Կատեգորիաներ (հունարեն՝ χατηγορία — ասել, պնդել), փիլիսոփայության մեջ՝ առավել ընդհանուր հիմնական հասկացությունները, որոնց օգնությամբ փիլիսոփայական ուսմունքները տալիս են աշխարհի և նրա ճանաչողության համակարգված նկարագրությունը։

Պատմություն խմբագրել

Կատեգորիաների մասին ամբողջական տեսություն է մշակել Արիստոտելը[1], ըստ որի կատեգորիաները (էություն, քանակ, որակ, հարաբերություն, տեղ, ժամանակ, դիրք, վիճակ, ներգործություն և կրումն) կեցության հիմնական բնութագրություններն են, իսկ տրամաբանական առումով՝ կեցության մասին դատողություններում նրան վերագրվող (ստորոգվող) հատկանիշների ընդհանրական (սեռային) ձևերը։ Այստեղից էլ՝ միջնադարյան սխոլաստների «պրեդիկամենտներ» և հայ իմաստասերների «ստորոգություններ» տերմինները։

Արիստոտելի «Կատեգորիաներ» աշխատությունը Պորփյուրի «Ներածության» հետ միասին եղել է միջնադարյան մեկնաբանական գրականության գլխավոր նյութերից, իսկ հայ իրականության մեջ դրանց ավելացել են «Անանուն մեկնութիւն «Ստորոգութեանցն» Արիստոտէլի», Դավիթ Անհաղթի «Մեկնութիւն «Ստորոգութեանցն» Արիստոտէլի» և «Վերլուծութիւն «Ներածութեանն» Պորփիւրի» երկերը։ Հայ մեկնիչները հարազատ են մնացել արիստոտելյան ավանդույթին՝ քննելով կատեգորիաներ թե’ գոյաբանական և թե’ տրամաբանական առումներով։

Կանտը[2] կատեգորիաներին տվել է միայն տրամաբանական մեկնաբանություն, դրանք համարել բանախոհության սոսկական ձևեր, որոնք կաղապարում են զգայական հայեցողության նյութը և այդպիսով հնարավոր դարձնում դատողությունների ձևակերպումը. հատկանշական է, որ Կանտի 12 կատեգորիաների աղյուսակը համապատասխանում է դատողությունների դասակարգմանը ըստ քանակի, որակի, հարաբերության, մոդալության։ Հեգելը կատեգորիաների ձևական-տրամաբանական աղյուսակը փոխարինել է դրանց դիալեկտիկորեն ծավալվող համակարգով, որը ներկայացնում է աշխարհի ներքին տրամաբանությունը, նրա օրինաչափ կարգը՝ այն իդեալական հենքը, որն առարկայանում է բնության մեջ և ապա ճանաչվում մարդկային գիտակցության մեջ՝ վերստին գտնելով իր իդեալական տեսքը։

Մինչդեռ Մարքսի «Կապիտալ»-ում կատեգորիաների համակարգի ծավալումը ներկայանում է որպես իրական պատմական ընթացքի տրամաբանական արտապատկերումը։ Ըստ դիալեկտիկական մատերիալիզմի, կատեգորիաները բնության «երևույթների ցանցի» մեջ առանձնացված հանգուցակետերն են, որոնց վրա հանգչում է ճանաչողության համակարգը, հատկապես՝ աշխարհի գիտական պատկերը։ Մատերիալիզմի տեսությունը շարադրվում է մատերիա և գիտակցություն, սուբստանց և ատրիբուտ, օբյեկտ և սուբյեկտ և այլ կատեգորիաների օգնությամբ, մատերիալիստական դիալեկտիկայի կատեգորիաներն են՝ էություն և երևույթ, եզակի և ընդհանուր, պատճառ և հետևանք, անհրաժեշտություն և պատահականություն, հնարավորություն և իրականություն, բովանդակություն և ձև։

Ժամանակակից հասկացություն խմբագրել

Կատեգորիաների համակարգը չի հավակնում ներկայացնելու աշխարհի մտահայեցողական ինքնուրույն պատկերը՝ անկախ բնական և հասարակական գիտություններից. կատեգորիաների միջոց են քննարկելու գիտություններում ծագող աշխարհայացքային, իմացաբանական, մեթոդաբանական հարցերը, փիլիսոփայությունից. կատեգորիաների լեզվի են թարգմանվում գիտությունների տեսական ընդհանրացումները։ Այսպես, արդի ֆիզիկական իմացության առանձնահատկությունները քննարկելիս ներգրավում են օբյեկտ և սուբյեկտ, իրականություն, պատճառականություն, անհրաժեշտություն և պատահականություն, հնարավորություն և իրականություն և այլ կատեգորիաներ։ Հնարավոր են փիլիսոփայության կատեգորիաների մասնավոր համակարգեր, որոնք ծառայում են կոնկրետ նպատակների։

Կատեգորիաների իրենց ուրույն համակարգերն ունեն փիլիսոփայության առանձին գիտություններ՝ սոցիոլոգիան, բարոյագիտությունը, գեղագիտությունը, տրամաբանությունն, մեթոդաբանությունը, մշակութաբանությունը և այլն։ Լայն իմաստով կատեգորիաներ են կոչվում նաև ամեն մի գիտության հիմնակազմ (ֆունդամենտալ) հասկացությունները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Aristotle Categories in Aristotle’s Categories and De Interpretatione (tr. Ackrill J.L. Clarendon Press, Oxford, 1963) Ch.4
  2. Kant I. Critique of Pure Reason 1781 (tr. Smith N.K., Macmillan, London, 1968)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 288