Կուլաբ Սայպրադիտ (թաի.՝ กุหลาบ สายประดิษฐ์, մարտի 31, 1906(1906-03-31), Բանգկոկ, Թաիլանդ - հունիսի 16, 1974(1974-06-16), Դունչեն, Պեկին, Չինաստան), 20-րդ դարի առաջատար թայլանդացի վիպասաններից մեկը, քաղաքական ակտիվիստ։ Իր ստեղծագործությունները հրատարակել է Սիբուրապա կեղծանունով (թաի․՝ ศรีบูรพา)[1]։

Կուլաբ Սայպրադիտ
Ծնվել էմարտի 31, 1906(1906-03-31)
ԾննդավայրԲանգկոկ, Թաիլանդ
Վախճանվել էհունիսի 16, 1974(1974-06-16) (68 տարեկան)
Վախճանի վայրԴունչեն, Պեկին, Չինաստան
Մասնագիտությունիրավապաշտպան, լրագրող և բանաստեղծ
Քաղաքացիություն Թաիլանդ
ԿրթությունThammasat University? և Debsirin school?
Изображение автографа
 Kulap Saipradit Վիքիպահեստում

Մանկություն, երիտասարդություն, կրթություն

խմբագրել

Կուլաբ Սայպրադիտը ծնվել է 1905 թվականի ապրիլի 5-ին Բանգկոկում՝ մանր վաճառականի ընտանիքում։ Կրթություն է ստացել Դեպսիրին էլիտար դպրոցում։ Այնուամենայնիվ, Կուլաբի ընտանիքը մեծահարուստների շարքում չէր։ Հայրը մահացել է, երբ Կուլաբը փոքր էր։ Մայրը դերձակ էր աշխատում, իսկ քույրը զբաղվում էր դասական պարերով։ Նրանք քրտնաջան աշխատել են տղային լավ ապագա ապահովելու համար։

Պատանեկության տարիներին զբաղվել է լրագրությամբ։ 1928 թվականին հրատարակել է իր առաջին աշխատանքը՝ «Դեռահաս» վեպը (թաի․՝ ลูกผู้ชาย)։ 1932 թվականին Կուլաբն ավարտել է «Պայքար կյանքի համար» վեպը (թաի․՝ สงครามชีวิต)։ 1934 թվականին Կուլաբը երեք ամիս անցկացրել է վանքում։ 1935 թվականին ամուսնացել է իր ընկերուհու՝ Չանիտի հետ։ Կինը աջակցում էր Կուլաբին իր ստեղծագործական և սոցիալական գործունեության մեջ։ 1936 թվականին Կուլաբ Սայպրադիտը մեկնել է Ճապոնիա սովորելու։ Վերադառնալով հայրենիք՝ նոր տպավորություններով, գրողը, իր կնոջ՝ Չանիտի հետ, արևմտաեվրոպական գեղարվեստական գրականությունն ու հրապարակախոսությունը թարգմանում է թայերեն[2]։

Կարիերա և հասարակական գործունեություն

խմբագրել

1939 թվականին Կուլաբը նորից սկսել է լրագրողական հոդվածներ գրել։ 1940 թվականին լույս է տեսնում նրա «Հակառակ կողմը» վեպը (թաի․՝ ข้างหลังภาพ), իսկ 1950 թվականին՝ «Մինչ նոր հանդիպում» պատմվածքը (թաի․՝ เนกว่าเราจะพบกันอีก) և մի շարք պատմություններ, որոնցում գրողը պատկերել է հասարակ մարդկանց դժվար կյանքը։ Այս ստեղծագործություններում Կուլաբը անդրադառնում է «փոքր մարդու» խնդրին և հաստատում է նրա կրթության, աշխատանքի վարձատրության իրավունքը և այլն։ 1944 թվականին Կուլաբը ընտրվել է Թաիլանդի թերթերի ասոցիացիայի նախագահ։ 1947 թվականին Կուլաբը կնոջ հետ մեկնել է Ավստրալիա, որտեղ նրանք զբաղվել են քաղաքագիտության ուսումնասիրությամբ։ Վերադառնալով Թաիլանդ՝ Կուլաբը բացում է իր սեփական հրատարակչությունը։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Կուլաբ Սայպրադիտը դառնում է ժողովրդավարության ակտիվ մարտիկ։ 1952 թվականին ընտրվել է Համաիլանդյան խաղաղության պաշտպանության կոմիտեի նախագահի տեղակալ և Խաղաղության համաշխարհային խորհրդի անդամ։ 1952 թվականին Կուլաբը դեմ էր հանդես գալիս Կորեական պատերազմին, պահանջում էր վերացնել գրաքննությունը։ Նույն թվականին մեկնել է Իսան (Թաիլանդի հյուսիս-արևելքում գտնվող շրջան, համարվում է երկրի ամենաաղքատ շրջանը), որտեղ քարոզչություն է իրականացրել բռնապետական ռեժիմի դեմ։ Իսանի բնակիչներին աջակցություն հայտնելու համար սնունդ և հագուստ էր բաժանում կարիքավորներին[3]։

Այս տարիներին Կուլաբ Սայպրադիտը շատ ժամանակ է հատկացնում երկրի հասարակական կյանքին ակտիվ մասնակցությանը։ Այնուամենայնիվ, Կուլաբը ինչպես նաև ակտիվորեն շարունակում է զբաղվել գրական ստեղծագործությամբ։ Այդ շրջանի ամենավառ ստեղծագործություններն են՝ «Փող և աշխատանք» և «Հորեղբայր Պրոմը Լոյ կղզուց» պատմվածքները, «Այնուն մոլորվում է» նովելը։ Բացի այդ, այդ տարիներին Կուլաբը զբաղվել է Մաքսիմ Գորկու «Մայրը» վեպի թայերեն թարգմանությամբ։

1955 թվականին Կուլաբ Սայպրադիտը ավարտել է «Դեպի ապագա» վեպը (թաի․՝ แลไปข้างหน้า)։ Այս գրքի հերոսը՝ գյուղի տղա Չանտան ծառայում է Բանգկոկից հարուստ արիստոկրատի տանը։ Տանտերը նրան ընդունում է արտոնյալ դպրոց, որպեսզի Չանտան կարողանա միաժամանակ ծառայել արիստոկրատի որդուն, ով սովորում էր այդ դպրոցում։ Դեռ մանուկ հասակում իր գյուղի ուսուցչից Չանտան լսել էր, որ «փոքրիկ մարդը պետք է հարգալից խոնարհվի»։ Տղան համակված է երախտագիտության զգացումով նրանց հանդեպ, ովքեր նրան հնարավորություն են տվել սովորել այդ դպրոցում։ Գեղեցիկ և աներևակայելի հեռավոր էր թվում Չանտայի համար այդ դպրոցին աշակերտների կյանքը։ Չանտան համոզված է, որ իր նման աղքատների ճակատագիրը կարող է լինել միայն տանջալից և քրտնաջան աշխատանքը։ Բայց կամաց-կամաց, իր նոր ընկերոջ՝ Նիտատի հետ զրույցներից, որի խոսքերով հեղինակը փիլիսոփայորեն գնահատում է սոցիալական իրականությունը, Չանտան սկսում է գիտակցել, որ աղքատ մարդիկ նույնքան իրավունք ունեն, որքան հարուստները՝ կրթություն, վարձատրություն, հարգանք ստանալու համար։ Հեղինակը փորձում է ընթերցողի աչքերը բացել առկա անարդարության վրա։

1952 թվականին Կուլաբ Սայպրադիտը ձերբակալվում է Խաղաղության պաշտպանության գործում իր գործունեության համար։ Թաիլանդում գոյություն ունեցող հակակոմունիստական օրենքի համաձայն՝ գրողին դատապարտել են 20 տարվա ազատազրկման։  Սակայն 1957 թվականին հասարակության ճնշման տակ Սայպրադիտը գրավի դիմաց ազատ է արձակվում։ Նույն թվականին Կուլաբ Սայպրադիտը, որպես Թաիլանդի գրողների պատվիրակության մաս, այցելում է ԽՍՀՄ. գրողը զեկույցով հանդես է գալիս Թաիլանդի գրականության զարգացման վերաբերյալ Ասիայի և Աֆրիկայի Գրողների Տաշքենդի համաժողովում։

Ելույթ ունենալով Տաշքենդում Ասիայի և Աֆրիկայի գրողների համաժողովում՝ Կուլաբ Սայպրադիտն ասել է. «Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո թայլանդական գրականություն կատարում է մեծ քայլ առաջ։ «Արվեստը հանուն արվեստի» գաղափարին գրողները հակադրել են «Արվեստը հանուն կյանքի» գաղափարը։ Այս թեմայով բազմաթիվ քննարկումներ են տեղի ունեցել։ Գրվել են բազմաթիվ վեպեր, որոնցում արտացոլվել է գրականության նոր փիլիսոփայությունը․․․ որոշ ստեղծագործություններում առաջին անգամ ցուցադրվում է բանվորների և գյուղացիների կյանքը։ Աղքատությունը ներկայացվում է որպես սոցիալական խնդիր։ Նոր գրականությունը բացահայտում է ներկայիս հասարակության անարդարությունը, շահագործումը, ճնշումը և բարոյական փչացումը․․․ այն նաև մատնանշում է ավելի լավ կյանքի ճանապարհը։ Նոր գրականությունը դեռ մանկական վիճակ է ապրում, այնուամենայնիվ, այն կարծես մի փոքր փարոս է, որը ցույց է տալիս գրականությունը աշխատավորների շահերին ծառայելու ճանապարհը»[4]։

Կյանք աքսորում

խմբագրել

Մինչ Կուլաբը ելույթ էր ունենում Տաշքենդում կայացած համաժողովում, Թաիլանդում հեղաշրջում է տեղի ունենում․ համաժողովին մասնակցելուց հետո Թաիլանդ վերադարձած պատվիրակության բոլոր անդամները ձերբակալվում են։ Կուլաբը որոշում է մնալ Չինաստանում. դասախոսում է թայլանդական գրականության մասին Պեկինի համալսարանում, աշխատում է Չինաստանի թայերեն ռադիոյում։ Կուլաբ Սայպրադիտը մահացել է 19974 թվականին Պեկինում պլևրիտից[4]։

Ժառանգություն

խմբագրել

2005 թվականին Թայլանդի գրողների ասոցիացիան կազմակերպել է Կուլաբ Սայպրադիտի ծննդյան 100-ամյակի տոնակատարությունը[5]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Кожевников В.М., Николаев П. А. Литературный энциклопедический словарь. — Москва: Советская энциклопедия, 1987.
  2. Корнев В. И. Литература Таиланда. Краткий очерк. — Москва: Наука, 1971.
  3. Kahin G. Governments and Politics of Southeast Asia. — New York: Cornell Unviersity Press, 1964.
  4. 4,0 4,1 Batson B. Kulab Saipradit and the "war of life" // Journal of Siam Society. Архивировано из первоисточника 3 փետրվարի 2014.
  5. «Организация Объединенных Наций по вопросам образования, науки и культуры. 166 сессия» (PDF). unesdoc.unesco.org. Արխիվացված (PDF) օրիգինալից 2017 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 24-ին.