Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ, Երևանում գործող դասական երաժշտական նվագախումբ։ Հիմնվել է 2005 թ.։ Հիմնադրումից մինչև օրս գլխավոր դիրիժորն է Սերգեյ Սմբատյանը։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ
Գործունեություն2005

Պատմություն խմբագրել

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հիմնել է դիրիժոր Սերգեյ Սմբատյանը 2005 թվականին, ով հանդիսանում է վերջինիս գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը։ Իր գոյության կարճ ժամանակահատվածում նվագախումբը հանդես է եկել բազմաթիվ համերգներով Հայաստանում և նրա սահմաններից դուրս։ Նվագախմբի ելույթները ջերմորեն ընդունվում են հանդիսատեսի կողմից, արժանանում երաժշտասեր հասարակության բարձր գնահատականին Գերմանիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Բելգիայում, Նիդեռլանդներում և այլուր։ Նվագախումբը Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ ելույթ է ունեցել աշխարհի հանրահայտ համերգասրահներում՝ Opera Garnier (Փարիզ), Konzerthaus (Բեռլին), Dr. Anton Philipszaal (Հաագա), Չայկովսկու անվան համերգասրահ և Կոնսերվատորիայի Մեծ համերգասրահ (Մոսկվա), Palais des Beaux-Arts (Բրյուսել) և այլն։ Նվագախումբը մասնակցել է Մոսկովյան Զատկի (Մոսկվա/ Ռուսաստան), YOUNG.EURO.CLASSIC (Բեռլին/Գերմանիա), Kultursommer Nordhessen (Կասսել/Գերմանիա), Young.Classic.Wratislavia (Վրոցլավ/Լեհաստան) և մի շարք այլ միջազգային փառատոների։

Երիտասարդական նվագախումբը համագործակցում է աշխարհահռչակ վարպետների հետ՝ Վալերի Գերգիև, Վլադիմիր Սպիվակով, Մաքսիմ Վենգերով, Դենիս Մացուև, Վադիմ Ռեպին, Գրիգորի Ժիսլին, Քշիշտոֆ Պենդերեցկի, Վահագն Պապյան, Բորիս Բերեզովսկի և այլք։

2008 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ նվագախումբը ստանձնեց պետական կարգավիճակ՝ բարձր վարպետության և ժամանակակից երաժշտական միտումների խորն ընկալման համար։

2014 թ. մարտի 6-ին ՀՀ Կառավարության որոշմամբ ստացել է պետական ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ։

Երիտասարդական նվագախումբը մշտապես մասնակցություն է ունենում միջազգային փառատոներում՝ «Մոսկովյան Զատկի փառատոն» (Մոսկվա), «YOUNG.EURO.CLASSIC¦ (Բեռլին), «Օդեսան դիմավորում է ընկերներին» (Օդեսա)[1], (Կասսել), «Young.Classic.Wratislavia» (Վրոցլավ) և այլն։

Երիտասարդ երաժիշտները նախաձեռնում և իրականացնում են բարեգործական միջոցառումներ Հայաստանում և արտերկրում։ 2007 թվականից նվագախումբը հանդիսանում է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի պաշտոնական նվագախումբ։ Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի շրջանակներում 2011 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նվագախումբը հյուրախաղերով մեկնել է եվրոպական մի շարք երկրներ։ Ներկայացնելով հայ, ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների բազմաժանր երկացանկ՝ նվագախմբի երիտասարդ երաժիշտները արժանացան բարձր գնահատականի. հանդիսատեսը մեծ խանդավառությամբ ընդունեց նրանց կատարողական բարձր վարպետությունը։

Նվագախմբի երկացանկը բարդ է և հասուն՝, ընդգրկում է դասականից մինչև ժամանակակիցը։ Նվագախումբը համագործակցում է ժամանակակից կոմպոզիտորների հետ և կատարում նրանց նոր ստեղծագործությունները։ 2010 թվականից Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնությամբ անց է կացվում Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը՝ ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո։ 2011 թվականին «Sony DADC» ձայնագրման ստուդիայում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ թողարկեց անդրանիկ «Music is the answer» ձայնասկավառակը, որի մեջ ընդգրկված են Էդվարդ Հայրապետյանի, Պյոտր Չայկովսկու և Դմիտրի Շոստակովիչի լավագույն ստեղծագործությունները։

2007 թվականից նվագախումբը հանդիսանում է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի պաշտոնական նվագախումբ։

Պարգևներ խմբագրել

  • Հայաստանի մշակույթի նախարարության շնորհակալագիր, 2017

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել