Վասպուրականի մանրանկարչության դպրոց

Վասպուրականի մանրանկարչության դպրոց, հայկական մանրանկարչության դպրոց, որի գործունեության ընթացքում ստեղծվել են հազարից ավելի ձեռագրեր՝ զգալի մասը նկարազարդ։ Վաղ միջնադարից Վասպուրականում հիմնադրվել են գրչակենտրոններ, թարգմանվել և ընդօրինակվել տարբեր բնույթի ձեռագրեր։ Թեմատիկ նկարներ ունեցող մեզ հասած հայկական առաջին ամբողջական մատյանը «Մլքե թագուհու Ավետարանն» է (862 թ․ Վենետիկի Սուրբ Ղազար վանքի Մատենադարան, ձեռ․ 1144/86)։ Վասպուրականում ընդօրինակված մեզ հայտնի մյուս մատյանները X—XI դդ․ են (Ավետարաններ, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռ․ №№ 10434, 10517)։ Այս մատյանների բարձրարվեստ նկարները Արծրունյաց թագավորության քաղաքական կյանքի ու մշակութային վերելքի արտահայտությունն են։ Այդ միջավայրի ծնունդն են Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին և Գրիգոր Նարեկացին։ Սակայն 11-րդ դարի 30—40-ական թվականներից սելջուկյան արշավանքները կործանել են ազգային պետականությունը, ընդհատել մշակութային կյանքի առաջընթացը։ Միայն 13-րդ դարի 70-ական թվականներին, սոցիալ-տնտեսական հարաբերությունների աշխուժացման պայմաններում, ձեռագիր-մատյանների ընդօրինակման ու պատկերազարդման արվեստը թևակոխել է նոր փուլ։

Առաջին կենտրոնները հիմնադրվել են Վասպուրականի հյուսիսային շրջաններում՝ Արճեշ, Արծկե, Բերկրի, որոնք գտնվում էին եվրոպական քաղաքներն արևելքի հետ կապող միջազգային տարանցիկ մայրուղու վրա։ Այդ շրջանի ձեռագրերի մատենական նկարչությունը հիմնականում խարսխված մնալով ազգային տեղական ավանդներին, այնուամենայնիվ, չկազմեց Արծրունյաց շրջանի վերելքի վեհաշուք արվեստի անմիջական շարունակությունը։ Քաղաքական խառնակ ու աննպաստ վիճակը, սոցիալական նոր միջավայրը ստիպել են նկարիչներին հետամտելու այլ խնդիրներ։ Փոխվել է մանրանկարների կերպարային ու ոճական ընդհանուր պատկերը։ Ժամանակի երևելի վարպետներ Սիմեոն Արճիշեցու, Խաչերի, Հովսիանի, Մելքիսեդեկի, Վարդան Արծկեցու, Ստեփանոսի լավագույն ստեղծագործություններում (Ավետարաններ, 1305 թ․, ձեռ․ 2744, 1294 թ․, 4814, 1306 թ․, 4806, 1338 թ․, 4813, 7456, 1303 թ․, 4052, բոլորը՝ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում) դրսևորվել են Վասպուրականի մանրանկարչության դպրոցի բնորոշ հատկանիշները, նախապատվությունը տրվել է արվեստի տեղական հնամենի ավանդույթներին, մանրանկարները, ինչպես 10—11-րդ դարերում տեղավորվել են սկզբում, առանձին թերթերի վրա՝ վերածվելով ձեռագրի յուրօրինակ նախերգանքի (նպատակամիտված նաև կարդալ չիմացողների համար), թեմատիկ շարքում, տերունական պատկերների հետ, ներառնվել են Հին կտակարանի, ինչպես և արխայիկ սյուժեներ, Հիսուսի հրաշագործություններին վերաբերող թեմաներ, երբեմն նույնիսկ՝ ժողովրդա-բանահյուսական նյութեր։ Այդ յուրօրինակ պահպանողականությունը, ըստ էության, օտարի ծանր տիրապետության տակ գտնվող ժողովրդի գոյատևման պայքարի արտացոլումն էր, լեզվի ու հավատի հաստատման անկոտրում կամքի դրսևորումը։ Դա հոգեկան ընդվզման մի ձև էր և որպես այդպիսին, վասպուրականի արվեստը ունեցել է մարտնչող բնույթ։ 13-14-րդ դարերում մանրանկարների կատարողական առանձնահատկություններում, ընդհանուր ոճի դրսևորումների հետ մեկտեղ, ուժեղացել է դեկորատիվ-հարթապատկերային ձևերի նկատմամբ եղած հետաքրքրությունը։ Նկարիչները թեմայի բացահայտմանը, ներքին անհանգիստ ու լարված հոգեվիճակի և հուզական տպավորությանը հասել են ինչպես հստակ հորինվածքների, գծերի ու գույնի արտիստականության, պլաստիկ արտահայտչամիջոցների (Սիմեոն Արճիշեցի, Վարդան Արծկեցի), այնպես էլ համարձակ, հակիրճ ու սուր ձևերի, ընդհուպ՝ սեմանտիկ ու սիմվոլիկ նշանային իմաստների օգնությամբ (Հովսիան, Մելքիսեդեկ

Առաջնային տեղ է տրվել միջնադարյան արվեստի հիմնական առանձնահատկություններից մեկին՝ տարբերամասշաաբայնությանը, որի արմատները Հին Արևելքի արվեստի խորքերում են։ 13-րդ դարի վերջի և 14-րդ դարի սկզբի Վասպուրականի մանրանկարչության դպրոցը իր պատկերագրական ու ոճական միասնությամբ ընդհանուր առմամբ կրել է կանոնական-դավանաբանական բնույթ՝ նկատելիորեն համեմված տեղական-ազգային պատկերացումներին բնորոշ «գեղանկարչական ֆոլկլորայնության» տարրերով։ Վասպուրականի մանրանկարչության դպրոցի բուռն վերելքի շրջանը համարվում է 14-րդ դարի 40—50-ական թվականներից մինչև 16-րդ դարը ներառյալ։ Աշխույժ գործունեություն են ծավալել Աղբակը, Աղթամարը, Մեծոփը, Լիմը, Ոստանը, Վարագը, Խլաթը, Վանը, Խիզանը, Բաղեշը, Նարեկը և գրչության ու մանրանկարչության մանր ու միջին այլ կենտրոններ։ Հանդես են եկել բազմաթիվ գրիչներ ու մանրանկարիչներ։ Արգասաբեր այդ շրջանում բյուրեղացել, ավարտուն տեսք ու ձև է ստացել Վասպուրականի մանրանկարչության ոճը։ Ընդհանրության շրջանակներում այստեղ զանազանվում են առանձին խմբավորումներ՝ հարակից վայրերով (Աղբակ-Աղթամար, Ոստան–Խլաթ, Խիզան-Բաղեշ)։ Վասպուրականի մանրանկարչության դպրոցի գծամաներային ուրույն ոճի առաջին ուշագրավ նմուշները Կիրակոս Աղբակեցու աշխատանքներն են։ Կիրակոս Աղբակեցուն հաջորդել են մի խումբ վարպետներ Աղթամարում, Ոստանում, Խիզանում և այլուր։ Առավել շնորհալին Զաքարիա Աղթամարցին էր։ Մեծ ճանաչման են արժանացել Ոստանի մանրանկարիչները, որոնցից էր Ծերուն Ծաղկողը։ Նրա հետևորդներից են Թուման, Պսակը, Գրիգոր Խլաթեցին, Աստվածատուր Աբեղան և ուրիշներ։ Վասպուրականի մանրանկարչության խոշոր կենտրոններից մեկը Խիզանն էր, ուր տեղական ավանդույթները հարատևել են մինչև XVI դ․ վերջը։ Այդտեղ ստեղծագործել են մի խումբ տաղանդավոր մանրանկարիչներ՝ Ռստակեսը, Հովհաննես Խիզանցին, Մկրտիչը (15-րդ դարի 40—70-ական թվականներ), Հովհաննեսը (15-րդ դար), Խաչատուրը (15-րդ դար) և ուրիշներ։ Բաղեշի և նրան հարակից կենտրոնների գործունեությունը համեմատաբար ուշ շրջանի է (16–17-րդ դարեր)։ Կան նաև բազմաթիվ ընտիր ձեռագրեր, որոնց ծաղկողների անունները մեզ չեն հասել։ 14-րդ դարի 2-րդ կեսի և 15-րդ դարի վարպետների լավագույն աշխատանքներում (Ավետարաններ, Կիրակոս Աղբակեցու, 1330 թ․ ձեռ․ № 2929, Զաքարիա Աղթամարցու, 1357 թ․, № 5332, Ծերուն Ծաղկողի, 1391 թ․, № 8772, Ռստակեսի, 1397 թ․, № 7629, Հովհաննես Խիզանցու, 1401 թ․, № 4223, բոլորը՝ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում) առավել ցայտուն են դրսևորվել Վասպուրականի մանրանկարչության ոճի բնորոշ գծերը։ Հիմքում ունենալով ազգային ավանդույթները, այդ ոճը ձեռք է բերել խիստ արտահայտված զարդադեկորատիվ բնույթ։ Նկարիչներն անկաշկանդ են պատկերագրական գծագրումների (սխեմա) նկատմամբ։ Երբեմն պարզ, պատմողական շարադրանքի հետ օգտագործել են առարկաների՝ որպես էմբլեմատիկ նշանների հնարանքը։ Հորինվածքները ծավալվել են խիստ հարթային ձևով։ Մաներայնության հասնող գծերի եռանդուն խաղը, վառ, անխառն գույների և դեկորատիվ համակարգի մյուս մանրամասների հետ ապահովել է պատկերազարդ թերթերի իմաստահուզական բովանդակությունը՝ դրանց հաղորդելով անմիջական, լավատեսական շեշտեր, երբեմն՝ թատերական երանգավորում։ Այդ մանրանկարների ոճական հիշյալ առանձնահատկությունների ձևավորման գործում չպետք է անտեսել նաև հարևան՝ հատկապես կապադովկյան, ասորական և պարսկական մշակույթների հետ Վասպուրականի ունեցած փոխադարձ շփումները։ Այդ շրջանի ձեռագրերում նկատելի տեղ է հատկացվել նաև աշխարհիկ-կենցաղային մոտիվներին, ձեռագրի պատվիրատուների, գրիչների ու նկարիչների դիմանկարներին։ Վասպուրականի մանրանկարչության այդ նոր որակը ժողովրդայնության, դեպի աշխարհիկ մարդը ունեցած համարձակ մոտեցման արտահայտություն է։ Բացառիկ հարուստ բնույթ է ստացել զարդանկարչությունը։ Զուտ դեկորատիվ-զարդային նշանակություն ձեռք բերած խորանների, անվանաթերթերի ու լուսանցքների նախշերը կազմվել են կենդանիների, թռչունների, բուսական ու երկրաչափական մոտիվների բազմապիսի համադրություններից։ Վասպուրականում ավելի, քան հայ մանրանկարչության մեկ այլ դպրոցում, զգալի է ժողովրդական արվեստին հատուկ պատկերային բնույթը։ 14-15-րդ դարերի շնորհալի վարպետների կողքին հանդես են եկել նաև մեծ թվով ոչ անվանի գրիչներ ու ծաղկողներ։ Դրանց ստեղծագործությունները առինքնում են մանկական ընկալման պարզությամբ, անսովոր անմիջականությամբ։ Դա ժողովրդական բանահյուսության նմանատիպն էր նկարչության մեջ։

15-րդ դարի վերջից և 16-րդ դարի սկզբից Վասպուրականի մանրանկարչության մեջ կատարվել են որոշակի փոփոխություններ տեղական ավանդական ձևերը աստիճանաբար կորցրել են իրենց երբեմնի հետաքրքրությունն ու կենսունակությունը։ Առանձին անհատականություններ (Մինաս, Իսրայել Երեց, Կարապետ Բերկրեցի, Կարապետ Աղթամարցի, Ավետիս, Զաքարիա Գնունեցի, Վարդան Բաղիշեցի, Խաչատուր Խիզանցի, Զաքարիա Ավանցի, Սարգիս Խիզանցի) իրենց ստեղծագործություններում դեռևս պահպանել են միջնադարյան հայ մանրանկարչության ազգային ոգին ու մտածողությունը, բայց 17-րդ դարի վերջից սկսած, աստիճանաբար այդ արվեստն են ներթափանցել նոր ժամանակների գաղափարական միտումներն ու նախասիրությունները, որոնք իրենց հերթին խաչաձևվել են եվրոպական տպագիր գրրքի նկարազարդման և ընդհանուր արվեստի զորեղ տպավորությունների հետ։ Սկսվել է բարդ խմորումների մի շրջան, որի ընդերքից, արդեն 18-րդ դարի սկզբներին ստեղծվել են հայ նոր արվեստի առաջին ստեղծագործությունները՝ ազդարարելով ոչ միայն Վասպուրականի մանրանկարչության դպրոցի, այլև հայ միջնադարյան արվեստի պատմության ավարտը։ Վասպուրականի մանրանկարչության դպրոցը ողջ միջնադարյան քրիստոնեական արվեստի ինքնատիպ ու հետաքրքրական երևույթներից է։

Գրականություն

խմբագրել
  • Հովսեփյան Գ․, Մի էջ Խիզանի գեղարվեստական պատմությունից, «Հայաստանեայց եկեղեցի», 1944, № 10։
  • Հակոբյան Հ․, Վասպուրականի մանրանկարչությունը, գիրք 1—2, Երևան, 1976—82։
  • Հայկական մանրանկարչություն․ Վասպուրական (ալբոմ), կազմ․ Հ․ Հակոբյան, Երևան, 1978։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 297