Բացել գլխավոր ցանկը

Աստվածատուր Ա Համադանցի

հայ քահանա

Աստվածատուր Ա Համադանցի (ծ. թ. անհայտ – 10.10.1725), Ամենայն հայոց կաթողիկոս 1715 թվականից։ Հաջորդել է Աղեքսանդր Ա Ջուղայեցուն։

ԿենսագրությունԽմբագրել

Կաթողիկոսության շրջանը համընկել է Արևելյան Հայաստանում թուրք-պարսկական հակամարտութայն ծավալման հերթական սրման հետ։ Աստվածատուր Ա Համադանցին աջակցում էր Դավիթ Բեկի գլխավորած ազատագրական շարժմանը։

 
Ամենայն Հայոց կաթողիկոս Աստվածատուր Ա Համադանցու գերեզմանը

Ռուսաստանի հետ կապեր ունենալու ամբաստանությամբ պարսիկները հալածել են նրան։ Աստվածատուր Ա Համադանցու խնդրանքով Պարսից Թահմազ շահը 1724-ին հատուկ հրովարտակով Պարսկաստանում վերացրել է իսլամ ընդունած հայերի բացառիկ իրավունքը հայրենական ժառանգության նկատմամբ (ըստ այդ իրավունքի, քրիստոնյա ընտանիքի մի անդամը կարող էր դառնալ այդ ընտանիքի միակ ժառանգորդը, եթե իսլամ ընդուներ)։ Նույն թվականին վերացնել է տվել նաև գլխահարկի հավելումները։ Այդ առիթով նա երկիր վերադառնալու կոչ է ուղղել խտրականության հետևանքով այլ երկրներում հաստատված արևելահայ վաճառականներին։ Հատուկ կոնդակով Շամախու, Շիրվանի և Շաքիի թեմերը հռչակել է տերունի և հանել Գանձասարի կաթողիկոսության իրավասությունից։ Սակայն Եսայի Հասան-Ջալալյանի՝ Էջմիածին այցելելուց հետո կրկին դրանք հանձնել է Գանձասարի աթոռի իրավասությանը։ Շինարարական աշխատանքներ է կատարել Էջմիածնի Մայր տաճարում, Էջմիածնի կալվածների մի մասն ապահովել վավերացված կալվածագրերով։

Աստվածատուր Ա Համադանցուց մեզ են հասել մի շարք երկեր՝ հիմնականում մատենագրական վկայությունների քաղվածներ և կոնդակներ։ Նրա պատվերով Ավետիք Տիգրանակերտցին կազմել է մի Գավազանագիրք։ Վախճանվել է լուսնի խավարումը դիտելու ժամանակ տանիքից ընկելով։ Ամփոփվել է Էջմիածնի Հռիփսիմեի տաճարի գավթում։

Կաթողիկոսական գահին Աստվածատուր Ա Համադանցուն հաջորդել է Կարապետ Բ Ուլնեցին։


Նախորդող՝
Աղեքսանդր Ա Ջուղայեցի
Կաթողիկոս
1715–1725
Հաջորդող՝
Կարապետ Բ Ուլնեցի

ԳրականությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել