ՀՀ ռազմական գիտություն և կրթություն

Հայաստանի ռազմական գիտություն և կրթություն, Հայաստանի պաշտպանության նախարարության համակարգում գիտական մշակումներն իրականացվում են Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում (ՀՀ ՊՆ ՊԱՀՀ), զինվորական կադրեր են պատրաստում՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիայի ինստիտուտները, ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը։

ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում խմբագրել

ՀՀ պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հիմնադրվել է 2005 թվականին, հրատարակում է «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսը (ՌԳՀ), որը ստեղծվել է 1994 թվականին՝ բանակի անձնակազմին հայրենասիրական ոգով դաստիարակելու, ագգային, ռազմական ավանդույթներին, համաշխարհային առաջավոր փորձին և ռազմագիտական մտքին հաղորդակից դարձնելու նպատակով։ Էական դեր է խաղում նաև հայերեն ռազմագիտական տերմինաբանության մշակման հարցում։ Հանդեսում տպագրվում են ԱՌՀհ-ում կատարված ուսումնասիրությունները, ինչպես նաև հայ և օտարազգի հեղինակների հոդվածներ։ Հատուկ թողարկմամբ տպագրվել է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը։ Հանդեսի խմբագրության խորհրդի նախագահը ԱՌՀհ-ի պետական, գեներալ-մայոր, հանդեսի առաջին գլխավոր խմբագիր Հայկ Քոթանշյանն է, գլխավոր խմբագիրները՝ գնդապետ Ա. Սարգսյանը (1998-2005), գնդապետ Դավիթ Չիլինգարյանը (2005 թվականից)։ «Հայկական բանակը» 2007 թվականից լույս է ընծայում նաև հավելվածներ՝ «Աշխատանքային տետրեր», որտեղ ներկայացվում են ԱՌՀհ-ի վերլուծական կենտրոնի կիրառական մշակումները՝ տարածաշրջանի անվտանգության բնագավառի, Սփյուռքի, տեղեկատվական անվտանգության և այլ հարցերի վերաբերյալ։

2016-ի հունվարին, Դրաստամատ Կանայանի անվան ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի հիման վրա ստեղծվեց Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը։

ՀՀ ՊՆ Ռազմական ինստիտուտ խմբագրել

ՀՀ ՊՆ Ռազմական ինստիտուտ կազմավորվել է 1998 թվականին՝ 1994 թվականին ստեղծված ՀՀ ՊՆ բարձրագույն զինվորական բազմաբնույթ հրամանատարարական ուսումնարանի հիմքի վրա։ ՀՀ զինված ուժերի համար պատրաստում է բարձրակարգ սպայական կադրեր։ 2000 թվականից՝ Վազգեն Սարգսյանի անվան։ 2003 թվականից ՀՀ պետական բուհերի խորհրդի լիիրավ անդամ է։ 2004 թվականից ինստիտուտում գործում է Սպայական կադրերի որակավորման բարձրացման կենտրոնը։ Ռազմական ինստիտուտի պետեր են եղել գեներալ-մայոր Արշալույս Փայտյանը (1998-2000), գեներալ-լեյտենանտ Ստեփան Միրզոյանը (2000-2007), գեներալ-մայոր Գարեգին Գաբրիելյանը (2007-2008), 2008 թվականից գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանն է։

ՀՀ ՊՆ Ռազմական ավիացիայի ինստիտուտ խմբագրել

ՀՀ ռազմական ավիացիայի ինստիտուտ, հիմնադրվել է 2001 թվականին՝ 1994 թվականին ստեղծված Երևանի ռազմական ավիացիայի թռիչքատեխնիկական ուսումնարանի հիմքի վրա։ Ինստիտուտը ՀՀ ԶՈՒ-ի համար պատրաստում է օդաչուներ, ղեկապետներ, թռչող ապարատների և դրանց շարժիչների, ավիացիոն ու ռադիոէլեկտրոնային սարքավորումների, ավիացիոն սպառազինության շահագործման տեխնիկներ, սպա-կապավորներ և այլ մասնագետներ։ Ունի հեռակա բաժին։ 2005 թվականից՝ մարշալ Արմենակ Խանփերյանցի (Սերգեյ Խուդյակով) անվան։ Ինստիտուտի պետը 1994 թվականից գնդապետ Դանիել Բալայանն է։

ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետ խմբագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետ, հիմնադրվել է 1994 թվականին՝ բուժծառայության մերձակա գոտու զորամասերում՝ բուժծառայության և բուժկետի պետեր, ռազմաբժշկական վարչության բաժինների սպաներ և ավագ սպաներ, բժիշկներ պատրաստելու համար։

ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական գիշերօթիկ վարժարան խմբագրել

ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան Ռագմամարզական գիշերօթիկ վարժարանը գործում է 1994 թվականից՝ 1993 թվականին ստեղծված ռազմամարգական վարժարան-ուսումնարանի հիմքի վրա։ 1997 թվականին հանձնվել է պաշտպանության նախարարությանը, վերակառուցվել ռազմական ուսումնարանի՝ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատության կարգավիճակով։ 2010 թվականից, մասնագիտական ուսուցմանը զուգահեռ, իրականացնում է տասներկուամյա միջնակարգ կրթություն՝ ավագ դպրոցի հանրակրթական ծրագրով։ Պետը (2007 թվականից) գնդապետ Վիտալի Ոսկանյանն է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։