Հակոբ Սանահնեցի կամ Հակոբոս Քարափնեցի (11-րդ դար, Սանահին, Տաշիր-Ձորագետի թագավորություն - 1085, Ուռհա, Փիլարտոս Վարաժնունու պետություն), եկեղեցական գործիչ, դավանաբան, ժամանակագիր։ Սանահնի վանահայր, ապա՝ կաթողիկոս Պետրոս Ա Գետադարձի հակաթոռ (1037-1038) Դիոսկորոսի աշակերտը և մերձավոր գործակիցը։ 1065 թվականին Կոստանդնուպոլսում մասնակցել է հույն բարձրաստիճան կղերականների հետ դավանաբանական բանավեճին, բյուզանդական կայսր Կոստանդին Դուկասի ճնշմամբ կազմել և ստորագրել է հայ և հույն եկեղեցիների միության գիր, որը կայսրի ներկայությամբ պատռել է Հայոց արքա Գագիկ Բ Բագրատունին։ Երևանի Մատենադարանի N 9832 ձեռագրում պահպանվել են արժեքավոր հատվածներ՝ քաղված «Ի ժամանակագրութենէ Յակոբայ քահանայի», հավանաբար, Հակոբ Սանահնեցու՝ կորած պատմական երկից։ Մատթեոս Ուռհայեցին իր «Ժամանակագրություն» կազմելիս օգտագործել է Հակոբ Սանահնեցու երկը (1085 թվականին նախորդած դեպքերի նկարագրությունը), այնտեղից փոխառել բազմաթիվ փաստաթղթերի ու պաշտոնական նամակների (Հովհաննես Չմշկիկ կայսրի՝ Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածին, Ղևոնդ վարդապետին, Վասիլ II կայսրի՝ Հովհաննես-Սմբատ թագավորին և Հայոց կաթողիկոս Սարգիս Ա Սևանցուն առաքած) կրկնօրինակները։