< «Շաբաթվա հոդված» նախագիծ

«Սափորով աղջիկը» (ռուս.՝ «Девушка с кувшином», անվան այլ տարբերակներ՝ «Կաթնավաճառուհի», «Ցարսկոսելոյի արձան», «Պերետտա»), շատրվան Սանկտ Պետերբուրգ Ցարսկոյե Սելոյի Եկատերինյան այգում (նախագծի հեղինակ՝ Ավգուստին Բետանկուր, քանդակագործ՝ Պավել Սոկոլով), 19-րդ դարի սկզբի այգեգործական ճարտարապետության և քանդակագործության հուշարձան, որն ունի դաշնային և միջազգային նշանակություն, ճանաչման է հասել որպես «Ցարսկոսելոյի արձան»։ Արձանը դարձել է Ցարսկոյե Սելոյի այգիների բանաստեղծական խորհրդանիշը։ Ռուսական պետական թանգարանի գեղանկարչության բաժնի ավագ աշխատակից Վսևոլոդ Պետրովի կարծիքով՝ արձանն իրենից ներկայացնում է Պավել Սոկոլովի ստեղծագործության բարձրակետը և պատկանում է ռուսական այգեգործական քանդակագործության ամենահիասքանչ նվաճումների թվին։

Ժամանակակիցները ենթադրել են, որ արձանի համար սյուժեի աղբյուր ծառայել է Ժան դը Լաֆոնտենի «Կաթնավաճառուհի, կամ Կաթով սափոր» առակը։ Առանձին ուսումնասիրողներ արձանի մեջ տեսել են կայսր Ալեքսանդր I-ի կնոջ՝ Ելիզավետա Ալեքսեևնայի դիմանկարային պատկերումը և համարել են, որ շատրվանը նրա սգո այլաբանությունն է հանդիսանում՝ իր մեռած նորածին դստրերի և դրանից կարճ ժամանակ առաջ մահացած սիրեցյալի հետ կապված։ Շատրվանը ոգեշնչել է ռուսական մշակույթի բազմաթիվ գործիչների՝ ստեղծելու գրական և երաժշտական աշխատանքներ։ Դրանց թվում էին Ալեքսանդր Պուշկինի «Ցարսկոսելոյի արձանը», Աննա Ախմատովայի «Ցարսկոսելոյի արձանը», Ցեզար Կյուիի «Ցարսկոսելոյի արձանը (ըստ Պուշկինի)» ռոմանսը։ Ավելին