Հաճարենի անտառային

բույսերի տեսակ
Հաճարենի անտառային
Հաճարենի անտառային
Հաճարենի անտառային
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հաճարածաղկավորներ (Fagales)
Ընտանիք Հաճարազգիներ (Fagaceae)
Ենթաընտանիք Fagoideae
Ցեղ Հաճարենի (Fagus)
Տեսակ Հաճարենի անտառային (F. sylvatica)
Միջազգային անվանում
Fagus sylvatica
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Հաճարենի անտառային (լատին․՝ Fagus sylvatica), հաճարազգիներ ընտանիքի, հաճարենի ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

Ծառեր են` մինչև 30 (երբեմն` 50) մ բարձրությամբ, ձվաձև հզոր սաղարթով և հորիզոնական ուղղությամբ դասավորված տերևներով։ Անտառային խիտ տնկարկներում բունը ուղիղ է և գլանաձև, գետնից բավականին բարձր տեղադրված սաղարթով։ Երիտասարդ բնի վրա կեղևը մոխրագորշավուն է, ծեր ծառերի վրա մոխրագույն, հաճախ` թեփուկավոր, հարթ և բարակ։ Երիտասարդ ընձյուղները բաց շագանակագույն են, սկզբում մազմզուկապատ, ավելի ուշ՝ մերկ։ Բողբոջները իլիկաձև են, մինչև 2 սմ երկարությամբ, սրածայր։ Բացվում են ապրիլի սկզբին։ Տերևները էլիպսաձև են, հիմքում և գագաթում սեղմված, 4-10 սմ երկարությամբ և 2,5-6 սմ լայնությամբ, եզրերը թեթևակի ալիքավոր, նոսր ատամնաեզր, վերևի կողմից մուգ կանաչ և փայլուն, ներքևից ավելի բաց գույնի, նոր բացված տերևները մետաքսյա աղվամազապատ են, ավելի ուշ՝ մազմզուկապատ միայն ջղերի ուղղությամբ, թարթիչավոր։ Աշնանը սկզբում ստանում են դեղին, այնուհետևգորշ գունավորում։ Տերևակոթունները մազմզուկապատ են 0,5-1 սմ երկարությամբ։ Առէջային ծաղիկների ծաղկապատը ձագարազանգականման է, գծանման կամ գծաբլթակավոր, 2,5-5,0 մմ երկարությամբ, եզրերին սպիտակ մազմզուկներով։ Առէջները 4-15 հատ են։ Պտղագավաթի կողմնային տերևիկները մախաթանման են, կոթունը՝ մազմզուկապատ, 0,8-1,8 սմ երկարությամբ։ Ընկուզիկները 3 անկյունանի են, 1-1,6 սմ երկարությամբ, հասունանում են հոկտեմբեր-նոյեմբերին։

Տարածվածություն խմբագրել

Բնական պայմաններում տարածված է համարյա ողջ Արևմտյան Եվրոպայում, արևելքում հասնելով մինչև Ղրիմի հարավային ափերը։ Լայնասաղարթ անտառների գոտու բնորոշ ծառատեսակ է։ Առաջացնում է հսկայածավալ մաքուր և խառը անտառներ՝ կաղնու, եղևինի և այլ ծառատեսակների հետ միասին։ Այս հաճարենու անտառները տարածված են Ղրիմում, արևմտյան Ուկրաինայում, Բելառուսիայում, Կալինինգրադի մարզում։ Ալպյան լեռներում հաճարենու անտառները հանդիպում են մինչև 1300 — 1500 մ բարձրության վրա։

Կիրառություն խմբագրել

Ունի հսկայական անտառտնտեսական և արդյունաբերական նշանակություն։ Արմատային մացառներ չի տալիս։ Արևելյան հաճարենու հետ համեմատած ավելի ցրտադիմացկուն է, երբեմն աճում է ավելի աղքատ ու քարքարոտ հողերում։ Հողի գերխոնավացումը և հաճախակի ողողումները վատ է տանում[1]։


Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. (1), Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (171)։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաճարենի անտառային» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաճարենի անտառային» հոդվածին։