մեջ։

Տարածվածություն

խմբագրել

Հինայի բույսի հայրենիքն է Բենգալիան (Հնդկաստան) և Իրանը, որտեղից այն տեղափոխվել է Հյուսիսային Աֆրիկայի երկրները, Աֆղանստան, հետագայում տարածվել է Ճապոնիայում, կենտրոնական և Հարավային Ամերիկայի երկրներում։ Չնայած բույսն ունի այդպիսի մեծ տարածում, բայց համաշխարհային շուկա հինայի հիմնական մատակարարողը եղել է Իրանը։ Իրանական վաճառականները դեռ վաղ ժամանակներից հինան արտահանել են աշխարհի շատ երկրներ։

 
Բուսաբանական նկարագրություն Ֆրանսիսկո Մանուելյա Բլանկոյի գրքից

Օգտակար հատկանիշներ

խմբագրել

Հինան հնագույն ժամանակներից մարդը օգտագործել և բարձր է գնահատել որպես ներկանյութ և դեղամիջոց։ Այդ ներկանյութը աչքի է ընկնում ոչ միայն գեղեցկությամբ, այլև կայունությամբ ու դիմացկունությամբ։

Որպես ներկանյութ և դեղամիջոց հինան լայնորեն օգտագործում էին հատկապես Մերձավոր արևելքի և հարավ-արևմտյան Ասիայի երկրների մուսուլմանական ժողովուրդները։ Հինայով ներկում էին նաև մազերը, ձեռքերի ափերն ու ոտքերի ներբանները, որպեսզի դրանք չքրտնեն, չվարակվեն էկզեմայով և սնկային հիվանդություններով։

Հնդկաստանում հինայի տերևները օգտագործվել է լյարդի և փայծաղի հիվանդությունները բուժելու, իսկ արևելքի մի շարք երկրներում՝ որպես հականեխիչ դեղամիջոց՝ մաշկի վնասվածքները բուժելու համար։ Բրնձագործական շրջանների բնակիչները դաշտից վերադառնալուց հետո՝ երեկոյան, ոտքերին հինայի շիլա էին քսում ու փաթաթում։ Եվ չնայած որ տարվա մեծ մասը անց էին կացնում դաշտում՝ ջրերի մեջ, ոչ մի անգամ չէին հիվանդանում հոդացավով։ Հինայի ներկանյութով հաճախակի ներկելիս մազերը նկատելիորեն աճում, դառնում են մետաքսանման և փայլուն։ Ամրանում է նրանց արմատները, վերանում ավելորդ ճարպը և թեփը[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Բուսական աշխարհի արժեքավոր տեսակները,«Լույս» հրատարակչություն, Երևան-1984
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 411