Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտե
Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտե, 1920 նոյեմբեր (ՌՀԿ, ռազմհեղկոմ, հեղկոմ), ռազմա-քաղաքական մարմին։ Կազմվել է ՀԿ (բ) կ կենտրոնական կոմիտեի և նրա արտասահմանյան բյուրոյի (գտնվում էր Բաքվում) անդամներից։ Նպատակն էր խորհրդային իշխանության հաստատումը Հայաստանում։ ՌՀԿ նախագահն էր Սարգիս Կասյանը, անդամները՝ Ասքանազ Մռավյանը, Սահակ Տեր-Գաբրիելյանը, Ավիս Նուրիջանյանը, Ալեքսանդր Բեկզադյանը, Իսահակ Դովլաթյանը։ 1920 թվականի նոյեմբերի 29-ին ՌՀԿ Խորհրդային Ռուսաստանի 11-րդ կարմիր բանակի զորամասերի ուղեկցությամբ անցավ հայ-ադրբեջանական սահմանը և մտավ Քարվանսարա (Իջևան)։ ՌՀԿ Հայաստանի «աշխատավոր ժողովրդի» (տեղի չունեցած) ապստամբության անունից երկիրը հռչակեց խորհրդային սոցիալիստական հանրապետություն։ Նոյեմբերի 30-ին ՌՀԿ հեռագիր հղեց Խորհրդային Ռուսաստանի կառավարության նախագահ Վլադիմիր Լենինին, խնդրելով օգնություն։ Ապա ՌՀԿ և կարմիր բանակի զորամասերը շարժվեցին Երևան, չհանդիպելով և ոչ մի դիմադրության։
ՌՀԿ Երևան ժամանեց դեկտեմբերի 6-ին։ Մինչ այդ, 1920 թվականի դեկտեմբեր 2-ին Հայաստանի Հանրապետության և Խորհրդային Ռուսաստանի միջև կնքվեց համաձայնագիր, ըստ որի Հայաստանը հայտարարվում էր անկախ սոցիալիստական հանրապետություն, Հայաստանի Հանրապետության կառավարությունը հրաժարվում էր իշխանությունից, ամբողջ իշխանությունը՝ մինչև ՌՀԿ-ի ժամանումը Երևան, անցնում էր ժամանակավոր ռազմահեղափոխական կոմիտեի ձեռքը։ Համաձայնագրի կետերից մեկի համաձայն, դաշնակցության և Հայաստանի սոցիալիստական այլ կուսակցությունների անդամները չէին ենթարկվելու հետապնդումների իրենց կուսակցական պատկանելիության համար։ Համաձայնագրի մի այլ կետով սահմանվում էր, որ ռազմահեղափոխական կոմիտեն բաղկացած է լինելու կոմունիստական կուսակցության կողմից նշանակված 5 և ձախ դաշնակցականների խմբերից նշանակված 2 անդամներից։
Ժամանելով Երևան՝ Հայաստանի ՌՀԿ իր ձեռքում կենտրոնացրեց ամբողջ իշխանությունը, հանդիսանալով հանրապետության բարձրագույն օրենսդիր և գործադիր մարմին։ ՌՀԿ չհամաձայնեց Հայաստանի Հանրապետության և ՌԽՖՍՀ միջև կնքված համաձայնագրի այն կետի հետ, ըստ որի ՌՀԿ-ի կազմի մեջ պիտի ընդգրկվեին ձախ դաշնակցականների ներկայացուցիչներ։ Շուտով խախտվեց նաև համաձայնագրի մյուս պայմանը՝ չհետապնդել դաշնակցություն կուսակցության անդամներին նրանց անցյալ գործունեության համար։
Հայաստանի ՌՀԿ-ի, որպես պետական իշխանության բարձրագույն մարմնի գործն էր՝ հանրապետության ղեկավար մարմինների կազմավորումը, օրենսդրական որոշումների հրապարակումը, տնտեսության, սոցիալական ոլորտի, մշակույթի ղեկավարումը։ ՌՀԿ ստեղծեց մի շարք ժողովրդական կոմիսարիատներ և գերատեսչություններ՝ պետության և ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառները կառավարելու համար։ Ընդօրինակելով Խորհրդային Ռուսաստանի փորձը, հաշվի չառնելով Հայաստանի առանձնահատկությունները, ՌՀԿ իրագործեց մի շարք սոցիալիստական միջոցառումներ, փորձեց իրագործել ռազմական կոմունիզմի քաղաքականությունը, որի անմիջական հետևանքը հանդիսացավ 1921 թվականի փետրվարին բռնկված ժողովրդական ապստամբությունը։
Հայաստանի ՌՀԿ գոյություն ունեցավ մինչև 1921-ի մայիսի 21-ը, երբ վերակազմվեց բանվորա-գյուղացիական կառավարության՝ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Ժողովրդական Կոմիսարների Խորհրդի։
Գրականություն
խմբագրել- «Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ ռևոլյուցիան և սովետական իշխանության հաղթանակը Հայաստանում»։ Փաստաթղթերի և նյութերի ժող., Ե., 1960։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 150)։ |