Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հակոբ Ջուղայեցի (այլ կիրառումներ)
Հակոբ Ջուղայեցի (16-րդ դար, Ջուղա - 17-րդ դար), 16-րդ դարի կեսի 17-րդ դարի սկզբի հայ մանրանկարիչ։ Ծնվել է Ջուղայում, սովորել Զաքարիա Գնունեցու մոտ, Վանա լճի Լիմ կղզու վանքում։ 1605 թվականին Ջուղայի բնակիչների հետ բռնագաղթվել է Սպահան։ 1595-1610 թվականներին պատկերազարդած նրա ութ ձեռագրերից չորսը գտնվում են Երևանի Մատենադարանում։ Վասպուրականի մանրանկարչության դպրոցի ավանդույթները Հակոբ Ջուղայեցու արվեստում ձեռք են բերել նոր որակ։ Նկարչի ոճի էվոլյուցիան անցել է մի քանի փուլով և զարգացել կոմպոզիցիայի կառուցման, ամբողջականության, ռիթմի առավել լարվածության, գունահագեցվածության և ուրվագծերի շոշափելիության ուղղությամբ։ Հակոբ Ջուղայեցու արվեստը առանձնանում է ուրախ, տոնական տրամադրությամբ, կանոնների հանդեպ առավել ազատ վերաբերմունքով, մոնումենտալությամբ, դեկորատիվությամբ, էքսպրեսիայով, կոմպոզիցիոն տարրերի հարստությամբ, վառ, մաքուր գույներով, զարդաձևերի առատությամբ։ Հակոբ Ջուղայեցին մանրանկարչության հայ վերջին ականավոր ներկայացուցիչն է։