Խեսուս Լարանյագա

բասկ հեղափոխական, ընդհատակյա գործիչ

Խեսուս Լարանյագա Չուրուկա (բասկ.՝ Jesus Larrañaga Txurruka, ապրիլի 17, 1901 թվական, Վիլյառեալ դե Ուրեչա, Իսպանական կայսրություն - հունվարի 21, 1942 թվական, Մադրիդ, Ֆրանկիստական Իսպանիա), բասկ հեղափոխական, ընդհատակյա գործիչ, հակաֆրանկիստ և Իսպանիայի կոմունիստական կուսակցության անդամ:

Խեսուս Լարանյագա Չուրուկա
բասկ.՝ Jesus Larrañaga Txurruka
Ծնվել է1901 թվականի ապրիլի 17
ԾննդավայրԻսպանական կայսրություն, Վիլյառեալ դե Ուրեչա
Մահացել է1942 թվականի հունվարի 21
Մահվան վայրՖրանկիստական Իսպանիա, Մադրիդ
ՔաղաքացիությունԻսպանիա
ԱզգությունԲասկ
Մասնագիտությունքաղաքական գործիչ և արհմիութենական գործիչ
Քաղաքական կուսակցությունԻսպանիայի կոմունիստական կուսակցություն
ԱնդամությունBasque Workers' Solidarity? և Unión General de Trabajadores?

ԿենսագրությունԽմբագրել

Խեսուս Լարանյագան ծնվել է 1901 թվականի ապրիլի 17-ին Բասկերի երկրի Վիլյառեալ դե Ուրեչա բնակավայրում շինարարական կապալառուի ընտանիքում: Մի քանի տարի գերազանց առաջադիմությամբ սովորել է սեմինարիայում, սակայն կարգապահությունը չպահպանելու պատճառաբանությամբ հեռացվել է[1]:

Սեմինարիայից հեռացվելուց հետո Խեսուս Լարանյագան սկսել է աշխատել Բեասեյնի 2000 աշխատող ունեցող մեքենաշինական գործարանում որպես փականագործ: Գործարանում նա անդամագրվում է Բասկյան աշխատավորների համերաշխություն արհմիութենական կազմակերպությանը: Նա գործարանում կազմակերպում է գործադուլ, ինչի համար հեռացվում է աշխատանքից: Այնուհետև Խեսուս Լարանյագան տեղափոխվում է Սան Սեբաստիան: Պրիմո դե Ռիվերայի բռնապետության նկատմամբ ունեցած դիրքորոշման պատճառով 1926 թվականին Խեսուս Լարանյագան ստիպված էր արտագաղթել Ֆրանսիա: Այնտեղ նա բնակություն է հաստատում Բուկոյում, որտեղ ծանոթանում է կոմունիստական գաղափարներին: 1927 թվականիննա վերադառնում է Բասկերի երկիր՝ անդամագրվելով Աշխատավորների համընդհանուր միությանը, որում զբաղեցրեց ղեկավար պաշտոններ: Այունհետև Խեսուս Լարանյագան անդամագրվում է Իսպանիայի կոմունիստական կուսակցությանը[1]:

1930 թվականին Խակա քաղաքի կայազորի խռովության ժամանակ Խեսուս Լարանյագան ձերբակալվում է և բանտից ազատ արձակվում 1931 թվականի փետրվարին: Երբ նռչակվում է Իսպանիայի երկրորդ հանրապետությունը, Լարանյագան ընտրվում է Իսպանիայի կոմունիստական կուսակցության տեղական կառույցի քարտուղար: Մեծ դերակատարում է ունեցել բազմաթիվ գործադուլների կազմակերպման գործում, որոնք տեղի են ունեցել Գիպուսկոա[1]:

1932 թվականին Սևիլյայում տեղի ունեցած կուսակցական համագումարում Խեսուս Լարանյագան ընտրվում է կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ: Նույն թվականին գործուղվում է Մոսկվա[2]: 1933 թվականին հիմնել է «Euskadi Roja» (Բասկերի Կարմիր Երկիր) թերթը: 1935 թվականին մասնակցել է անօրինական համաժողովների, որոնց ժամանակ ձևավորվել է Բասկերի երկրի կոմունիստական կուսակցությունը (Partido Comunista de Euzkadi) և ընտրվել կուսակցության կենտրոնական կոմիտեի և բյուրոյի անդամ[1][2]:

Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակաշրջանԽմբագրել

1936 թվականի հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո Խեսուս Լարանյագան զբաղեցրեց նոր ձևավորված Սան Սեբաստիանի պաշտպանության խորհրդի ռազմական կոմիսարի պաշտոնը: Մադրիդյան կառավարությունը հետագայում նրան անվանեց Բասկերի երկրի կոմիսար[1]: Բասկերը չէին վստահում Լարանյագային որպես կոմունիստի, իսկ կոմունիստները նրան կասկածանքով էին վերաբերվում որպես բասկի[3]: Խեսուս Լարանյագան ստանձնեց Խոսե Անտոնիո Ագուիրեյի բասկյան կառավարության բանակի մի մասը, որն ուներ 25000 զինվոր: Նրա ղեկավարած բանակը 1936 թվականի դեկտեմբերին մասնակցեց Վիլյառեալի հարավային առաջխաղացմանը: Բանակը չուներ օդային աջակցություն, սակայն զորքերը սկզբնական շրջանում ունեին բարձր մարտական ոգի[4]:

Բասկերի երկրի կառավարությունը պաշտոնապես չէր ընդունում Լարանյագայի նշանակումը մինչև 1937 թվականի մայիսը: Այդ ժամանակաշրջանում Իսպանիայի կոմունիստական կուսակցությունը բասկյան իշխանության հետ դժվարին հարաբերություններ ուներ: 1937 թվականի հուլիսի 27-ին տեղի ունեցած կուսակցության համագումարի ժամանակ Լարանյագան բուռն քննադատության արժանացավ Բասկերի Երկրի կառավարության կողմից, բայց նույն թվականի օգոստոսի 4-ին նա հաստատվեց Հյուսիսային բանակի բրիգադի կոմիսարի պաշտոնում[1]:

1937 թվականին Հյուսիսային հատվածի անկումից հետո Խեսուս Լարանյագան տարհանվում է Ֆրանսիա, սակայն որոշ ժամանակ անց վերադառնում է Իսպանիա, որտեղ ձերբակալվում է Ալիկանտեի իր ընկերների կողմից: Նա արդարացվում է և շարունակում գործել արագոնյան ճակատում, որտեղ հանդիսանում էր կուսակցության կենտրոնական կոմիտեի ռազմա-քաղաքական հանձնաժողովի անդամ[1]: Երկրորդ հանրապետության անկումից հետո նրան հաջողվում է փախչել և թաքնվել Բուկոյում[5]:

Հետագա տարիներԽմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին՝ 1939 թվականի սեպտեմբերին, Խեսուս Լարանյագան Փարիզում էր[5], այնուհետև տեղափոխվում է Նյու Յորք, որտեղ հանդիպում է բասկյան կոմունիստների առաջնորդ Ռամոն Օրմասաբլին:

1941 թվականի սեպտեմբերին նա որպես կամավոր ընկերների հետ նավարկում է դեպի Եվրոպա, որպեսզի Իսպանիայում վերականգնի կուսակցության կառույցները[1][6]:

1941 թվականի հոկտեմբերի 5-ին խումբը պորտուգալական ոստիկանության կողմից Լիսաբոնում ձերբակալվում է և հանձնվում իսպանական իշխանություններին[7]: 1942 թվականի հունվարի 19-ին գնդապետ Ֆելիքս Գարսիա Նավախասայի ղեկավարությամբ ռազմական դատարանը Լարանյագային ու նրա երեք ընկերներին խռովությանը մասնակցելու և «Պետական անվտանգության մասին» օրենքը խախտելու համար դատապարտում է մահվան: Խեսուս Լարանյագան գնդակահարվում է 1942 թվականի հունվարի 21-ի առավոտյան[8][9][2]:

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել