Հայաստանի ազգային գրապալատ
Հայաստանի ազգային գրապալատ (մինչև 1995 թվականը՝ ՀՀ պետական գրապալատ), Հայաստանում հրատարակությունների պետական գրանցման, հաշվառման և ազգային անձեռնմխելի ֆոնդերի պահպանության, ազգային մատենագիտության, գրքագիտության, կենտրոնացված քարտագրացուցակավորման, մամուլի վիճակագրության և տեղեկատվության, ճյուղային սոցիոլոգիական հետազոտությունների ազգային կենտրոն։ Հիմնադրվել է Երևանում՝ ՀԽՍՀ Ժողկոմխորհի 1922 թվականի որոշմամբ։ Գործել է մինչև 2017 թվականը, երբ կառավարության որոշմամբ միավորվել է Հայաստանի ազգային գրադարանի հետ։
Հայաստանի ազգային գրապալատ | |
---|---|
Հիմնադրված | 1922 |
Լուծարված | 2017 |
Իրավ. կարգավիճակ | լուծարված |
Գլխադասային գրասենյակ | Երևան |
Նախկին անվանում(ներ) | ՀՀ պետական գրապալատ |
Գործունեություն
խմբագրելԳրապալատում գործել են գրքի՝ ISBN (1988 թվականից), երաժշտական (նոտագրական)՝ ISMN (2002 թվականից) հրատարակությունների միջազգային ստանդարտ (չափորոշիչ) համարակալման համակարգերի ազգային գործակալությունները, պարբերականների միջազգային ստանդարտ համարակալման ISSN (2004 թվականից) ազգային կենտրոնը[1]։
Գրապալատում պահվել են 1920 թվականից հանրապետությունում լույս ընծայված տպագիր ողջ արտադրանքի ազգային (պետական) անձեռնմխելի ամենաամբողջական՝ ավելի քան 1200000 հաշվվող ֆոնդերը[1]։
Գրապալատը.
- հավաքել, մշակել, գրանցել, հաշվառել և պահպանել է ողջ աշխարհում լույս տեսնող հայկական հրատարակությունների օրինակները, ինչպես նաև արտերկրի ոչ հայկական մամուլում Հայաստանի ու հայ ժողովրդի մասին հրապարակված նյութերը,
- «Հայ տպագրության տարեգիրք» խորագրով կազմել է ՀՀ-ում և Սփյուռքում լույս տեսած հրատարակությունների, ինչպես նաև արտերկրի ոչ հայկական մամուլում Հայաստանի ու հայ ժողովրդի մասին տպագրված հոդվածների մատենագիտական ընթացիկ ցանկերը, պարբերաբար՝ ամենամսյա համարներով, լույս է ընծայել, նաև կազմել, հրատարակել և տարածել է մատենագիտական այլ ցանկեր ու ժողավածուներ,
- պատրաստել և հրապարակել է ՀՀ-ում լույս տեսած մամուլի և գրականության հրատարակությունների վերաբերյալ տարեկան վիճակագրությունը,
- 2007 թվականից իրականացրել է հայկական տառատեսակների մշակման, թվայնացման և պահպանման ծրագիրը։ Գրապալատում նախագծված ու թվայնացված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները ՀՀ կառավարությունը 2010 թվականից ընդունել է որպես պետական փաստաթղթաշրջանառության մեջ կիրառվող պարտադիր տառատեսակներ։ Այս ծրագրի շրջանակներում գրապալատը ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ 2008 թվականից անցկացրել է միջազգային ամենամյա «Գրանշան» մրցույթը սկզբում միայն հայկական, հետագայում՝ նաև ոչ լատինատառ բոլոր տառատեսակների[1]։
Գրապալատը 1925 թվականից լույս է ընծայել հայ առաջին մատենագիտական պարբերականը՝ «Տպագրության տարեգիրը» (1995 թվականից՝ «Հայ տպագրության տարեգիրք»), 1939 թվականից՝ «Ամսագրային հոդվածների տարեգիրը», 1949 թվականից՝ «Լրագրային հոդվածների տարեգիրը», 1995 թվականից հիշյալ մատենագիտական ցանկերը, ինչպես նաև առանձին խորագրով նույն թվականից տպագրվող «Սփյուռքահայ մամուլի տարեգիրքը», հրատարակվել են ամենամսյա պարբերականությամբ լույս տեսնող ընթացիկ հրատարակությունների ազգային մատենագիտության «Հայ տպագրության տարեգրքում», որը ներառում է նաև ատենախոսությունների սեղմագրերի, նոտագրական, պատկերային հրատարակությունների, գրախոսությունների տարեգրքեր[1]։
Գրապալատում են կազմվել ու հրատարակվել Հովհաննես Պետրոսյանի մատենագիտական երկերը, «Հայ գրականության բիբլիոգրաֆիան» (1953), «Հայ գիտնականներ, հրապարակախոսներ, ժուռնալիստներ» (1960) կենսամատենագիտական հատորը, «Հայկական Սովետական Սոցիալիստական Ռեսպուբլիկա» (հ. 1, 1958), «Սովետական Հայաստանը ՍՍՀՄ մամուլում, 1946-1955» (1974), «Սովետահայ թարգմանական գեղարվեստական գրականություն, 1920-1980» (1983), «Հայ թարգմանական գեղարվեստական գրականություն, 1981-2010» (2011), առանձին տասնամյակների ընդգրկումով՝ 1920-2010 թվականներին հանրապետությունում լույս տեսած գրքերի (հհ. 1-9, 1978-2012, հաջորդաբար՝ «Գիրքը Սովետական Հայաստանում», «Գիրքը Խորհրդային Հայաստանում», «Գիրքը Հայաստանի Հանրապետությունում» վերնագրերով) մատենագիտական ցանկերը։ 1972 թվականից տպագրել է նաև ՀԽՍՀ-ում հրատարակվող ադրբեջաներեն և քրդերեն տպագիր արտադրանքի մատենագիտական ցանկերը[1]։
Տնօրեններ
խմբագրելՀայաստանի ազգային գրապալատի տնօրեններ են եղել Հովհաննես Պետրոսյանը, Գարսևան Հակոբյանը, Վիտալի Ասլանյանը, Մկրտիչ (Մգրո) Սարգսյանը, Հովհաննես Բեքմեզյանը[1]։
Գործունեության դադարեցում
խմբագրելՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 24-ի N 1204-Ն որոշմամբ՝ ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության «Հայաստանի ազգային գրապալատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպվել է և միացվել «Հայաստանի ազգային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։ Հայաստանի ազգային գրապալատի գրքային, տպագիր տնտեսությունը ամբողջությամբ տեղափոխվել է Հայաստանի ազգային գրադարան, գրապալատի բոլոր գործառույթներն իրականացնում է գրադարանը[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Այվազյան, Հովհաննես, ed. (2015). Հայ գրատպություն և գրքարվեստ. հանրագիտարան. Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն. էջեր 566–567. ISBN 978-5-89700-042-5.
- ↑ LLC, Helix Consulting. «Ազգային գրապալատի տնտեսությունն արդեն ամբողջությամբ տեղափոխվել է Ազգային գրադարան. Տ. Զարգարյան». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 11-ին.