Հաղարջենի Ախուրյանի

բույսերի տեսակ
Հաղարջենի Ախուրյանի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Կոկռոշազգիներ
Ցեղ Հաղարջենի
Տեսակ Հաղարջենի Ախուրյանի
Լատիներեն անվանում
Ribes achurjani



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Հաղարջենի Ախուրյանի (լատին․՝ Ribes achurjani), կոկռոշազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ տերևաթափ թուփ, որն ունի 0.5-0.7 մ բարձրություն։ Ընձյուղները կարմրագորշավուն են, զույգ փշերով։ Տերևները կանաչ են, երեք բլթականի։ 0.2-0.4 սմ տրամագծով պտուղները մանր գնդաձև են և կարմրավուն։ Ծաղիկները գտնվում են կարճ (1-2 սմ) ողկույզներում։ Մշակովի պայմաներում հասնում է մինչև 1 մետր բարձրության։ Լավ է տանում խուզումը և խիտ ճուղավորման շնորհիվ կարելի է խորհուրդ տալ ցածր եզրազարդ ստեղծելու համար։ Կարելի է օգտագործել ալպինարիաներում, քարապարտեզներում և ընդհանրապես ծաղկապարտերային ձևավորումներում։ Պիտանի է հիմնականում Հայկական ՍՍՀ-ի բարձր լեռնային և միջին գոտիների բնակավայրերի կանաչապատման համար, քանի որ ցածրադիր վայրերում տուժում է երաշտից և արեգակնային բարձր ճառագայթումից[1]։

Լավ խնամված պայմաններում կարող է հասնել 1 մ-ի։ Ցածր վայրերում լավ չի աճում։ Չորադիմացկուն է, ցրտադիմացկուն և լուսասեր[1]։

Տարածված է Կովկասում, հյուսիսարևելյան Եվրոպայում։ Հանդիպում են նաև Լոռիում, Նոյեմբերյանում, Շամշադինում, Իջևանում, Սևանի ավազանում, Վայքում։ Աճում են հիմնականում անտառի եզրերին, թփուտներում, քարքարոտ լանջերում[1]։

Նկարագրություն խմբագրել

60-70 սմ բարձրությամբ թուփը բարակ ընձյուղներով է և մոխրագույն ճյուղերով։ 2-3 սմ երկարությամբ թեթևակի եռաբլթակ տերևները կանաչ են և մանր։ 2-4 սմ երկարությամբ կարճ ծաղկաբույլերով ծաղիկները խմբված են 2-4-ական իգական ծաղիկների ողկույզներում։ 2-4 մմ տրամագծով մանր պտուղները գնդաձև են և բաց կարմիր[2]։

Տարածվածություն խմբագրել

Հանդիպում է Վերին Ախուրյանի (Արփի լճի շրջակայք, Ամասիայի շրջակայք) և (Շիրակի Ախուրյան գետի կիրճ) ֆլորիստիկական շրջաններում[2]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ծովի մակարդակից 1500-2400 մ բարձրությունների վրա, միջին, վերին և ենթալպյան գոտիներում, ժայռոտ տեղերում և գետերի ժայռոտ ափերին։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիսին[2]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է և Հայաստանի էնդեմիկ։ Ներկայումս հայտնի է մեկ շատ մասնատված պոպուլյացիա, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Աճելավայրերի պայմանների փոփոխության պատճառով տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված է որպես հազվագյուտ տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։

Պահպանվում է «Արփի լիճ» ազգային պարկում[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Լ․Վ․Հարությունյան, Քո շրջապատի թփերը, Երևան, 1984
  2. 2,0 2,1 2,2 2,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաղարջենի Ախուրյանի» հոդվածին։