Հենրիխ I Թռչնորս, (գերմ.՝ Heinrich der Vogeler, մոտ 876 - հուլիսի 2, 936, Մեմլեբեն, Արևելյան Ֆրանկիա), Սաքսոնիայի դուքսը 912 թվականից, իսկ 919 թ.-ից՝ Գերմանիայի Արևելաֆրանկյան թագավորության առաջին թագավորը՝ Սաքսոնական հարստությունից։ Իր թագավորության ընթացքում Հենրիխ I-ը վարեց արտաքին հարձակողական քաղաքականություն։ Լինելով տաղանդավոր ղեկավար և հմուտ քաղաքական գործիչ, նա կարողացավ նշանակալիորեն ամրապնդել Գերմանիայի թագավորությունը և ընդարձակել նրա տարածքները՝ միավորելով Լոթարինգիան։ Հունգարների դեմ պաշտպանության համար Հենրիխ I-ը կառուցեց հզոր ամրություններ և ստեղծեց կանոնավոր հեծելազոր։ Դա նրան թույլ տվեց հաղթանակ տանել Ռիադի մոտ տեղի ունեցած ճակատամարտում։ Հենրիխի թագավորության օրոք սկսվեց պոլաբյան սլավոնների նվաճումը։ Նրա արշավանքների արդյունքում մի շարք սլավոնական ցեղեր, որոնց տարածքները կցվեցին թագավորությանը, դարձան Գերմանիայի թագավորի հարկատուները։ Իր մահվան պահին Հենրիխ I Թռչնորսը Եվրոպայի ամենահզոր տիրակալն էր։

Հենրիխ I Թռչնորս
Ծնվել է՝մոտ 876
Մահացել է՝հուլիսի 2, 936
Վախճանի վայրՄեմլեբեն, Արևելյան Ֆրանկիա
Quedlinburg Abbey
ԵրկիրԱրևելյան Ֆրանկիա
ՏոհմOttonian dynasty?
գերիշխան
ՀայրՕտտո I
ՄայրՀեդվիգա
ԵրեխաներՀեդվիգ Սաքսոնացի, Օտտոն I[1], Գերբերգա Սաքսոնացի, Հենրի I[2], Բրունո Մեծ[2] և Թենքմար
Հավատքքրիստոնեություն

Երիտասարդ տարիները

խմբագրել

Դքսության ժառանգը

խմբագրել

Ծագում

խմբագրել

Հենրիխը սերում էր սաքսոնական օստֆալերի (բառացի՝ արևելցիներ) Լյուդոֆինգների հայտնի և հզոր տոհմից։ Լեգենդի համաձայն, այս տոհմը ծագել է Կառլոս Մեծի օրոք սաքսոնների առաջնորդ Բրունո Էնգերնեցուց, որ էնգերների ու օստֆալների հետ առանձնանում էր հեթանոս սաքսոններից։ Սակայն, հին աղբյուրները տոհմի ծագումնաբանության մասին տեղեկություններ են հաղորդում միայն 9-րդ դարից, երբ հիշատակվում է Արևելյան Սաքսոնիայի (Օստֆալիայի) կոմս Լյուդոլֆը, ում անունով էլ հետագա դարերում կոչվեց այս տոհմը։ Հետագայի ժամանակագիրները նրան հիշատակում են որպես Արևելյան սաքսոնների դուքս։ Սաքսոնիայի դուքս են կոչվում նաև Լյուդոլֆի որդիները՝ Բրունոն և Օտտոն։ Սաքսոնիայի դքսի երեք որդիներից կրտսերի՝ Օտտոն I-ի և Գեդվիգա Բաբենբերգցու ընտանիքում էլ ծնվեց Հենրիխը՝ ապագա թագավորը։ Նրա ծննդյան ստույգ տարեթիվը հայտնի չէ, սակայն ենթադրվում է, որ ծնվել է շուրջ 876 թվականին։ Հենրիխ I-ի մանկության և պատանեկության տարիներից պատմական աղբյուրներում ոչինչ չի հաղորդվում։ Դրանցում նա հիշատակվում է արդեն բավականին հասուն տարիքից։ Նրա ավագ եղբայրները մահացել էին դեռևս հոր կենդանության օրոք, ինչի արդյունքում էլ Հենրիխը դարձավ Սաքսոնիայի ժառանգորդը։

Հենրիխի ամուսնությունները

խմբագրել

906 թվականին Հենրիխը, որ այդ ժամանակ մոտ 30 տարեկան էր, ամուսնացավ Էրվինի կոմսի դստեր՝ Հատեբուրգի հետ։ Կոմսը, հավանաբար, իշխում էր Մերզեբուրգ քաղաքի շրջակայքում։ 10-11-րդ դարերի գերմանացի ժամանակագիր Թիտմար Մերզեբուրգցին հաղորդում է, որ Հենրիխը համառորեն աղջկան էր առաջարկում իր ձեռքն ու սիրտը՝ հանուն վերջինիս գեղեցկության և հարուստ ժառանգության օգտի։ Եկեղեցական իշխանությունն արգելեց այդ ամուսնությունը, քանի որ Հատեբուրգն այդ ընթացքում արդեն հասցրել էր այրիանալ և մենաստան մտնել, սակայն դա Հենրիխին չկանգնեցրեց։ Այդ ամուսնությունից ծնվեց նրանց միակ որդին՝ Թանկմարը։ 909 թվականին Հենրիխն ու Հատեբուրգն ամուսնալուծվեցին։ Բաժանության առիթը եղավ ամուսնության անօրինականությունը։ Սակայն Հենրիխի ապօրինածին որդին եղավ իր առաջին ժառանգը։ Հենրիխի եղբայրները՝ Թանկմարը և Լյուդոլֆը մահացան, որից հետո իրենց հոր միակ ժառանգը մնաց ինքը։ Հասարակության մեջ իր դիրքն ամրապնդելու համար Հենրիխը որոշեց ամուսնանալ առավել հայտնի մի կնոջ հետ։ Հատեբուրգն ամուսնալուծությունից հետո կրկին մենաստան մտավ, բայց նրա օժիտը Հենրիխն իրեն պահեց։ Նրա նոր ընտրյալը Մաթիլդա Վեստֆալացին էր՝ հարուստ և հանրաճանաչ վեստֆալյան տոհմից, որը սերում էր սաքսերի 8-րդ դարի հռչակավոր առաջնորդ Վիդուկինդից։ Շնորհիվ այդ ամուսնության՝ Հենրիխն իր իշխանությունը տարածեց նաև Վեստֆալի վրա։

Առաջին արշավանքը

խմբագրել

Հենրիխի առաջին ինքնուրույն արշավանքը վերաբերում է իր առաջին ամուսնության շրջանին։ Մերզեբուրգ քաղաքը, որը նա ստացել էր Հատեբուրգին կնության առնելիս՝ իբրև օժիտ, սահմանակից էր սլավոնական դոլեմինների (կամ գալոմաչ) ցեղով բնակեցված երկրամասի հետ։ Արշավանքի ձեռնարկողը Հենրիխի հայրն էր՝ հերցոգ Օտտոնը։ Հարձակվելով Մերզեբուրգի կողմից, Հենրիխը հեշտությամբ հաղթեց սլավոններին, սակայն դրանից հետո դոլեմիններն օգնության կանչեցին հունգարներին, որոնք խուժեցին Սաքսոնիա և ամայացրին երկրամասը։ Սաքսոնացիներից շատերը զոհվեցին կամ գերվեցին։

Հարաբերությունները կենտրոնական իշխանության հետ

խմբագրել

Լյուդովիկոս IV Մանուկի օրոք թագավորական իշխանությունը Արևելյան Ֆրանկյան թագավորությունում թույլ էր։ Մանկահասակ թագավորի հետ պետությունը կառավարում էին Մայնցի արքեպիսկոպոսը և Կոնստանցի ու Աուգսբուրգի եպիսկոպոսը, ովքեր հոգ էին տանում ավելի շատ եկեղեցու, քան միավորված պետության շահերի մասին։ Դրա շնորհիվ սկսեցին հզորանալ տոհմական դքսությունները, այդ թվում և Սաքսոնիան, որի դուքս Օտտոնը կարողացավ մեծ իշխանություն կենտրոնացնել իր ձեռքում։ Իսկ 908 թվականից հետո, երբ զոհվեց Թյուրինգիայի մարկիզ Բուրխարդը, Սաքսոնիային միացրեց նաև նրա տիրույթները։ 911 թվականին մահացավ Լյուդովիկոս IV Մանուկը, որով հանգավ Կարոլինգների արևելաֆրանկյան ճյուղը։ Թագավորության գլխավոր հավակնորդը, ըստ հին գերմանական ավանդույթի, Արևմտյան Ֆրանկյան թագավոր Շառլ Պարզամիտն էր։ Սակայն գերմանական մեծամեծները հրաժարվում են ճանաչել նրա իրավունքը՝ որոշելով իրենց համար նոր թագավոր ընտրել պետության դուքսերից որևէ մեկին։ Նախապես թագն առաջարկվեց Օտտոն Սաքսոնացուն, բայց 75-ամյա դուքսը հրաժարվեց։ Ուստի 911 թվականի նոյեմբերին Ֆորհայմում թագավոր ընտրվեց Ֆրանկոնիայի դուքս Կոնրադը։ Նրա գահակալմանը կողմ էին Սաքսոնիայի, Բավարիայի և Շվաբիայի դուքսերը։ Սակայն շուտով նոր արքայի հարաբերությունները լարվեցին բոլոր դուքսերի հետ։ Օտտոնը հաջորդ տարում վախճանվեց, և հոր իշխանությունը Սաքսոնիայում ժառանգեց Հենրիխը։ Դրանից անմիջապես հետո, Կոնրադ I-ը ձգտելով թուլացնել տոհմական դքսությունները, որոնք իրենց տիրույթներում ունեին բացարձակ և անկախ իշխանություն, Հենրիխից պահանջեց վերադարձնել Թյուրինգիան, որն իր տիրույթներին էր միացվել դեռևս հոր օրոք։ Դուքսը մերժեց, և ավելին, խլեց Սաքսնոիայում և Թյուրինգիայում Մայնցի արքեպիսկոպոս Հատտոն I-ի ունեցած իշխանությունը, ով թագավորի հավատարիմ վասալն էր։ Հատտոնը 913 թվականին Հենրիխի հետ վիճաբանության ժամանակ մահացավ։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրիխ I Թռչնորս» հոդվածին։