Խոզաբուծություն, անասնաբուծության ճյուղ, զբաղվում է խոզերի բուծմամբ՝ միս, ճարպ, կաշի և այլ մթերքներ ստանալու համար։

Խոզերը գոմում

Խոզերն աչքի են ընկնում բարձր պտղատվությամբ և կերահատուցմամբ, վաղահասությամբ, հղիության շրջանի կարճատևությամբ։ Լավագույն տնտեսություններում մեկ հիմնական մերունի հաշվով տարեկան արտադրվում է ավելի քան 2, 5 տ միս։ Հասակավոր խոզերի սպանդային ելքը՝ 80 - 85, մատղաշներինը 72 - 75% է։ 100 կգ կենդանի քաշով խոզի մսեղիքը պարունակում է 52% մկանային հյուսվածք, 38% ճարպ։ Խոզի միսը և ճարպը սննդարար մթերքներ են։ Մսի մարսելիությունը՝ 90 - 95, ճարպինը 98% է։ Միսը հարուստ է լիարժեք սպիտակուցներով, հանքանյութերով և վիտամիններով։ Խոզաբուծությունն ունի մսային, բեկոնային, մսաճարպային և այլ ուղղություններ։

Խոզաբուծությունն աշխարհում խմբագրել

Խոզաբուծությամբ մարդիկ զբաղվել են հնուց։ Մինչև XVIII-XIXդարերում եվրոպական երկրներում հիմնականում տարածված էին տեղական, ցածր մթերատու խոզեր։ XIX դարից Եվրոպայում, հատկապես Անգլիայում, ստեղծվեցին բարձր մթերատու ցեղեր։

Խոզաբուծությունը Հայաստանում խմբագրել

Հայաստանում խոզերի բուծմամբ զբաղվել են հնագույն ժամանակներից։ Նախապատմական բնակատեղիներում (Թեղուտ, Շենգավիթ, Աղստև) հայտնաբերված խոզի ոսկորները, օտար և հայ մատենագիրների հաղորդած տեղեկությունները հաստատում են, որ Հայկական բարձրավանդակում խոզը ընտելացվել է մոտավորապես նեոլիթում։ XI դարից Հայաստանում խոզաբուծությունն աստիճանաբար անկում է ապրել, իսկ հետագայում՝ գրեթե վերացել։ Ըստ Հայկական սովետական հանրագիտարանի, 1920 թվականի դրությամբ Հայաստանում կար 5200 գլուխ խոզ։ Խորհրդային իշխանության հաստատումից հետո խոզաբուծությունը սկսել է զարգացում ապրել, և արդեն 1928 թվականին բուծվում էր մոտ 30 000, 1976 թվականին՝ 142 000 խոզ։

Հայաստանում խոզաբուծությունը կենտրոնացված է հիմնականում հյուսիսարևելյան և Արարատյան դաշտի շրջաններում։ Այն արդյունաբերական հիմունքներով վարելու նպատակով խորհրդային շրջանում կառուցվել էր Սովետաշենի (այժմ՝ Նուբարաշեն) խոզաբուծական համալիրը, իսկ 10-րդ հնգամյակի վերջում շահագործման է հանձնվել Թալինի շրջանում կառուցվող ևս երկու համալիր։

Գրականություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոզաբուծություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 65