Վենետիկի հայ համայնքը կազմավորվել է 13-րդ դարում սկգբին, երբ ծովային աշխույժ առևտրական հարբերություններ են հաստատվել Վենետիկի ու Կիլիկյան Հայաստանի միջև։

Վենետիկի տեսքը վերևից

Հայաստան-Վենետիկ հարաբերությունների սկզբնավորումը խմբագրել

 
Լևոն Բ արքա

1211 թվականին Լևոն Բ թագավորը վենետիկցի առևտրականներին շնորհել է արտոնություններ, որոնք հետագայում ընդլայնվել են։ Փոխադարձաբար Վենետիկում հայերին են առանձնաշնորհել, և արդեն 13-րդ դարի առաջին կեսին հայերը Վենետիկում ունեին Հայոց տուն, որը նվիրել էր Վենետիկի դոժ Մարկո Ծիանին։ 1348 թվականին հիշատակվում են Հայ եղբայրների Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին և վանքը քաղաքի Կաստելլո թաղամասում, 1434 թվականին՝ հայկական Սուրբ Խաչ եկեղեցին՝ կառուցված Կանթեղների նրբանցքում (Կալլե դելլե լանտեռնե), որը հետագայում կոչվել է Հայոց նրբանցք (Կալլե դեի Արմենի), և հիմա էլ նույն անունն է կրում։

 
Նոր Ջուղայի վանքը

Հայերն ունեին գերեզմանատուն, որը գտնվում էր Սուրբ Գևորգ (Սան Ջորջո) կղզում (1970-ական թվականներին կատարված պեղումների ժամանակ հայտնաբերվել է 1570 թվականի տապանաքար՝ հայերեն արձանագրությամբ)։ Վենետիկի հայ համայնքն իր բարգավաճմանն է հասել 16-18-րդ դարերի՝ հատկապես Հին և Նոր Ջուղայի վաճառական ների գործունեության շնորհիվ (Վենետիկում կա Ջուղայեցիների փողոց)։ Նույն դարերում Վենետիկը դարձել է հայկական տպագրության կենտրոն։

Հայերը Վենետիկում 18-19-րդ դարերում խմբագրել

 
Մխիթարյան միաբանության եկեղեցու ներքին հարդարանքը

1715 թվականին Վենետիկ է հասել Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացին՝ իր 16 միաբաններով, և երկու տարի հետո հաստատվել Սուրբ Ղազար կղզում, որը նրան նվիրել է Վենետիկի Հանրապետությունը։ 1789 թվականից կղզում սկսել է գործել Մխիթարյան հայրերի հիմնած հայկական տպարանը։ 1836 թվականին Սխիթարյան միաբանությունը Վենետիկում հիմնել է Ռափայելյան (հետագայում՝ Մուրատ-Ռափայելյան) վարժարանը, 1843 թվականին՝ «Բազմավեպ» հայագիտական հանդեսը։

Վենետիկում ապրած նշանավոր հայերը խմբագրել

 
Վենետիկի Սուրբ Ղազար կղզին

Վենետիկի հայերը, տնտեսական և առևտրական աշխույժ գործունեությունից բացի, աչքի են ընկել նաև գիտության ու մշակույթի բնագավառներում։ Հայտնի է Անտոն Սուրյանը, որը 1575 թվականի ժանտախտի համաճարակի ժամանակ իր հայտնաբերած դեղով անհատույց բուժել է բազմաթիվ քաղաքացիների։ Նա պատրաստել է նաև նոր հզոր թնդանոթներ, ինչպես նաև մեքենա, որով ծովի հատակից բարձրացվել են ջրասույզ նավեր։ Հիշատակության են արժանի 17-րդ դարում Վենետիկում հաստատված մեծահամբավ վաճառականների Շահրիմանյան գերդաստանից եկեղեցական Զաքարիա Շահրիմանը (1708-1784), որը եղել է Վենետիկյան լուսավորական շարժման գործիչներից, բանաստեղծուհի Վիկսարյա Աղանուրը (1855-1910), երաժշտագետ Անջելո Էֆրիկյանը(1913-1982), գրաքննադատ Հուսիկ Աշրաֆյանը (1920-1980, իտալացի հանրությանը ծանոթ «Գլաուկո Վիացի» գրական ծածկանունով), արվեստաբան Վարդ Արսլանը (1899-1968), բանաստեղծ Հրանտ Նազարյանցը (1884-1963), քիմիկոս, լուսաքիմիայի հիմնադիր Հակոբ (Լուիջի) Չամիչյանը (1852-1922, նրա անունով է կոչվում Բոլոնյայի քիմիայի ինստիտուտը և Տրիեստի փողոցներից մեկը, 1922-ին ներկայացվել է Նոբելյան մրցանակի, սակայն մահվան պատճառով հարցը չի քննարկվել)։ 1982—1987 թվականին Վենետիկի համալսարանի հայագիտական ամբիոնը նշել է հայազգի նշանավոր գործիչների (Հ. Աշրաֆյան, Վ.Արսլան, Սուքիաս Էփրիկյան, Վ. Աղանուր, Հ. Նազարյանց) հիշատակի օրերը։

1983 թվականին Վենետիկի համալսարանի հայագիտական ամբիոնի նախաձեռնությամբ Վենետիկի քաղաքապետարանը կազմակերպել է հայկական ֆիլմերի շաբաթ, որը լայն արձագանք է գտել։ 1980-ական թվականներին աշխույժ գործունեություն է ունեցել Հայ դատի հանձնախումբը։ 1987 թվականին հիմնվել է Պո-Արաքս մշակութային ընկերակցությունը, 1991 թվականին՝ Իտալիա-Արմենիա հասարակական ընկերակցությունը։ 1991 թվականից Վենետիկում գործում է Մխանից տեղափոխված Հայ մշակույթի ոաումնասիրության և վավերագրման կենտրոնը։ 1995 թվականին վերաբացվել է Սուրբ Խաչ եկեղեցին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։