Սուրբ Աստվածածին եկեղեցի (Համադան)
Սուրբ Աստվածածին, հայ առաքելական եկեղեցի Իրանի Համադան քաղաքում։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Թեհրանի թեմին։ Գտնվում է Էքբատան փողոցի վրա։
Սուրբ Աստվածածին եկեղեցի | |
---|---|
Արտաքին տեսք | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի և մշակութային արժեք |
Երկիր | Իրան |
Տեղագրություն | Համադանի նահանգ[1] |
Թեմ | Թեհրանի թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն) |
Ներկա վիճակ | գործող |
Ժառանգության կարգավիճակ | Իրանի ազգային ժառանգություն[1][2] |
Անվանված | Մարիամ Աստվածածին |
Ճարտարապետական տիպ | բազիլիկա |
Ճարտարապետական ոճ | քաջարական ճարտարապետություն |
Կառուցման ավարտ | 1676 |
Գմբեթ | 1 հատ |
Saint Mary Church (Hamadan) Վիքիպահեստում |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Պատմություն
խմբագրելՀամադանում առաջին հայերի հաստատման մասին տեղեկությունները 7-րդ դարի են. Հայաստանի երկրորդ բաժանումից (591) տասներկու տարի անց Սասանյան Պարսկաստանի շահ Խոսրով Բ Փարվեզի զորքերը գրավում են հայկական Կարին (Էրզրում) քաղաքը և հայ բնակիչների մի մասին գաղթեցնում Համադան[3]։ Դրանից ուղիղ մեկ հազարամյակ անց՝ 1603 թվականին, Սեֆյան Պարսկաստանի շահ Աբբաս I Սեֆին Արևելյան Հայաստանի հայերին բռնագաղթեցնում է Իրանի կենտրոնական քաղաքներ, այդ թվում՝ Համադան։ Նրանք հաստատվում են քաղաքի պատմական կենտրոնում՝ մարա-պարսկական երեքհազարամյա Էքբատան քաղաքում։ 1676 թվականին կառուցվում է քաղաքի առաջին եկեղեցին՝ սուրբ Աստվածածինը։ Այն կառուցվել է ոչ միայն քաղաքի, այլև շրջակա հայկական գյուղերի՝ Անուջի (Անվաջ), Դեհզունայի, Դասումաբադի, Շավարինի (Շահվերան) բնակիչների համար։ Այս քաղաքում են ծնվել Աստվածատուր Ա կաթողիկոսը, Հովսեփ Էմինը, Հովսեփ Միրզայանը և ուրիշներ։
Սուրբ Աստվածածին եկեղեցին 19-րդ դարում վերանորոգվել է։ Դա կապված էր հայ բնակչության աճի հետ. 20-րդ դարի սկզբին հայերի թիվը հասնում է 820-ի, բացվում է առաջին հայկական դպրոցը[4]։ Հայերն ունեցել են ևս մեկ՝ ավետարանական սուրբ Ստեփանոս-Գրիգոր եկեղեցին[5]։ Դա կապված էր տեղի մի քանի ավետարանական ընտանիքների հետ[6]։ Վերջին հայկական գյուղի բնակիչները 1946 թվականին գաղթել են Հայաստան, իսկ Համադան քաղաքում նախքան իսլամական հեղափոխությունը մնացել էր 16 ընտանիք։ Այսօր Համադանում հայեր չկան[7]։ 1998 թվականին եկեղեցին գրանցվել է Համադանի մշակութային հուշարձանների ցանկում՝ 2237 թվի տակ[8]։
Ճարտարապետություն
խմբագրելԵկեղեցին բազիլիկ կառույց է, վերակառուցվել է 19-րդ դարում՝ Ղաջարիների դարաշրջանում, վերանորոգվել 1936 թվականին[9]։ Արտաքինից պատերը աղյուսով են կառուցվել, ներսից շինությունը գաջված է։ Սուրբ Աստվածածինը եզակիներից է, որի խորանում դրված է Հիսուս Քրիստոսի՝ խաչով նկարը։ Հյուսիսային ու հարավային պատերին կա 5-ական պատուհան, ևս երկուսը և գլխավոր մուտքը արևմուտքում են։ Գմբեթավոր զանգակատունը մուտքի վերևում է կառուցված։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ https://hamedancouncil.ir/city/%DA%A9%D9%84%DB%8C%D8%B3%D8%A7%DB%8C-%D8%AD%D8%B6%D8%B1%D8%AA-%D9%85%D8%B1%DB%8C%D9%85-%D8%B3/
- ↑ Արևմտեան Հայաստանի քաղաքներ. Էրզրում
- ↑ «Իրանահայ համայնքը. արդի հիմնախնդիրներ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 8-ին.
- ↑ کلیساهای همدان
- ↑ Իրանի հայ բողոքական համայնքը
- ↑ My Persian Pilgrimage: An Autobiography
- ↑ کلیسای حضرت مریم (س)
- ↑ کلیسای گریگوری میراثی 335 ساله از دوران صفوی در همدان(չաշխատող հղում)