Խորանաշատ վանք, հայկական վանք է Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղից 2.5 կմ հյուսիս-արևելք, անտառապատ սարի արևմտահայաց լանջին[2][3]։

Խորանաշատ
Խորանաշատ
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Հայաստան Տավուշի մարզ, Չինարի
Հասցեգյուղից 2.5 կմ հս-աե, անտառապատ սարի արևմտահայաց լանջին[1]
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՏավուշի թեմ
Հոգևոր կարգավիճակԳործող
Հիմնական ամսաթվերը1211
Ներկա վիճակբավարար
Կազմված էԳավիթ, Գերեզմանոց, Եկեղեցի Սբ. Աստվածածին, Մատուռ, Մատուռ և Մատուռ Սբ. Կիրակի
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման ավարտ13-րդ դար
Հիմնադրված1211
Քարտեզ
Քարտեզ
 Khoranashat Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Հիմնել է Վանական Վարդապետը (1181-1251 թվականներ[4]) 13-րդ դարի սկզբներին, Վահրամյանների իշխանատիրույթի կողմնակալ-հրամանատար Վահրամ Բ Գագեցու հովանավորությամբ։

Անվան ծագում խմբագրել

Վանքի անվան հետ կապված տարբեր աղբյուրներում կան տարբեր վարկածներ.

  1. Որոշները կապում են վանքի գլխավոր եկեղեցու ավագ խորանի բազմախորշ կիսաբոլորակ պատի հետ[5][6]։
  2. Որոշներն էլ կապում են անվան ծագումը վանքի մերձակայքում եղած բազում եկեղեցիներից[7][8][9]։

Ճարտարապետություն խմբագրել

Խորանաշատի վանական համալիրը բաղկացած է.

  • Սուրբ Աստվածածին եկեղեցի
  • Սուրբ Կիրակի եկեղեցի
  • Սուրբ Ճգնավոր եկեղեցի
  • Գավիթ
  • Օժանդակ շինություններ

Սուրբ Աստվածածին եկեղեցի խմբագրել

Համալիրի գլխավոր շինությունն է։ Ունի իշխող դիրք հուշարձանախմբի և շրջակա միջավայրի վրա։ Պատկանում է գմբեթավոր դահլիճ տիպին։ Արտաքինից ուղղանկյուն ( 12.7 մ x 11 մ), ներքուստ խաչաձև հատակագծով, բեմի երկու կողմերում կրկնհարկ ավանդատներով կառույց է։

Եկեղեցու հիմնադրման ժամանակի մասին մատենագրական և վիմագրական աղբյուրներում ոչինչ չկա։ Համաձայն եկեղեցու արևմտյան մուտքի վերնամասի արձանագրության, մուտքը կառուցել է ոմն Սերոբի հովանավորությամբ՝ 1211 թվականին[10]։ Շինարարական մյուս վիմագրերը վերաբերվում են 1216 և 1220 թվականներին, որտեղ ասվում էր, որ Վահրամ Կանաչոզեցիի և Ավելդատ Սրտժեցիի միջոցներով կառուցվել է եկեղեցու երկու ավանդատները[11]։ Ելնելով այն հանգամանքից, որ վանքի մուտքը կառուցվել է եկեղեցու հետ միաժամանակ, ինչպես նաև եկեղեցու բարդ ճարտարապետությունը հաշվի առնելով, ենթադրվում է, որ Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1211 թվականին։

Կառուցումը ավարտվել է ամենաուշը 1221 թվականին, քանի որ 1222 թվականից սկսվել է գավթի շինարարությունը։

Եկեղեցու հյուսիսային և հարավային պատերի արևմտյան կողմերից դուրս են ընկած նիստավոր որմնամույթերը, որոնք ավարտվում են բարգ տրամատի խոյակներով։ Խոյակների շարունակությունը կազմող հորիզոնական գոտիները թաղերն անժրպետում են ուղղահայաց պատերից, իսկ ավագ խորանի կիսագլանաձև մակերևույթը՝ գմբեթարդից։ Որմնամույթերը միմյանց հետ հաջորդաբար կապված ենկիսաշրջանագծային կրկնակի կամարներով, որոնց ստեղծածքառակուսի հիմքից առագաստային փոխանցումների միջոցով բարձրանում է բոլորաձև կտրվածքով թմբուկը։ Թմբուկի ստորին մասը ընդգծված է նկարվածքի գոտիով։

Եկեղեցու ներքին տարածությանը բարձր գեղարվեստական արտահայտչություն է հաղորդում ավագ խորանի կիսաբոլորակ պատի հարդարանքը։ Հարդարանքի ստորին մասին խորանիկներ հիշեցնող մշակումների շարք է (12 խորանիկ)[12]։ Խորանիկները միմյանցից բաժանված են զույգ կիսասյուներով, որոնք կապված են որմնակամարներով։ Որմնակամարները խորանիկներին տալիս ենկամարակապ վերջավորություններ՝ միաժամանակ պարփակելով դրանց շթաքարային ավարտամասերը։ Դրանք պսակված են գլանիկային ձևափոխումներով նկարված անկյունակների անընդհատ շղթայով։ Եկեղեցու բեմի ճակատային հարթությունը մշակված է եղել քառաթև սրածայր վեցանկյունների և քառակուսի քարերի որոշակի համադրությամբ ընդելուզումներով։ Քարերն ունեն տարբեր երանգավորումներ։ Արևմտյան մեծ թաղի կենտրոնական մասում, որպես հանգուցաքարեր, ագուցված են 4 զույգ կեռխաչեր, որոնք տեղադրված են երկու շարքով:Նրանք ունեն կոնստրուկտիվ նշանակություն։

Եկեղեցու ներքին տարածքը լուսավորվում է 12 պատուհանով, որոնցից ավագ խորանի մեջ բացվողը զույգ է, իսկ որմնամույթերով պարփակված արևմտյան մասերին՝ շրջանաձև։ Լուսամուտներից վեցը գտնվում է թմբուկի վրա։ Ունեն հետաքրքիր դասավորություն՝ երկրի հիմնական առանցքների նկատմամբ մոտ 0.5 մ տեղաշարժված են հարավ-արևելք ուղղությամբ։ Լուսամուտներն արևի նկատմամբ ավելի նպաստավոր դիրք են ստացել՝ ապահովելով լույսի առավել ներթափանցումը եկեղեցի։

Եկեղեցին արտաքինից առանձնանում է ճարտարապետական հստակ լուծումներով և հարդարանքային ինքնատիպ միջոցներով։ Բացի արևմտյան ճակատից, մնացած ճակատներում այն ունի երկուական խործեր։ Դրանք ունեն միատեսակ աստիճանաձև անցումներով կտրվածք։ Արտաքին պատերով շուրջ բոլորն անցնում է բարդ տրամատի անընդհատ գոտի, որը զանազան ձևափոխումներովխորշերի համար ծառայում է որպես կիսաշրջան պսակներ, իսկ ճակատների կենտրոնական մասերում վեր է ածվում խոշորաչափ, տարբեր նկարվածքներով խաչերի։ Գոտին ծառայում է նաև միաթեք լանշերի համար, որպես քիվ։

Արևելյան ճակատի զույգ լուսամուտից վերև, որն ունի շքեղ երեսկալ, խաչի ստորին թևի կիսաշրջանաձև հիմքի մեջ ներկայացված է ճանկերով որս բռնած թևատարած արծվի պատկերաքանդակ։ Այն համարվում է Վահրամյանների իշխանության տոհմական զինանշան։

Ճակատներից նշված գոտիով կազմաորված խաչերից արևելյանն ուղղաթև է, իսկ հյուսիսայինը և արևմտյանը՝ գեղարդաձև, որոնք ընկալվում են որպես յուրատեսակ ծաղկապատկերներ։ Ճակատների լուսամուտներն ունեն գոտու տրամատը հիշեցնող ուղղանկյուն շրջանակներով երեսակալներ և հիշյալ խաչպատկերների հետ գտնվում են հորինվածքային փոխկապվածության մեջ։

Մուտքերն ունեն միանման հորինվածք[13]։ Արտաքուստ դրանք եզերված են ուղղանկյուն քանդակազարդ շրջանակներով, իսկ բուն բացվածքները՝ նուրբ կիսասյուներով։ Բարավորները հարդարված են հյուսիսայինում՝ քառաթև և շեղաթև, իսկ արևմտյանում՝ վեցաթև աստղերի տեսքով՝ պահպանելով գունային ընտրությունը։ Թմբուկը շրջառում են բարդ տրամատի եզրավորումներով 12 որմնակամարներ, որոնցում մեկումեջ բացված են նեղ պատուհանները։ Մյուս այդպիսի հարադարանք ունեցող հուշարձաններից (Մակարավանք, Գեղարդի վանք, Տիգրան Հոնենց և այլն) տարբերվում է որմնակամարների խորաքանդակ ձևի ընտրությամբ, որի շնորհիվ գմբեթի զանգվածը զգալիորեն փոքրացել է։ Թմբուկը համաչափ կառուցվածքով և ճարտարապետական հարդարանքով համահնչուն է շինության մյուս ծավալների հետ։

Սուրբ Կիրակի եկեղեցի խմբագրել

Գտնվում է Սուրբ Աստվածածին եկեղեցուց 4 մ հարավ։ Ուղղանկյուն հատակագծով (արտաքինից՝ 4.3 մ x 3 մ), գմբեթավոր կառույց է։ Նրա կառուցման վերաբերյալ տեղեկատվություն ներ չեն պահպանվել։ Այն կառուցվել է 13-րդ դարում։ Համաձայն Կիրակոս Գանձակեցու՝ գավիթն կառուցվել է «ի դուռն մեծ եկեղեցւոյն»[14], այսինքն այդ ժամանակ եղել է նաև փոքր եկեղեցին։

Ներքուստ եկեղեցու չորս անկյուններով բարձրանում են զույգ որմնասյուներ, որոնցից ձգվող կամարներին առագաստային փոխանցումների օգնությամբ հենված է գլանաձև թմբուկը։ Արտաքին շարվածքի սրբատաշ քարերի մեծ մասամբ բացակայում են։ Պահպանված մասերը հնարավորություն են ընձեռում վերականգնել նրա ճակատների ճարտարապետական տեսքը։ Ճակտոններն ու միաթեք լանջեր ունեցող պատերից արևմտյան հատվածում գտնվում է ուղղանկյուն շրջանակով և քանդակազարդ երեսակալով շքամուտքը։ Մնացած ճակատներում միացած են լուսամուտների ուղղանկյուն շրջանակներին[15]։ Հյուսիսային ճակատում լուսամուտների բացակայությամբ պայմանավորված, կիսասյուներն ավարտվում են ուղղաթև խաչով, որին նախորդում է կորաթև խաչպատկերը։ Ճակատների եզրերով բարձրանում են միայնակ կիսասյուները։ Որմնակամարները միմյանց հետ կապված են են ոչ թե նույն, այլ հարակից ճակատների համապատասխան անկյունների մոտ գտնվող կիսասյուների հետ։

Սուրբ Կիրակի եկեղեցին տեղադրված է բարդ կտրվածքի բարձր գետնախարիսխի վրա։

Սուրբ Ճգնավոր եկեղեցի խմբագրել

Գտնվում է պարսպից մոտ 150 մ արևելյան ուղղությամբ։ Ներկայումս կիսավեր վիճակում է։ Պահպանված բեկորները ցույց են տալիս, որ եկեղեցին իր հատակագծային (արտաքինից՝ 4.7 մ x 3.4 մ) և ծավալատարածական հորինվածքով նման է եղել Սուրբ Կիրակի եկեղեցուն։ Նրա շրջակայքում պահպանվել են մի շարք տապանաքարեր։ Հնարավոր է, որ այնտեղ եղել է գերեզմանոց։

Եկեղեցու հարդարանքները կենտրոնացված են եղել լուսամուտների և արևմտյան կողմում գտնվող մուտքի մոտ։ Գմբեթը ունեցել է չորս փոխանցման առագաստներ, որոնցից յուրաքանչյուրի վրա բարձրաքանդակային ոճով պատկերված են մեկական մարդկային դեմք։ Բեմի ճակատային հարթույունը մշակված է եղել հյուսածո զարդաձևերով։ Արտաքինից լուսամուտների վերևներում տեղադրվել են զույգ գլանիկներից կազմված խաչեր, որոնց թևերը ավարտվել են շեղ գրբված քառակուսիներով։

Մի քանի մետր հեռավորության վրա՝ դեպի հարավ-արևմուտք, ընկած է խոշորաչափ թևերով մի խաչքար, որն ամրացված է եղել պատվանդանին։ Երկարությունը կազմել է 3 մ։ Այն կանգնեցվել է Վանական Վարդապետի գերեզմանին[5][16][17]։

Ներկայումս եկեղեցին գտնվում է հայ-ադրբեջանական սահմանի ականապատ տարածքում։

Գավիթ խմբագրել

 
Խորանաշատի գավիթը ներսից

Գավիթը կից է գլխավոր եկեղեցու արևմտյան ճակատին և պատկանում է կենտրոնական հորինվածքով 4 սյունանի գավիթների տիպին։

Ուղղանկյուն հատակագծով (16.8 մ x 16 մ), արևելյան կողմում տեղադրված երկու կրկնհարկ ավանդատներով, արտաքուստ ճակտոններով լուծված կառույց է։ Գավթի կառուցումը սկսվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցումից ամիջապես հետո։ Այդ մասին գավթի առաջին հարկի ավանդատների բարավորներին պահպանվել են 1222 թվականին փորագրված վիմագիր արձանագրություններ, որոնցից հարավ-արևելյան ավանդատան բարավորի արձանագրությունը շինարարական է.

  «ԵՍ ՍԱԻՂՈՄՈՆ ՄԻԱԲԱՆԵՑԱ Ի ՎԱՆՍ ԽՈՐԱՆԱՇԱՏՈ ԵՒ ԵՏՈՒ ԶԾԱԽՍ ՇԻՆՈՒԹԵԱՆ ԽՈՐԱՆԻՍ ԵՒ ՎԱՐԴԱՊԵՏՆ ՀԱՍՏԱՏԵՑ Բ ԺԱՄ Ի ՏԱԻՆԻ ԱՌԱՔԵԼՈՑՆ ՊԱԻՂՈՍԻ ՈՀԱ»[18]։  

Գավթի շինարարությունը ընդհատումներով շարունակվում է մինչև 1251 թվականը[19]։

Կենտրոնական մասում գտնվում են 4 միակտոր սյուներ, որոնք միմյանց և հանդիպակաց որմնասյուների հետ կապված են կամարներով։ Վերջինների վրա հենված են ծածկի թաղերը և երդիկային բացվածքով կենտրոնական ծածկը։ Սյուներից արևմտյան երկուսը փնջաձև են, ունեն վեցական կիսասյուներ։ Ավանդատների մոտ՝ եկեղեցու արևմտյան մուտքի աջ և ձախ կողմերում, տեղադրված են երկու բարձր պատվանդաններ։ Դրանք նախատեսված են երկրորդ հարկի ավանդատներ բարձրանալու համար։

Ներքուստ արևմտյան պատը եկեղեցու ավագ խորանի օրինակով պատված է 12 գեղակերտ խորշերով՝ վեցը մուտքից աւ, մյուս վեցը՝ ձախ։ Դրանք գետնահար, շթաքարերով ավարտված ավարտված և գլանիկավոր շրջանակներով եզերված՝ վերևում կամարային անցումներով, եկեղեցու համանման տարրեր հիշեցնող խորանաձև կերտվածքներ են։

Մուտքի բարավորին պատկերված է հավերժության նշանը։

Առանձնահատուկ է գավթի կենտրոնական մասի ծածկը։ Կամարների ստեղծած քառակուսի հիմքը վահանաձև առագաստների միջոցով վեր է ածված 12-կողանի բազմանկյան, որն իր հերթին եռանկյունաձև և սեղանաձև քարերի դասավորությամբ վերնամասում դառնում է 24-կողանի հիմք։ Վերջինիս յուրաքանչյուր 4 կողը դուրս են շեշտված շթաքարային հարդարանքով եռանկյունաձև հենարաններ, որոնց վրայից սկզբնավորվող զույգ կամարները փոխհատվելով՝ ստեղծում են վեցանկյուն բացվածքով երդիկը։ Այն ապահովում է կոնստրուկտիվ կայունություն գավթին։

Արտաքուստ գավիթը մշակված է ուրույն հարդարանքային ձևերով, որոնք գլխավորապես բաշխված են արևմտյան ճակատի կենտրոնական ուղղահայաց առանցքի շուրջը։ Արևմտյան ճակատի շքամուտքն իր հորինվածքով և քանդակային հարդարանքով եզակի է։ Այն եզրավորված է որմնակամարային ավարտվածք ունեցող զույգ գլանիկներով իրականացված երեսակալով։ Միակտոր սպիտակ քարե բարավորի երկկենտրոն կորվածքը ընդգծված է կանաչավուն, երկշերտ շթաքարային փորվածքներով։ Մուտքի բուն բացվածքի եզրերում տեղադրված են բարակիրան զույգ որմնասյուներ, որոնք խոյակների փոխարեն պսակված են առյուծի և եզան ծավալաքանդակներով։ Այս երկու պատկերաքանդակները բարավորի համար հենարաններ են

Արևմտյան ճակատի հարդարանքը լրացված է շքամուտքից վերև համաչափ տեղադրված միանման բարձրաքանդակ կորաթև խաչպատկերներով և երկու խաչքարերով։ Գավթի ծավալատարածական հորինվածքն ավարտվում է կենտրոնական մասում տեղադրված ութանիստ թմբուկով և այն պսակող երդիկային բացվածքով վեղարաձև ծածկով։

Պարիսպ խմբագրել

Սուրբ Աստվածածին, Սուրբ Կիրակի եկեղեցիները, ինչպես նաև գավիթը շրջապատված են կոպտատաշ քարերով առանց շաղախի շարված պարսպապատերով։

Քանդակներ խմբագրել

# Պատկեր Անուն Լրացուցիչ տվյալներ
1
 
Ճանկերով որս բռնած թևատարած արծիվ Քանդակված է Սուրբ Աստվածածին եկեղեցու արևելյան ճակատին՝ արտաքուստ։ Աչքի է ընկնում պատկերման հստակությամբ և զուրկ է քանդակային մանրամասնություններից։ Արծվի ճանկերում գիշատիչ կենդանի է՝ գայլ կամ հովազ։ Գիշատիչը քանդակված է բաց երախով և ճկուն ու ջլապինդ մանրամասներով։ Առջևի ոտքերը ծնկահոդից ծալված են դեպի վեր[20][21]։
2
 
Երկու առյուծներ՝ մեջտեղում մարդ Գավթի մուտքի բարավորից վերև՝ ագուցված պատվանդանին, երկու առյուծի և մարդու պատկերաքանդակ է։ Առյուծները ծավալաքանդակ են՝ նստած վիճակում։ Մարդը որը պատկերված է նրանց արանքում, ներկայացված է հարթաքանդակային ձևով։ Նա ամբողջ հասակով է, հագին՝ շքեղ պարեգոտ, իսկ ձեռքերով բռնել է կենդանիների պարանոցներից կապված պարաններից։ Բոլորի հայացքներն ուղղված են դեպի արևելք։ Այն Հին Կտակարանի «Դանիելը առյուծների գրկում» հատվածի արտացոլումն է[22]։
3 Արծիվ Գավթի հյուսիսային կենտրոնական թաղի հանգուցաքարին։ Քանդակված է թևատարած ճախրող խոշորաչափ։
4 Օձ Գավթի հարավային կենտրոնական թաղի հանգուցաքարին։ Քանդակված է կիսով չափ լեզուն դուրս հանած։
5
 
Առյուծ Գավթի մուտքի բարակիրան հյուսիսկողմյան որմնասյան վրա։ Հայացքը դեպի արևմուտք, նստած, լայն թիկունքով, բարակ որովայնով։ Քանդակը լավ է պահպանվել։ Գլուխը գնդաձև է, հոնքերըէ աղեղնաձև, միացած իրար և քթի վերնամասին։ Աչքերը քթի մոտ կիսագնդաձև և ունեն հոնքերին զուգահեռ, սրածայր վերջավորությամբ նկարված։ Այտերը և երկատված շրթունքները ուռուցիկ են։ Վերջինից ներքև կիսաբաց, ընդգծված ժանիքներով երախն է։ Առջևի վերջավորությունները ծնկահոդից ծալված են դեպի առաջ։
6
 
Եզ Գավթի մուտքի բարակիրան հարավկողմյան որմնասյան վրա։ Հայացքը դեպի արևմուտք, նստած։ Գլուխը բավական հողմահարված է։ Պահպանվել է աչքերը հոնքերի մնացորդները։ Առջևի վերջավորությունները ծնկահոդից ծալված են դեպի ետ։
7
 
4 ավետարանիչներ Սուրբ Ճգնավոր եկեղեցու գմբեթի փոխանցման առագաստներին։ Նրանք ունեն միմյանց նման շրջանաձև դիմամասեր և փոքր ու սրածայր մորուքներ, օժտված են կերպարային տարբեր արտահայտություններով։

Ավերում խմբագրել

1228-1229 թվականներին Խորանաշատը ավերվում է Ջալալ Էդ-Դինի արշավանքներից[23][24]։

Խորանաշատի դպրանոց-վարդապետարանը խմբագրել

Խորանաշատը եղել է միջնադարյան Հայաստանի ամենանշանավոր կրթական, գիտամշակութային ու աստվածաբանական կենտրոններից մեկը։ Հիմնել է Վանական Վարդապետը 1220-ական թթ-ի սկզբին և ինքն էլ վարել է վարդապետարանի ուսուցչապետությունը մինչև իր մահը (1251 թ)։ Այնուհետև վարդապետարանը գլխավորել է նրա ազգական ու աշակերտ Գրիգորս վարդապետը։ Խորանաշատի վարդապետարանը եղել է պատմագրական թեքում ունեցող դպրոց, որտեղ ուսանել են 7-8 տարի։ Դասավանդել են պատմություն, աստվածաբանություն, իմաստասիրություն, մատենագիտություն, երաժշտագիտություն, քերականագիտություն, աստղաբաշխություն, տոմարագիտություն, բնագիտություն, բուսագիտություն, նաև ընդօրինակել ձեռագրեր։ Վանական վարդապետի մի շարք երկեր ("Մեկնութիւն Հոբայ", "Հարցմունք և պատասխանիք" և այլն ) որպես դասագիրք կամ համառոտ ուղեցույց են ծառայել աշակերտների համար։ Սաներից շատերը ուսումնառության տարիներին զբաղվել են գիտությամբ։ Շրջանավարտները ստացել են վարդապետական աստիճան և զբաղվել ինքնուրույն գործունեությամբ։ Վարդապետարանի սաներից 13-րդ դարի հայ եկեղեցու և մշակույթի նշանավոր գործիչ Կիրակոս Գանձակեցին գրել է "գալիս էին առ նա ուսման աղագաւ ո՛չ միայն վարդապետական բանի, այլ ամենայն կեանք նորա և շարժումն անգիր օրէնք էին տեսողացն"։ Այստեղ ուսանել են Վարդան Արևելցին, Գրիգոր Ակներցին, Ստեփանոս Աղթամարցին, Առաքելը, Արտազ գավառի թեմակալ, դավանաբանական հարցերում մեծ հեղինակություն վայելող Հովսեփ վարդապետը, Խաչենի քաղաքական կյանքում ակնառու գործիչ Մարկոս վարդապետը, ականավոր փիլիսոփա Սոսթենեսը, Հայսմավուրքային ժողովածուների խմբագիր՝ Ներքին Խաչենի արքեպիսկոպոս Իսրայելը, Գրիգոր Աղթամարցին և ուրիշներ։ Վանական Վարդապետի մահից հետո Խորանաշատի վարդապետարանի փառքը սկսել է արագորեն խամրել։ Սակայն վերելք են ապրել Խորանաշատ վանքի օրինակով ստեղծված բարձրագույն ուսումնագիտական կենտրոնները, որտեղ գործել են Վանական Վարդապետի աշակերտները։

Խորանաշատը գրչության կենտրոն խմբագրել

 
Ավետարան, գրիչ՝ Մելքիսեթ, Խորանաշատի վանք, 1477 թվական

Խորանաշատը եղել է գրչության կենտրոն։ Մեզ են հասել այնտեղ գրված ձեռագրեր (մեծ մասը՝ 13-րդ դարից)։ Վանական Վարդապետը արժեքավոր գործեր է թողել, որոնցից են "Հարցմունք և պատասխանք", "Բարոյախոս" և "Մատյան ողբերգության" ձեռագրերը (1283 թ.)։ Դրանցից պահպանվել ու այժմ Մատենադարանում պահվում են մի "Ժողովածու"՝ գրված 1223 թ-ին /գրիչ Ստեփանոս Աղթամարցի, ձեռագիր 2101/, "Նարեկ"՝ գրված 1283 թ-ին /գրիչ Մարտիրոս, ձեռագիր 1563/, "Ավետարան"՝ գրված ԺԵ դարում /ձեռագիր 5601/, "Ժամգիրք"՝ գրված 1672 թ-ին /ձեռագիր 8882/, "Մաշտոց"՝ գրված 1774 թ-ին /գրիչ Ավետիս, ձեռագիր 3536/։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Khoranashat Monastery
  3. virtualarmenia.am
  4. Հ. Ոսկյան, Հովհաննես Վանական և յուր դպրոցը, Վիեննա, 1922 թվական
  5. 5,0 5,1 Ս. Ջալալյանց, Ճանապարհորդութիւն ի մեծ Հայաստան, մաս Ա, Տփղիս, 1882 թվական, էջ 161
  6. Մ. Բարխուդարյանց, Արցախ, Բաքու, 1985 թվական, էջ 322
  7. Կ. Գանձակեցի, Պատմություն Հայոց, Երևան, 1961 թվական, էջ 346
  8. Ղ. Ինճիճյան, Ստորագրություն հին Հայաստանյանց, էջ 313
  9. Հ. Էֆրիկյան, Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան, հ. 2, Վենետիկ, 1907 թվական, էջ 202
  10. Կ. Ղափադարյան, Պատմահնագիտական դիտողություններ Նոր-Բերդի Կյուրիկյան իշխանության մասին, Արմֆանի «Տեղեկագիր», 1940 թվական, թիվ 4-5, էջ 173
  11. Կ. Ղափադարյան, Պատմահնագիտական դիտողություններ Նոր-Բերդի Կյուրիկյան իշխանության մասին, Արմֆանի «Տեղեկագիր», 1940 թվական, թիվ 4-5, էջ 174
  12. Ս. Խ. Մնացականյան, Վարպետաց վարպետներ, Երևան, 1982 թվական, էջ 116
  13. Н. М. Токарскии, Архитектура древней Армении, Ереван, 1946 г., стр 278
  14. Կ. Գանձակեցի, Պատմություն Հայոց, Երևան, 1961 թվական, էջ 347
  15. Հ.Կ. Քարտաշյան, Նոր Վարագավանքի ճարտարապետական համալիրը, ՀՍՍՀ ԳԱ «Լրաբեր հասարակական գիտությունների» 1984 թվական, թիվ 7, էջ 71
  16. Մ. Բարխուդարյանց, Արցախ, Բաքու, 1985 թվական, էջ 324
  17. Կ. Կոստանյանց, Հայոց վանքերը, էջ 63
  18. Պատմհուշ վարչության արխիվ, թղթ. թիվ 1422, թ. 57
  19. Կ. Ղափադարյան, Պատմահնագիտական դիտողություններ Նոր-Բերդի Կյուրիկյան իշխանության մասին, Արմֆանի «Տեղեկագիր», 1940 թվական, թիվ 4-5, էջ 175
  20. Ս. Խ. Մնացականյան, Պահպանիչ խորհրդանշանները միջնադարյան հայ քանդակագործության մեջ, «Պատմա-բանասիրական հանդես», 1970 թվական, թիվ 3, էջ 193
  21. Մ. Հասրաթյան, Հայ ճարտարապետության և քանդակագործության նորահայտ հուշարձաններ Նորավանքում, ՀՍՍՀ ԳԱ «Լրաբեր հասարակական գիտությունների» 1984 թվական, թիվ 8, էջ 63-64
  22. «Գիրք Աստվածաշունչք Հին և Նոր Կտակարանաց» Վենետիկ, 1860 թվական, էջ 890
  23. Ա. Շահնազարյան, Վահրամյանների իշխանությունը մոնղոլների հետախուզական արշավանքի և Ջալալ էդ-Դինի նվաճումների ժամանակ, ՀՍՍՀ ԳԱ «Լրաբեր հասարակական գիտությունների» 1980 թվական, թիվ 6, էջ 61
  24. Ա. Շահնազարյան, Վահրամյանների իշխանությունը մոնղոլների տիրապետության օրորք, ՀՍՍՀ ԳԱ «Լրաբեր հասարակական գիտությունների» 1983 թվական, թիվ 12, էջ 31-32

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 85