Ջինինգը ծնվել է Մալմյոյում, բայց մեծացել, հասակ է առել Ֆալստերբոյում։ Մանուկ հասակում չափազանց ամաչկոտ է եղել, բայց տարիների հետ փոխվել է, դարձել իսկական «վայրի աղջիկ»։ Հաճախել է Spyken դպրոցը, որտեղ խորացված կերպով սովորել է արվեստ և առաջին փորձերն է կատարել որպես ֆոտոմոդել։ Արվեստի նկատմամբ սեր նրան ներարկել է մայրը՝ Ագնետա Ջինինգը, որը նկարչուհի էր։
2005 թվականին Ջինինգը հրատարակել է Ego Girl («Աղջկական Ես-ը») գիրքը, որտեղ նկարագրել է, թե ինչպես է ինքը՝ ընդամենը 17-ամյա մի պարմանուհի, սկսել ֆոտոմոդելի իր կարիերան՝ գլամուրի փայլի ու շքեղության և թմրամիջոցների միջավայրում։ 2008 թվականին ռեպորտաժներից մեկի ժամանակ նա ազդարարել է, որ պատրաստվում է գրել այդ գրքի շարունակությունը՝ Ego Woman («Կանացի Ես-ը») խորագրով[5]։
2007 թվականի հունվարին Ջինինգը հայտարարել է, որ արդեն հոգնել է իր ստինքների իմպլանտներից ու որոշել է առցանց առևտրային eBay համակարգի միջոցով վաճառքի հանել դրանք և ստացած գումարը ծախսել բարեգործական նպատակներով[6]։ Այդ նույն տարվա փետրվարի 16-ին, վերադառնալով Förkväll հեռուստաշոուն վարողի իր աշխատանքին, նա ցուցադրել է ստինքներից հանած իմպլանտները և հայտնել, որ որոշել է դրանց, որպես անցյալի խորհրդանիշերի, խորհրդանշական ձևով «թաղել» պլեքսիգլասից պատրաստված արկղիկում և միայն որոշ ժամանակ անցնելուց հետո հանել աճուրդի[7]։