Կարլի թատրոն (գերմ.՝ Carltheater), երաժշտական թատրոն Լեոպոլդշտադտում (Վիեննա, Ավստրիա)։ Բացվել է 1847 թվականի դեկտեմբերին ավստրիացի թատերական գործիչ, ռեժիսոր, դերասան Կարլ Կարլի ջանքերով։ Գործել է մինչև 1929 թվականին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խիստ տուժել է ավիառմբակոծություններից և 1951 թվականին քանդվել է։

Կարլի թատրոն
Տեսակօպերային թատրոն, թատրոն և թատերական կազմակերպություն
Երկիր Ավստրիա
Գտնվելու վայրըՎիեննա
Հիմնադրման ամսաթիվդեկտեմբերի 10, 1847
Անվանված էCarl Carl?
ՃարտարապետԱվգուստ Զիկարդ ֆոն Զիկարդսբուրգ
 Carltheater Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

Կարլի թատրոնը բացվել է Կարլ Կարլի ջանքերով Վիեննայի Լեոպոլդշտադտ թաղամասում 1847 թվականի դեկտեմբերի 10-ին։ Լեոպոլդշտադտի հին թատրոնը ձեռք էր բերել ու վերանորոգել Կարլ Կարլը, սակայն այն շուտով քանդվել էր։ Նոր թատրոնը, որը կառուցվել էր յոթ ամսվա ընթացքում, թատրոնի հին շենքից ավելի տարողունակ ու շքեղ էր։ Կարլը, ով հոգնել էր հին շենքի ոչ ապահով հանդիսատեսից, դրանով մտադրվել էր գրավել ավելի կայացած ու բարեկեցիկ հանդիսատեսների։ Կարլի թատրոնը կառուցվել է ճարտարապետ Վան դեր Նյուլի և Ֆոն Զիկարսդբուրգի նախագծով, ովքեր հետագայում հեղինակել են Վիեննայի պետական օպերան։ Շենքն ունեցել է 29 մ երկարություն և 15 մ լայնություն, հանդիսասրահի երկարությունը կազմել է 17 մ, իսկ բեմի խորությունը` 10 մ։ Բացի հիմնական սրահի 804 աթոռից` թատրոնն ունեցել է նաև օթյակներ` նստարաններով ու կանգնելու համար նախատեսված տեղերով, այնպես որ ընդհանուր տարողունակությունը կազմում էր մոտ 2.000 տեղ։ Թատրոնը ներսից լուսավորվել է գազային լապտերներով, ինչը նորություն էր. դրանից միայն երկու տարի անց այն կիրառվել է Ան դեր Վին թատրոնում։ Ավելի ուշ կատարված վերանորոգումների ընթացքում հանդիսատեների համար նախատեսված տեղերի քանակը փոփոխվել է` 1900 թվականին կազմելով մոտ 1400 տեղ (դա ավելի քիչ է եղել, քան առաջատար մրցակիցներինը, որոնք կարող էին ընդունել 1600-1900 հանդիսատես)։

Հին թատրոնի ձեռքբերումը, վերանորոգումը ապա քանդումը և նոր շենքի կառուցումը Կարլին արժեցել է մոտ կես միլիոն ֆլորին, սակայն անդ ներդրումը շահութաբեր չի եղել. նոր թատրոնը, չնայած իր շքեղ հարդարանքին, լավ ակուստիկա չուներ, և հանդիսատեսներն ու կատարողները դժգոհում էին ձայնի արձագանքից[1]։ Ացելությունները քիչ էին. թատրոնը հազվադեպ էր լցվում ամբողջությամբ, և Կարլը, հետագայում նաև մնացած ղեկավարները, ստիպված էին անընդհատ թարմացնել թատերացանկը` հանդիսատեսներին գրավելով նոր խաղացանկով, և հեղինակներին տրվող բարձր հոնորարների համար դերասաններին ցածր վճարել։ Թատրոնի գործունեության առաջին տասնամյակներին բազմաթիվ պրեմիերաներն ապահովում էր արգասավոր դրամատուրգ Յոհան Նեստրոյը, ով լավ հանդիսատես էր հավաքում նաև որպես կոմիկ դերասան։ 1860-ական թվականներին Կարլի թատրոնը տարին մեկ անգամ պրեմիերայով ներիկայացնում էր Օֆենբախի օպերաները, ում նրա հիմնական գործատուն` «Ան դեր Վին» թատրոնը թույլ չէր տալիս ընդարձակել համագործակցությունը մրցակից թատրոնի հետ[2]։

Հետագայում Կարլի թատրոնը վերածվում է մի տեսակ վարիետեի, որի խաղացանկը կազմում էին հիմնականում ֆրանսիական օպերետները. թատրոնի ղեկավարությունը ստիպված էր մոռանալ բարձր օպերայի մասին։ Կարլի օպերայի հիմնական ծրագիրը մեկ երկար ստեղծագործության փոխարեն բաղկացած էր լինում երեք-չորս կարճ պիեսներից մեկ երեկոյի ընթացքում։ Հանդիսատեսին դեպի թատրոն էին գրավում «հատուկ էֆեկտներով». այսպես, Ժյուլ Վեռնի «Աշխարհի շուրջը 80 օրում» ստեղծագործության թատերական բեմադրման ժամանակ բեմ էին հանում կենդանի փղի։ 1875 թվականին ավստրիական ամսագրերից մեկում հայտնվում էր այն մասին, որ Կարլի թատրոնը Բուրգթատրոնի հետ եղել է վիեննական այն քիչ թատրոններից մեկը, որ հաջողությամբ հաղթահարել է ֆինանսական ճգնաժամը, սակայն եթե Բուրգթատրոնը դա անում է պետական դոտացիաների հաշվին, ապա Կարլի թատրոնը` «ամեն տեսակ ինքնատիպ զվարճանքների հաշվին` առանց հաշվի առնելու գեղագիտական որակները»[3]։ Ընդհանուր առմամբ նացիոնալիստական ու հակասեմական մամուլը միշտ հարձակում էր գործում Կարլի թատրոնի վրա, հատկապես այն շրջանում երբ թատրոնը ղեկավարում էր ազգությամբ հրեա Անտոն Աշերը. Կարլ թատրոնի «օտար», «էքստրավագանտ» և «ամբողջովին սեքսուալ» ակնարկները խորթ էին «Ան դեր Վին» և Յոզեֆշտադտի թատրոնների «ժողովրդական», «հասարակ» և «անմեղ» բեմականացումներին[4]։

Այն բանից հետո, երբ Կարլը հեռանում է թատրոնից, նրա թատրոնը ղեկավարում են բազմաթիվ մարդիկ. տնօրեններն ու ռեժիսորներն փոխվում էին գեթե ամեն տարի։ Մի քանի անգամ, ֆիանանսական դժվարությունների հետ կապված, թատրոնը փակվել է։ Վերջին անգամ այն բացվել է Սոցիալիստական արվեստի կենտրոնի հովանավորությամբ Դավիթ Յոզեֆ Բախի գլխավորությամբ։ Բախի խումբն իր առաջ նպատակ էր դրել թատրոնը «նոր սոցիալիստական կենտրոնի» վերածել, և այդ գաղափարախոսությոն տեսանկյունից բեմադրվել է Էրնստ Ֆիշերի «Լենին» ներկայացումը[5]։ Սակայն ֆինանսական ճգնաժամը չի հաղթահարվում, և «սոցիալիստական նոր թատրոնի» համար Կարլի թատրոնը իր պատմության մեջ վերջին անգամ փակվում է 1929 թվականի մայիսին[6]։ Այն այլևս չի բացվում. 1944 թվականին թատրոնի շենքը խիստ տուժում է ավիառմբակոծումների ժամանակ, իսկ 1951 թվականին վերջնականապես քանդվում է[7]։

Ղեկավարներ

խմբագրել
  • Կարլ Կարլ (մինչև 1854)
  • Յոհան Նեստրոյ (մինչև 1860)
  • Կարլ Տրոյման (1860, 1863—1866)
  • Գուստավ Բրաուեր (1861—1862)
  • Մորից լեման (1862—1863)
  • Անտոն Աշեր (1866—1872)
  • Ֆրանց ֆոն Յաուներ (1872—1878, 1895—1900)
  • Ֆրիդրիխ Շտրամպֆեր (1882—1883)
  • Ֆրիդրիխ Միտերվուրցեր (1884—1885)
  • Ալֆրեդ Բերնաու (1923—1924)
  • Յոզեֆ Յարնո (1928—1929)

Գլխավոր բեմադրություններ

խմբագրել
  • 1848 — Freiheit in Krähwinkel (Նեստրոյ, 1848—1849 թվականների հեղափոխության առաջին պրեմիերան)
  • 1858 — Ein gebildeter Hausknecht (երաժշտություն` Կարլ Բինդերի Դևիդ Կալիշի համանուն մեկ գործողությամբ կատակերգության հիման վրա)
  • 1860 — «Օրփեոսը դժոխքում» (Ժակ Օֆենբախ, առաջին երկար օպերետը Վիեննայում[8]), Tschin-Tschin (բնօրինակ անվանումը` «Բատակլան», Օֆենբախ)
  • 1861 — «Ջութակահարը», «Հարսանիք լապտերների տակ», «Ամուսինը շեմին» (բոլորի հեղինակը Օֆենբախն է)
  • 1866 — «Թեթև հեծելազոր» (Ֆրանց ֆոն Զուպե)
  • 1867 — «Փարիզյան կյանք» (Օֆենբախ)
  • 1872 — Fernande (Վիկտորիենա Սարդուի պիեսի հիման վրա]])
  • 1873 — «Հառաչանքների կամուրջ», «Տրապեզունդի արքայադուստրը» (երկուսի հեղինակն էլ Օֆենբախն է), Tricoche et Cacolet (լիբրետոն` Լյուդովիկ Գալևիի և Անրի Մելյակի)
  • 1874 — «Տիկին Անգոյի դուստրը» (Շարլ Լեկոկ), Monsieur Alphonse (Ալեքսանդր Դյումայի պիեսի հիման վրա)
  • 1877 — «Արքայազն Մաֆուսաիլը» ([[Յոհան Շտրաուս)
  • 1878 — «Փոքրիկ հերցոգը» (Լեկոկ)
  • 1879 — «Բոկաչո» (Ֆրանց ֆոն Զուպե)
  • 1897 — «Չապերլ» (Հերման Բարի պիեսի հիման վրա)
  • 1898 — Freiwild (Արթուր Շնիցլերի պիեսի հիման վրա)
  • 1904 — «Ուրախ նիբելունգները» (Օսկար Շտրաուս)
  • 1907 — «Անուրջներ վալսի մասին» (Օսկար Շտրաուս)
  • 1908 — «Բաժանվածը» (Լեո Ֆալ)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Yates, p. 105
  2. Yates, p. 131
  3. Crittenden, p. 66
  4. Crittenden, p. 67
  5. Katrin Maria Kohl, Ritchie Robertson. A History of Austrian Literature 1918—2000. Rochester, NY:Camden House, 2006, p. 92. ISBN 1-57113-276-7
  6. «Die Zukunft des Carl-Theaters». Neue Freie Presse. 31. Mai 1929. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 17-ին.
  7. «Verklungenes Spiel. Das Carl-Theater wird abgetragen». Arbeiter-Zeitung. 28. Juni 1951. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 17-ին.
  8. Crittenden, page 66

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլի թատրոն» հոդվածին։