Հայ-նորվեգական հարաբերություններ

Հայ-նորվեգական հարաբերություններ (նորվ.՝ Armensk-norske relasjoner), դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի և Նորվեգիայի միջև։

Հայ-նորվեգական հարաբերություններ
Հայաստան և Նորվեգիա

Հայաստան

Նորվեգիա

Հայաստանի և Նորվեգիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականին[1]։ Հայաստանը և Նորվեգիան Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության և Միավորված Ազգերի կազմակերպության լիիրավ անդամներ են։

Պատմություն խմբագրել

Հայաստանի և Նորվեգիայի արտաքին հարաբերությունները սկսվել են զարգանալ 20-րդ դարի վերջին տասնամյակից` Խորհրդային Միության անկումից հետո։ Չնայած այս հանգամանքի՝ ո՛չ Երևանում և ո՛չ էլ Օսլոյում չի գործում դեսպանատուն և Նորվեգիայի շահերը Հայաստանում ներկայացնում է Դանիայի դեսպանատունը։

ՀՀ քաղաքացիները Նորվեգիայի կարճաժամկետ շենգենյան վիզայի համար (առավելագույնը 90 օր կես տարվա ընթացքում) կարող են դիմել Կոպենհագենում Նորվեգիայի դեսպանատուն։

Հայաստանում գործում է Նորվեգիայի պատվո հյուպատոսություն։

2012 թվականի մարտի 12-ին Հրաչյա Աղաջանյանը նշանակվել է Նորվեգիայում ՀՀ դեսպան (նստավայրը՝ Կոպենհագեն)։

2007 թվականի մայիսին Մադս Լանգաարդ Լունդը նշանակվել է Նորվեգիայում ՀՀ պատվավոր հյուպատոս։

2001 թվականի ապրիլին Թիմոթի Դեյվիդ Սթրայթը նշանակվել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության պատվավոր հյուպատոս։

Հայերը Նորվեգիայում խմբագրել

Հայերը Նորվեգիայում սկսել են բնակություն հաստատել 20-րդ դարում՝ 1970-ական թվականներից։ Նորվեգիայում հաստատված առաջին հայերը եղել են գաղթականներ, ովքեր 1990-ական թվականներին գաղթել են Սիրիայից, Իրանից և Լիբանանից։ Նրանց թվում կային նաև գաղթականներ Հայաստանից։

Ներկայումս Նորվեգիայի թագավորության տարածքում ապրում է շուրջ 1000 հայ։ Նորվեգիայի հայկական համայնքը կենտրոնացված է հիմնականում երկրի մայրաքաղաք Օսլոյում, սակայն այս երկրում հայերը բնակվում են ինչպես նաև այլ ծայրամասային քաղաքներում։ Մյուս խոշոր հայաբնակ քաղաքներն են Նարվիկը և Բերգենը։

Նորվեգահայերը զբաղվում են արհեստներով, առևտրով, ինչպես նաև սպասարկման ոլորտի բնագավառներով։ Նորվեգիայում ապրում են մեծ քանակությամբ հայ մանր առևտրականներ։

Օսլոյում գործում է հայ-նորվեգական միությունը, որը կոչված է պաշտպանելու նորվեգահայերի շահերը։ Այն նաև ներկայացնում է Նորվեգիայի հայ համայնքը իշխանությունների առաջ։ Ներկայումս հայ-նորվեգական միության նախագահի պաշտոնը զբաղեցնում է Ֆրեդ Իսլանդարյանը։

Չնայած այն հանգամանքի, որ Նորվեգիայի տարածքում ապրում է 1000-ից ավելի հայ, այնուամենայնիվ, Նորվեգիայի ոչ մի քաղաքում մինչ օրս չի գործում հայկական եկեղեցի։ Հայ համայնքի հոգևոր կարիքները հոգում է հայրապետական պատվիրակությունը, որի կենտրոնը գտնվում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։ Նորվեգիայում գործում է հայկական կիրակնօրյա դպրոց։

Այնտեղ դասավանդվում է հայոց լեզու և հայոց պատմություն[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Նորվեգիա - Երկկողմ հարաբերություններ - Հայաստանի արտաքին գործերի նախարարություն». www.mfa.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 10-ին.
  2. «Նորվեգիայի հայ համայնք». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 13-ին.