Հենրի Այրտոն (1611[1][2][3][…], Ատենբորո, Նոթթինգեմշիր, Անգլիայի թագավորություն - նոյեմբերի 26, 1651(1651-11-26)[1][4][5][…], Լիմերիկ, Մանսթեր), անգլիական բուրժուական հեղափոխության գործիչ, չափավոր ինդեպենդենտների (անկախների՝ բուրժուազիային բուրժուականացող ազնվականության արմատական թևի քաղաքական կուսակցություն) գաղափարախոս, Օլիվեր Կրոմվելի զինակիցը և փեսան (նրա դստեր՝ Բրիջիտի ամուսինը)։ Կողմնակից էր պետության միապետական ձևին, որտեղ գերիշխող պետք է լիներ նոր բուրժուազիան։ Հենրի Այրտոնը մասնակցել է լևելլերների (հավասարարների՝ մանրբուրժուական արմատական դեմոկրատական խմբավորում) շարժմանը և Իռլանդիայի նվաճմանը (1649)։ Իռլանդական Լիմերիկ քաղաքի պաշարման հաղթական ավարտին մահացել է տենդից։
Ռեստավրացիայից հետո, երբ Ստյուարտների արքայատոհմը վերստին անցել է իշխանության գլուխ, Անգլիայի արքա Չարլզ 2-րդի կարգադրությամբ Հենրի Այրտոնի դիակը 1661 թվականի հունվարի 30-ին հանվել է Վեստմինիստերյան աբբայությունում գտնվող գերեզմանից, կախաղան բարձրացվել, այնուհետև թաղվել կախաղանի տակ։ Այդ կերպ թագավորը վրեժ է լուծել Այրտոնից այն բանի համար, որ նա ստորագրել էր իր հոր՝ Չարլզ 1-ինի մահվան դատավճիռը[7][8] (նույն կերպ վարվել է նաև Կրոմվելի և Ջոն Բրեդշոուի դիակների հետ)։ Ընդ որում՝ վրիժառության այդ գործողությունն իրականացվել է Չարլզ 1-ինի մահապատժից ճիշտ 12 տարի անց։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 354)։