Գրքի պալատի շենք (Երևան)
Գրքի պալատի շենք, պատմամշակութային հուշարձան Երևանի Կենտրոն վարչական շրջանում[1]։ Շենքի Տերյան փողոցի հատվածն ընդգրկված է Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Այս համալիրը նախագծվել է որպես պոլիգրաֆիական արդյունաբերության գլխավոր վարչության շենք։
![]() ' | |
![]() | |
![]() | |
Կոորդինատներ | 40°11′20″ հս․ լ. 44°31′17″ ավ. ե.HGЯO |
Գտնվում է | Երևան, Տերյան փողոց 91, Իսահակյան փողոց 28, Գևորգ Քոչարի փողոց 4 |
Կառուցվել է | 1940 թ., 1960 թ. |
Շինության ձևը | Պատմամշակութային հուշարձան |
Կառուցել է | Միքայել Մազմանյան, Հովհաննես Մարգարյան |
Ներկա վիճակը | Կանգուն |
ՊատմությունԽմբագրել
1935 թվականին Երևանի Գրքերի կամ Մամուլի պալատի շենքի կառուցման համար հայտարարված մրցույթին ներկայացվել է երկու նախագիծ` ճարտարապետներ Միքայել Մազմանյանի և Հովհաննես Մարգարյանի և ճարտարապետ Սեմյոն Պենի։ Պալատի շենքը նախագծվել է 1935 թվականին՝ ճարտարապետներ Միքայել Մազմանյանի և Հովհաննես Մարգարյանի կողմից։ Շենքը տեղակայված է Տերյան, Կորյունի, Քոչար, Իսահակյան փողոցներով պարփակված հատվածում։ Շենքի շինարարական աշխատանքները սկսվել են 1936 թվականին։ 1940 թվականին ավարտվել է Տերյան փողոցի կողմի մասը, որը Կիրովի (այժմ՝ Կորյունի) փողոցի կողմից սկսվում է սյունաշարով[2]։ Իսահակյան փողոցի հատվածում տեղակայված մասը կառուցված է 1960 թվականին` Միքայել Մազմանյանի, Հովհաննես Մարգարյանի և Սերգեյ Ներսիսյանի նախագծով։
Շենքի կենտրոնական մուտքը նախատեսված է եղել Կիրովի փողոցում, հանդիսավոր սյունաշարով և բակի միջով իրար էր միացնում տարբեր հիմնարկություններ։ Սակայն սկզբնական նախագծին համապատասխան կառուցվել է միայն շենքի Տերյան փողոցի մասը։
1929-1935 թվականներին շենքում տեղակայված «Հայաստան» հրատարակչությունում է աշխատել Եղիշե Չարենցը։
Տպարանը ստեղծվել է 1948 թվականի դեկտեմբերի 1-ին` «Գրքերի տուն» անվամբ։ 1950 թվականին վերանվանվել է «Պոլիգրաֆ կոմբինատ», 1967 թվականին կրկին վերանվանվել է «Հակոբ Մեղապարտի անվան պոլիգրաֆ կոմբինատ»։ Այժմ տպարանը կոչվում է «Հակոբ Մեղապարտ տպագրատուն» փակ բաժնետիրական ընկերություն[2]։
Շենքում գտնվող «Պանդոկ Երևան» ռեստորանի տեղում եղել է պոլիգրաֆկոմբինատը, որտեղ լույս են տեսել «Հայկական սովետական հանրագիտարանի» 13 հատորները, գրքեր, բրոշյուրներ, տպագիր այլ արտադրանքներ։
Դեպի Իսահակյան փողոց իջնող հատվածում, որտեղ այժմ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդն է, եղել է Հրատպետկոմը` Հայկական ԽՍՀ հրատարակչությունների, պոլիգրաֆիայի և գրքի առևտրի պետական կոմիտեն (ավելի վաղ` մամուլի կոմիտե)։ 1966 թվականին Իսահակյան 28 հասցեի քառահարկ շենքում տեղակայվել է ՀԿԿ Մյասնիկյանի շրջանային կոմիտեն։ Կուսշրջկոմը տեղավորված էր երկրորդ ու երրորդ հարկերում, երրորդում` նաև կոմերիտմիության շրջկոմը, չորրորդ հարկում՝ Արմենպրեսը` Հայկական ԽՍՀ նախարարների խորհրդին առընթեր Հայկական պետական լրատվական գործակալությունը, որը մի քանի սենյակ է ունեցել նաև 3-րդ հարկում։ Առաջին հարկում է գտնվել Հայկական ԽՍՀ պտուղբանջարեղենի տնտեսության նախարարությունը (1985 թվականին միացվել է Պետագրոարդին), այնուհետև այստեղ է տեղափոխվել «Հայաստան» հրատարակչությունը[2]։ Շենքի նկուղում է գտնվել ՀԿԿ կենտկոմի հրատարակչությունը՝ թերթերի տպարանը։ Շենքի առջև` Իսահակյան փողոցի կողմից, տեղադրված է Հակոբ Մեղապարտի հուշարձանը (քանդակագործ՝ Խաչատուր Իսկանդարյան)[3]։
Բանվոր և կոլտնտեսական արձանԽմբագրել
Կառույցի բակի ավազանի մեջտեղում տեղադրված է եղել Երվանդ Քոչարի «Ալեգորիա» (Բանվոր և կոլտնտեսական) քանդակը։ Շենքի բակը բաց է եղել և մարդիկ կարողացել են տեսնել արձանը։ Հետագայում բարձրահարկ շենքը փակել է տեսադաշտը[2]։
2017 թվականի մարտի 14-ին ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ Երվանդ Քոչարի Բանվոր և կոլտնտեսական արձանը Երևանի գրապալատի հետնաբակից տեղափոխվել է Գևորգ Քոչարի փողոց՝ Դրամատիկական թատրոնին կից Մոսկովյան պուրակ[4]։ Նախքան տեղափոխումը կատարվել են արձանի հիմքի ամրակայման աշխատանքներ, վերանորոգվել են վնասված հատվածները, տեղադրվել է բազալտե նոր պատվանդան[5]։
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «ArmMonuments - ԳՐՔԻ ՊԱԼԱՏԻ ՇԵՆՔԻ ՏԵՐՅԱՆ ՓՈՂՈՑԻ ՀԱՏՎԱԾԸ»։ www.armmonuments.am։ Վերցված է 2017-07-13(չաշխատող հղում)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Գրքերի պալատ` կենդանի պատմություն»։ mediamax.am (անգլերեն)։ Վերցված է 2017-07-13
- ↑ «Հակոբ Մեղապարտի արձանը»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2017-07-13
- ↑ «Կառավարության որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov»։ www.e-gov.am (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-02-26-ին։ Վերցված է 2017-04-05
- ↑ Երվանդ Քոչարի հեղինակած «Ձոն միաբանության» բրոնզաձույլ արձանը կտեղափոխվի
Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 1.6/67 |