Հայաստանի գրադարանները բազմադարյան պատմություն ունեն։ Միջնադարյան աղբյուրներում նրանք կոչվել են գրատուն, գրանոց, արկեղք գրոց, գանձատուն, մատենադարան, դիվան, երբեմն էլ՝ նշխարանոց, նշխարախուց։ Եղել են վանքերին կից, երբեմն ունեցել են առանձին շինություն (Հաղպատ, Արգինա են)։ Տարածված են եղել վանքերին մոտակա քարայրային գրապահոցները, որտեղ տեղավորվում էր հաճախ մեծ քանակությամբ գրականություն։ Որոշ գրատներում գրադարակների դեր են կատարել որմնախորշերը։ 10-րդ դարում հիմնված Սանահինի և Հաղպատի վանքերը 13-րդ դարում արդեն ճանաչված էին իրենց հարուստ գրադարաններով։ Հայ գրքի կարևոր կենտրոններից է եղել նաև Տաթևի վանքի (9-րդ դարում) գրադարանները։ Հայտնի են Արգինայի և Հռոմկլայի կաթողիկոսական (10-րդ դարում) և Անիի արքայական (11-րդ դարում) գրադարանները։ Հիշատակություններ կան Կարսի արքայական, Հոռոմոս վանքի գրադարանի մասին։

Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հիմքը կազմող Էջմիածնի ձեռագրատունը հիմնվել է 5-րդ դարում և ընդմիջումներով իր գոյությունը շարունակել ողջ միջնադարում։ Նշանավոր են եղել նաև Գետիկի վանքի, Գլաձորի, Գեղարդի, Հովհաննավանքի, Սաղմոսավանքի գրադարանները։ Գրադարաններ են եղել Արճեշի Մեծոփա վանքում, Արցախում, Կիլիկիայում (Սկևռա, Գրազարկ), Երզնկայում, Վասպուրականում (Վարագա և Նարեկա վանքեր) ևն։ Հարուստ են եղել Կաֆայի (1366 թվականից), Նոր Ջուղայի (17-րդ դար), Լիմ անապատի, Ամրդոլու վանքի գրադարանները։ Մեզ են հասել Սաղմոսավանքի (կազմված 15-րդ դար) և Ամրդոլու վանքի (կազմված 17-րդ դար) գրացուցակները։ Նախասովետական Հայաստանում աչքի էին ընկնում Երևանի արական և Հռիփսիմյան իգական գիմնազիաների, Երևանի թեմական հոգևոր դպրոցի գրադարանը։

1902 թվականին Երևանում բացվել է հասարակական գրադարան ընթերցարան, հետագայում ստեղծվել են մասնավոր գրադարաններ, որոնցից կարևոր էր Ավետիսյանի գրադարան ընթերցարանը։ 1913 թվականին Հայաստանում կար 13 գրադարան՝ 9000 կտոր գրքով։ Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո բուռն զարգացում է ապրում գրադարանային գործը, քաղաքներում և գավառներում կազմավորվում են նոր գրադարաններ, խրճիթընթերցարաններ։ 1921 թվականին հիմնվեց հայկական ՍՍՏ Ալ․ Մյասնիկյանի անվան Հանրապետական գրադարանը Երևանում (պաշտոնական բացումը՝ 1922 թվականին)։ 1921 թվականին կազմակերպվեց համալսարանի գրադարանը՝ Երևանի նախկին ուսուցչական սեմինարիայի ֆոնդերի հիման վրա։ 1925 թվականին Հայաստանում կար 500 գրադարան։

1923 թվականից գործում է Խնկո Ապոր անվան հանրապետական մանկական գրադարանը, որը կոորդինացնում է բոլոր մանկական գրադարանների աշխատանքները։ 1935 թվականին հիմնվեց Երևանի քաղաքային գրադարանը։ Հայկական ՍՍՏ ԳԱ կենտրոնական գրադարանը հիմնադրվել է 1935 թվականին։ 1946 թվականին Հայաստանում կար 1125 գրադարան՝ 909 հազար գրքային ֆոնդով, այդ թվում քաղաքային վայրերում՝ 124, գյուղական վայրերում՝ 784 գրադարան։ Ստեղծվեց մասսայական, հանրապետական, գիտական, տեխնիկական, մանկական, արհմիութենական, դպրոցական գրադարանների հարուստ ցանց՝ միլիոնավոր գրքերի ֆոնդերով։ 1975 թվականին SUUS-ում կար բոլոր տեսակի մոտ 3300 գրադարան (47600000 միավոր ֆոնդով), այդ թվում մասսայական՝ 1305, դպրոցական՝ 1442, տեխնիկական՝ 539։ Սփյուռքում գործում են հարյուրավոր հայկական գրադարաններ, որոնցից նշանավոր են Երուսաղեմի ձեռագրատունը, Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան մատենադարանները։

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 193