Հեյմու
Հեյմու ( /ˈheɪˌmuː/ ; նաև հայտնի է որպես Հեյմու Վիկրամադիտյա և Հեմչանդրա Վիկրամադիտյա, 1501, Ալվար (քաղաք), Jaipur division, Հնդկաստան - նոյեմբերի 5, 1556, Պանիպատ, Հնդկաստան) հնդիկ կայսր, գեներալ և Վեզիր Սուր կայսրության Ադիլ Շահ Սուրիի գահակալման այն ժամանակահատվածում, երբ մողոլներն ու աֆղանները պայքարում էին իշխանության համար Հյուսիսային Հնդկաստանում: Կռվել է աֆղան ապստամբների դեմ Հյուսիսային Հնդկաստանի տարածքում՝ Փենջաբից մինչև Բենգալիա, ինչպես նաև Հումայունի և Աքբարի մողոլական ուժերի դեմ Ագրայում և Դելիում՝ հաղթելով 22 ճակատամարտ Ադիլ Շահ Սուրիի համար:
Հեյմու | |
---|---|
Ծնվել է | 1501 |
Ծննդավայր | Ալվար (քաղաք), Jaipur division, Հնդկաստան |
Մահացել է | նոյեմբերի 5, 1556 |
Մահվան վայր | Պանիպատ, Հնդկաստան |
Կրոն | հինդուիզմ |
Մասնագիտություն | ազնվական |
Զբաղեցրած պաշտոններ | կայսր |
Hemu Վիքիպահեստում |
Հեյմուն թագավորական կարգավիճակ է ստացել՝ 1556 թվականի հոկտեմբերի 7-ին Դելիի ճակատամարտում հաղթելով Աքբարի մողոլական ուժերին, և ընդունել է Վիկրամադիտյա տիտղոսը, որը նախկինում ստացել էին բազմաթիվ հնդիկ թագավորներ և կայսրեր: Մեկ ամիս անց՝ Փանիպատի երկրորդ ճակատամարտի ժամանակ, Հեյմուն վիրավորվել է նետից և անգիտակից վիճակում գերի ընկել։ Դրանից հետո գլխատվել է Աքբարի կողմից, որը ստացել է Ղազի տիտղոսը:
Վաղ կյանք
խմբագրելՀեյմուի վաղ կյանքի մասին ժամանակակից տեղեկությունները սակավ են՝ նրա համեստ ծագման պատճառով, և հաճախ կողմնակալ, քանի որ դրանք գրվել են Աքբարի արքունիքում ծառայող մողոլական պատմագիրների՝ ինչպես օրինակ Բադաունիի և Աբուլ-Ֆազլի կողմից: Ժամանակակից պատմաբանները տարաձայնություններ ունեն նրա ընտանիքի նախնիների բնակավայրի[1], ինչպես նաև նրա ծննդավայրի ու ծննդյան թվականի վերաբերյալ: Սակայն ընդունված է, որ նա ծնվել է սահմանափակ միջոցներ ունեցող հինդու ընտանիքում և մանկությունն անցկացրել է Դելիից հարավ-արևմուտք գտնվող Ռևարի քաղաքում: Արդի հետազոտությունները հաստատում են, որ Հեյմուն ծնվել է Ռաի Պուրան Բհարգավի ընտանիքում, որը Ռաջաստանի Գաուր բրահման է եղել և հետագայում դարձել է Պուրան Դաս՝ Ռաջաստանի Ալվար շրջանի Մաչերի գյուղում սրբության կարգավիճակ ստանալուց հետո: Ընտանիքի նյութական դժվարությունների պատճառով Հեյմուն դեռ պատանի հասակից սկսել է աշխատել որպես սելիտրայի վաճառական[2]:
Հեղինակության ձեռքբերում
խմբագրելՀեյմուի վաղ կարիերայի մանրամասները մշուշոտ են և լի ենթադրություններով: Սելիտրայի վաճառքից սկսած՝ ասում են, թե նա եղել է առևտրական կամ շուկայում ապրանքները կշռող: 1545 թվականին՝ Շեր Շահ Սուրիի մահից հետո, նրա որդի Իսլամ Շահը դարձել է Սուր կայսրության գահակալը: Հենց այս ժամանակաշրջանում Հեյմուն, արդեն ունենալով որոշակի զինվորական փորձ դարձել է Դելիի շուկայի վերակացու[3][4]: Հետագայում Հեյմուին վստահվել է հետախուզության պետի և փոստային ծառայության վերակացուի պաշտոնը[4]:
Իսլամ Շահը սիրում էր հինդուներին նշանակել հրամանատարական պաշտոններում աֆղան սպաների կողքին, որպեսզի նրանք լրտեսեին միմյանց։ Նա նկատել է Հեյմուի զինվորական ձիրքը և նրան վստահել է բարձրաստիճան սպայի պարտականությունները[5]: Այնուհետև Հեյմուին հանձնարարել են հետևել Հումայունի խորթ եղբոր՝ Կամրան Միրզայի տեղաշարժերին Մանկոտի շրջակայքում[4]:
Իսլամ Շահը մահացել է 1553 թվականի հոկտեմբերի 30-ին[6], և նրան հաջորդել է իր 12-ամյա որդին՝ Ֆիրոզ Խանը, որը սպանվել է գահ բարձրանալուց երեք օր անց իր հորեղբոր՝ Ադիլ Շահ Սուրիի կողմից: Նոր տիրակալին, այնուամենայնիվ, ավելի շատ հետաքրքրում էր ցոփ կյանքը, քան պետական գործերը[7]: Սակայն Հեյմուն իր ճակատագիրը կապել է Ադիլ Շահի հետ, և իր ռազմական հաջողությունների շնորհիվ հասել է գլխավոր նախարարի և պետության գլխավոր վերահսկիչի դիրքին[2]: Ըստ Աբուլ-Ֆազլի՝ Հեյմուն Շահի արքունիքում «զբաղվում էր բոլոր նշանակումներով ու ազատումներով և արդարադատության իրականացմամբ»[4]:
Զինվորական կարիերա
խմբագրելՀեjմուն, բացի նրանից, որ նշանավոր քաղաքացիական կառավարիչ էր, նաև աֆղանական կողմի ամենաուժեղ ռազմական միտքն էր Շեր Շահ Սուրիի մահից հետո[7]։ Ասում են, որ նա ղեկավարել և հաղթել է Ադիլ Շահի հակառակորդների դեմ ուղղված մինչև 22 ճակատամարտ[3]։ Այս մարտերից շատերը ուղղված էին այն աֆղանների դեմ, որոնք ապստամբել էին Ադիլ Շահի իշխանության դեմ։ Նրանցից մեկը Թաջ Խան Կարրանին էր՝ Իսլամ Շահի արքունիքի անդամ, որը Ադիլ Շահին ծառայելու փոխարեն որոշել էր փախչել իր կողմնակիցների հետ Գվալիորից դեպի արևելք։ Հեյմուն նրան հետապնդել է Չիբրամաուում և պարտության մատնել, սակայն Կարրանին ինչ-որ կերպ կարողացել է փախչել և իր ճանապարհին թալանելով ու կողոպտելով՝ հասել է Չունար։ Հեյմուն կրկին հետապնդել է նրան և ճակատամարտի բռնվել Կարրանիի հետ Չունարում, որտեղ նորից հաղթանակ է տարել։ Այնուամենայնիվ, ճիշտ ինչպես Չիբրամաուում, Կարրանին կրկին կարողացել է ճողոպրել նրա ձեռքից։ Հեյմուն խնդրել է Ադիլ Շահին մնալ Չունարում, իսկ ինքը շարունակել է հետապնդել Կարրանիին մինչև Բենգալ[8]։
1555 թվականի հուլիսի 23-ին Հումայունի Ադիլ Շահի աներոջ՝ Սիկանդար Շահ Սուրիի դեմ հաղթանակից հետո, մողոլները վերջապես հետ են գրավել Դելին և Ագրան: Հեյմուն Բենգալում էր, երբ Հումայունը մահացավ 1556 թվականի հունվարի 26-ին: Նրա մահը Հեյմուին իդեալական հնարավորություն է տվել հաղթելու մողոլներին: Նա արագ արշավանք է սկսել Բենգալից և մողոլներին դուրս մղել Բայանայից, Էտավահից, Սամբհալից, Կալպիից և Նառնաուլից[9]: Ագրայում լսելով Հեյմուի ներխուժման մասին նահանգապետը լքել է քաղաքը և փախել առանց կռվի[10]:
Հեյմուի ամենաուշագրավ հաղթանակը տեղի է ունեցել դրանից անմիջապես հետո մողոլների դեմ Թուղլաքաբադում:
Թուղլաքաբադի ճակատամարտ
խմբագրելԱքբարի կառավարիչ Թարդի Բեգ Խանը գրել է իր տերերին, որոնք ճամբար էին խփել Ջալանդհարում, որ Հեյմուն գրավել է Ագրան և մտադիր է հարձակվել մայրաքաղաք Դելիի վրա, որը հնարավոր չէր պաշտպանել առանց լրացուցիչ ուժերի: Քանի դեռ հիմնական բանակը չէր կարող օգնության հասնել Սիկանդար Շահ Սուրիի մարտական ներկայության պատճառով, Աքբարի խնամակալ Բայրամ Խանը, գիտակցելով իրավիճակի լրջությունը, Դելի է ուղարկել իր լավագույն սպաներից Փիր Մուհամմադ Շարվանիին: Միևնույն ժամանակ, Թարդի Բեգ Խանը նաև հրամայել է շրջակայքում գտնվող բոլոր մողոլ ազնվականներին հավաքել իրենց ուժերը Դելիում: Հրավիրվել է ռազմական խորհուրդ, որտեղ որոշվել է, որ մողոլները կկանգնեն և կռիվ կտան Հեյմուի դեմ[11]:
Ագրան նվաճելուց հետո Հեյմուն, որը եկել էր քաղաքի կառավարչին հետապնդելու, հասել է Թուղլաքաբադ՝ Դելիի մերձակայքում գտնվող մի գյուղ, որտեղ նա հանդիպել է Թարդի Բեգ Խանի ուժերին: Մողոլները, չնայած թվաքանակով զիջում էին, քաջաբար կռվել են Հեյմուի զորքերի դեմ, որոնք, ըստ Բադաունիի[9], ներառում էին 1000 մարտական փիղ, 50,000 հեծյալ, 51 թնդանոթ և 500 փոքր թնդանոթ[10]: Ջադունաթ Սարքարը այսպես է նկարագրում ճակատամարտը.
Հեյմուի առաջխաղացմանը նպաստել է նաև Ալվարից օժանդակ զորքերի ժամանումը Հաջի Խանի հրամանատարությամբ[12]: Երբ նախկինում հաղթանակած մողոլական առաջապահ ջոկատն ու ձախ թևը վերադարձել են իրենց հետապնդումից, ցրվել են՝ առանց կռիվ տալու: Հեյմուն գրավել է Դելին մեկօրյա ճակատամարտից հետո 1556 թվականի հոկտեմբերի 7-ին[13]:
Որպես Ռաջա Վիկրամադիտյա
խմբագրելԴելիի վերահսկողությունը վերցնելուց հետո Հեյմուն հայտարարել է իր կայսերական կարգավիճակի մասին[14]և ստանձնել Վիկրամադիտյա (կամ Բիկրամջիտ) տիտղոսը, մի կոչում, որն օգտագործվել է Հնդկաստանի հնագույն անցյալում մի շարք հինդու թագավորների և կայսրերի կողմից: Սակայն, դեռևս պատմաբանները վերջնականորեն չեն հասկացել թե ինչ է դա նշանակում:
Պատմաբաններից Սաթիշ Չանդրան կարծում է որ սա չի նշանակում, թե Հեյմուն հայտարարել է իրեն անկախ կայսր: Նա պատճառաբանում է, որ նախ և առաջ, ժամանակի մողոլ հեղինակներից ոչ մեկը բացահայտորեն չի ասում այդ մասին իրենց պատմություններում: «Աքբարնամայում» Աբուլ-Ֆազլը գրում է, որ Թուղլաքաբադում Հեյմուի հաղթանակից հետո «իշխանության նկրտումներ» էին արթնացել նրա մեջ: Ըստ Բադաունիի, Հեյմուն ստանձնել է Բիկրամջիտ տիտղոսը՝ որպես Հնդկաստանի մեծ Ռաջա: Մեկ այլ ժամանակակից պատմաբան՝ Նիզամուդդին Ահմադը, պարզապես հաստատում է, որ Հեյմուն ստանձնել է այդ տիտղոսը, բայց զերծ է մնում որևէ այլ բան ասելուց: Երկրորդ, դա կլիներ անխոհեմ քայլ, քանի որ Հեյմուի զինվորական ուժը գրեթե ամբողջությամբ բաղկացած էր աֆղաններից: Ըստ Բադաունիի, աֆղանների մեջ նաև որոշ դժգոհություններ կային Հեյմուի դեմ, ովքեր «հոգնել էին նրա իշխանությունից ... աղոթում էին նրա անկման համար»[15]:
Այլ պատմաբաններ Հեյմուի հավակնությունը մեկնաբանում են որպես Ադիլ Շահի գերիշխանությունից ազատվելու և անկախ տիրակալ դառնալու փորձ[16] [17]: Աբրահամ Էրալին մեջբերում է Ահմադ Յադգարի խոսքերը[18], որը աֆղանների պատմության մեջ գրում է․ «Հեյմուն իր գլխին դրեց կայսերական թագը և հրամայեց իր անունով դրամ հատել»: Սա իրականացվել է աֆղանների գաղտնի համաձայնությամբ, որոնց նա առատորեն բաժանել էր պատերազմական ավարը: Այնուամենայնիվ, Էրալին նշում է, որ Հեյմուն շարունակում էր կեղծ հավատարմություն ցուցաբերել Ադիլ Շահին[19]:
Անկախ նրանից, թե նա ինքն իրեն որպես անկախ կայսր էր ձեռնադրել, թե ոչ, այնուամենայնիվ Հեյմու Վիկրամադիտիայի թագավորությունը կարճատև էր, քանի որ միայն մեկ ամիս անց նա նորից բախումներ է ունեցել մողոլների հետ: Այս անգամ մարտադաշտը Փանիպատում էր, այն վայրից ոչ հեռու, որտեղ Աքբարի պապը` Բաբուրը, 30 տարի առաջ հաղթել էր Լոդիներին:
Փանիպատի երկրորդ ճակատամարտը
խմբագրելԼսելով Թուղլաքաբադից աղետալի լուրը՝ Աքբարն անմիջապես մեկնել է Դելի։ Ալի Կուլի Խան Շայբանին, որն ուղարկվել էր 10,000-անոց հեծելազորով, հարվածել է Հեյմուի հրետանի: Նա հեշտությամբ կարողացել է գրավել ամբողջ հրետանին։ Սա Հեյմուի համար թանկ կորուստ էր[13][11]:
1556 թվականի նոյեմբերի 5-ին մողոլները մարտնչել են Հեյմուի Փանիպատի մարտադաշտում: Աքբարն ու Բայրամ խանը մնացել են թիկունքում՝ մարտադաշտից ութ մղոն հեռավորության վրա[13]։ Մողոլների բանակը գլխավորում էր Ալի Քուլի Խան Շայբանին կենտրոնում՝ Սիքանդար Խան Ուզբակը՝ աջից և Աբդուլլա Խան Ուզբակը՝ ձախից, առաջապահը՝ Հուսեյն Քուլի Բեգին և Շահ Կուլի Մահրամին: Հեյմուն Հավաի անունով փղի վրա առաջնորդել է իր բանակը[21]: Նրա ձախ թևը ղեկավարում էր քրոջ որդին՝ Ռամյան, իսկ աջ թևը՝ Շադի Խան Կաքքարը[13]։ Բավականին բարդ ճակատամաչտ էր, բայց հաջողությունը թեքվել է Հեյմուի կողմը: Մողոլների բանակի երկու թևերն էլ հետ էին շպրտվել, և Հեյմուն մարտական փղերի և հեծելազորի իր զորախումբը առաջ է տարել՝ ջախջախելու նրանց կենտրոնը: Հեյմուն հաղթանակի եզրին էր, երբ մողոլական նետը խոցեց նրա աչքը և նա ընկավ անգիտակից վիճակում: Դա խուճապ է առաջացրել նրա բանակում, որը կորցրել է կազմակերպումը և փախուստի դիմել[11][15]: Ճակատամարտն ավարտվեց Հեյմուի զոքերի պարտությամբ, 5000 զոհով, որոնցից ոմանք սպանվել են փախուստի դիմելիս[13]։
Մահ
խմբագրելՎիրավոր Հեյմուին տեղափոխող փղին բռնել և տարել են մողոլների ճամբար։ Բայրամ Խանը խնդրել է 13-ամյա Աքբարին գլխատել Հեյմուին։ Ըստ Աքբարի պալատական Աբուլ-Ֆազլ իբն Մուբարաքի, նա հրաժարվել է սուր բարձրացնել մահացած մարդու վրա: Այնուամենայնիվ, դա չի վկայում ժամանակակից մատենագիր «Թարիխ-ի-Աքբարի»-ի հեղինակ Մուհամմադ Արիֆ Քանդհարին՝ նշելով, որ Աքբարը հետևել է Բայրամ խանի խորհրդին և ինքն է գլխատել Հեյմուին և ստացել Ղազիի տիտղոսը[22][23][15]: Հեյմուին գլխատելուց Աքբարի հրաժարվելու մասին պատմությունը հավանաբար նրա պալատականների հորինվածքն է[24]: Հեյմուի գլուխն ուղարկվել է Քաբուլ, իսկ նրա մարմինը կախվել է Դելիի դարպասի վրա[11]: Այնուհետև մինարեթ է կառուցվել մյուս մահացածների գլուխներից[15]:
Հետևանք
խմբագրելՀեյմուի ընտանիքին, որն ապրում էր Մաչարիում ( Ալվարի մոտ) գերեվարել է Փիր Մուհամմադը՝ մուղալ սպա, որը կռվել էր Փանիպատում: Փիր Մուհամմադն առաջարկել է խնայել Հեյմուի տարեց հոր կյանքը, եթե նա ընդունի իսլամ: Երբ ծերունին հրաժարվել է, նրան մահապատժի են ենթարկել[11]։ Սակայն Հեյմուի կնոջը հաջողվել է փախչել[15][11]։
Հեյմուի մահով Ադիլ շահի գործերը նույնպես վատթարացել են։ Նա պարտվել է և սպանվել Բենգալիայի Մուհամմադ շահի որդի Խիզր Խանի կողմից 1557 թվականի ապրիլին [25] [26]։
Փանիպատի ճակատամարտից ստացված ավարի մեւ էին Հեյմուի մարտական 120 փղերը, որոնց կործանարար կատաղությունները այնքան էին տպավորել մողոլներին, որ կենդանիները շուտով դարձել են նրանց ռազմավարության անբաժանելի մասը[27]:
Ժառանգություն
խմբագրելՀեյմուի վերելքը Ռեվարիում իր խոնարհ սկզբից մինչև Ռաջա Վիկրամադիտյա կայսերական տիտղոս համարվում է պատմության նշանավոր շրջադարձային կետ: Բայց եթե չլիներ նրա անժամանակ մահը, Հեյմու Վիկրամադիտիան հավանաբար կարող էր վերականգնել «սանսկրիտի միապետական ավանդույթը» մի տարածաշրջանում, որը դարեր շարունակ ենթարկվել էր մուսուլմանական իշխանության[14]: Այնուամենայնիվ, հաշվի առնելով Հեյմուի բանակը և վարչական բազան, որը բաղկացած էր «Սուր դինաստիայի» հավատարիմ էթնիկ աֆղաններից, կասկածի տակ է դրվում նրա՝ թագավորական կարգավիճակը պահպանելու իրագործելիությունը: Դա անխոհեմ քայլ կլիներ, քանի որ Հեյմուի ռազմական ուժը գրեթե ամբողջությամբ կազմված էր աֆղաններից[3]:
Նույնիսկ Հեյմուի թշնամիներն էին հիանում նրանով: Աբուլ-Ֆազլը գովաբանում է նրա վեհ ոգին, խիզախությունը և նախաձեռնողականությունը՝ նշելով, որ երիտասարդ Աքբարը կամ գուցե նրա արքունիքի իմաստուն ցանկացած անդամ կնախնտրեին Հեյմուին գերի պահել, քան մահապատժի ենթարկել՝ հույս ունենալով նրան համոզել միանալ Մողելների կայսերական ծառայությանը, որտեղ նա լավագույնս կդրսևորվեր[25]։
Հեյմուի կողմնակիցները նրա համար հուշահամալիր են կանգնեցրել Փանիպատում, որն այժմ հայտնի է որպես Հեյմուի Սամադհի Ստալ [28][29]:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Richards, 1995, էջ 13
- ↑ 2,0 2,1 Tripathi, 1960, էջ 158
- ↑ 3,0 3,1 3,2 Chandra, 2004, էջ 92
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Qanungo, 1965, էջ 448
- ↑ Qanungo, 1965, p. 448
- ↑ Tripathi, 1960, էջ 170
- ↑ 7,0 7,1 Sarkar, 1960, էջ 66
- ↑ Tripathi, 1960, էջ 159
- ↑ 9,0 9,1 Chandra, 2004, էջ 91
- ↑ 10,0 10,1 Sarkar, 1960, էջ 67
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 Tripathi, 1960
- ↑ Tripathi, 1960, էջ 174
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 13,4 Sarkar, 1960
- ↑ 14,0 14,1 Richards, 1995
- ↑ 15,0 15,1 15,2 15,3 15,4 Chandra, 2004
- ↑ Wink, 2012
- ↑ Roy, 2004, էջ 73
- ↑ Hadi, 1994
- ↑ Eraly, 2000, էջ 120
- ↑ «Mughal Painting Under Akbar: the Melbourne Hamza-nama and Akbar-nama paintings». www.ngv.vic.gov.au. Վերցված է 18 July 2016-ին.
- ↑ Roy, 2004
- ↑ Ashirbadi Lal Srivastava (1962). Akbar the Great (English). Shiva Lal Agarwala. էջ 10. OCLC 837892. «Bairam Khan asked his royal ward to earn the title of ghazi by slaying the infidel Hemu, with his own hands. We are told by a contemporary writer, Muhammad Arif Qandh that he complied with the request and severed Hemu's head from his body. Abul Fazl's statement that he refused to kill a dying man is obviously wrong»
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Kishori Saran Lal (1999). Theory and Practice of Muslim State in India (անգլերեն). Aditya Prakashan. էջ 67. ISBN 978-81-86471-72-2. «It may be recalled that as an adolescent, Akbar had earned the title of Ghazi by beheading the defenseless infidel Himu»
- ↑ S. Roy (1974). «AKBAR». In R.C. Majumdar (ed.). The History and Culture of the Indian People: The Mughal empire (անգլերեն). Bharatiya Vidya Bhavan. էջ 106. «Bairam Khan begged him to slay Himu with his own hands in order to gain the reward of Jihad (crusade against infidels) and the title of Ghazi (hero combating infiedels). Akbar accordingly struck Himu with his sword. The story of Akbar's magnanimity and refusal to kill a fallen foe seems to be a later courtly invention»
- ↑ 25,0 25,1 Chandra, 2004, էջ 93
- ↑ Tripathi, 1960, էջ 177
- ↑ Roy, 2013, էջ 47
- ↑ «Places Of Interest / Hemu's Samadhi Sthal». panipat.gov.in. Արխիվացված է օրիգինալից 28 June 2016-ին. Վերցված է 13 July 2016-ին.
- ↑ «Hemu's Samadhi Sthal». Haryana Tourism. Վերցված է 13 July 2016-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՄողոլների դարաշրջանի պատմաբանները Հեյմուի մասին։
- Աքբարնամա Աբուլ-Ֆազլի կողմից
- Բադաունիի Մունթախաբու-ռուխը
- Թաբակաթ-ի-Աքբարի Նիզամուդդին Ահմադի կողմից
- Tārikh-i-Salātin-i-Afghāniyah Ահմադ Յադգարի կողմից
- Táríkh-i Dáúdí Աբդուլլահի կողմից