«Շաբաթվա հոդված» նախագիծ

Կիլիկիայի հայկական թագավորություն, (Միջին հայերեն՝ Կիլիկիոյ Հայոց Թագաւորութիւն, ֆր.՝ Le Royaume arménien de Cilicie, հուն․՝ Αρμένικο Βασίλειο της Κιλικίας), հայտնի է նաև որպես Կիլիկյան Հայաստան, Փոքր Հայք կամ ուղղակի Հայաստան), միջնադարյան հայկական անկախ պետություն։ Գտնվելով Մեծ Հայքից դուրս՝ այն զբաղեցնում էր պատմական Կիլիկիա շրջանը։

Կիլիկիա անվան ստույգ ծագումնաբանություն չկա, սակայն որոշ գիտնականների կարծիքով՝ Կիլիկիա անունը ծագել է եբրայերեն «քելկիմ», «քալեկ» կամ հունական «կալիս», «կալիկա» բառերից, որոնք թարգմանաբար նշանակում են «քարքարոտ»։

Իշխանության հիմքը դրվել է 1080 թվականին Բագրատունիների շառավիղ՝ Ռուբինյանների կողմից։ Մայրաքաղաքը սկզբնապես Տարսոնն էր, հետագայում Ադանան և վերջ ի վերջո Սիսը։ Կիլիկյան Հայաստանը մեծ օգնություն է ցուցաբերել Խաչակրաց արշավանքների մասնակիցներին և որոշ ժամանակ միակ քրիստոնյա պետությունն էր ամբողջ Մերձավոր Արևելքում։ Իզուր չէ, որ նրան երբեմն անվանում էին «քրիստոնյա կղզի իսլամի ծովում»։ Քանի որ Մեծ Հայքը գտնվում էր օտարների իշխանության տակ, ապա կաթողիկոսի նստավայրը տեղափոխվեց Կիլիկիա և հաստատվեց Հռոմկլա քաղաքում։ 1198 թվականին Լևոն Բ Մեծագործի թագադրումով Կիլիկյան Հայաստանը վերածվեց Կիլիկիայի հայկական թագավորության։ 1226 թվականին գահն անցավ Ռուբինյանների մրցակիցներին՝ Հեթումյաններին։ Քանի որ մոնղոլները նվաճել էին ահռելի տարածքներ և հասել Կիլիկիայի սահմաններին Հեթում Ա արքան որոշեց չպատերազմել նրանց հետ, այլ համագործակցել ընդդեմ ընդհանուր մուսուլման թշնամիների, հատկապես՝ մամլուքների դեմ։ 13-14-րդ դարերում մոնղոլներն ընդունեցին իսլամ, խաչակրաց պետությունները վերացան՝ թողնելով Կիլիկյան Հայաստանը միայնակ ընդդեմ մամլուքների։ Մի քանի արշավանքներից հետո մամլուքները 1375 թվականին գրավեցին մայրաքաղաք Սիսը։ Սակայն լեռներում դեռևս մնում էին կիսանկախ հայ իշխաններ, որոնց տիրույթները վերջնականապես զավթվեցին օսմանյան-թուրքերի կողմից 1515 թվականին․․․ Ավելին