Խաղողագործությունը Հայաստանում
Խաղողագործությունը Հայկական լեռնաշխարհում զարգացել է դեռևս վաղ անցյալում։ Հայաստանում խաղողի որթի բազմաթիվ վայրի տեսակներ են փոխանցվել հնուց, որի մասին են վկայում ասորական և ուրարտական աղբյուրները, Կարմիր բլուրի պեղումներից հայտնաբերված մառանները, բազմաթիվ կարասներ և գինեգործական պարագաներ։ Պեղածո ածխացած սերմերը վկայում են խաղողի այժմյան որոշ տեսակների (Ոսկեհատ, Գառան դմակ, Մսխալի, Արարատի և այլն) տեղական ծագումը։ Հայկական մանրանկարչությունը, հուշարձանների վրա խաղողի քանդակները, միջնադարյան քաղաքներից հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդները, գրավոր հիշատակարաններն արժեքավոր տեղեկություններ են պարունակում միջնադարյան Հայաստանի զարգացած խաղողագործության մասին։
Տարածվածություն
խմբագրելԽաղողագործությունը տարածված էր Արարատում, Վասպուրականում, Աղձնիքում, Փոքր Հայքում, Արցախում, Սյունիքում և Հայաստանի այլ վայրերում։ 19-20-րդ դարերում որոշ գավառներում (Արցախ, Գողթն և այլն) խաղողի որթերը բարձրացվում էին մարդու հասակից վեր՝ փայտի բարակ հենասյուներով հարմարանքների վրա, որը հատուկ է բազմամյա այգիներին։
Հայաստանում խաղողագործությյամբ զբաղվում են Արարատյան դաշտում, հյուսիս-արևելքում, Վայքի և Զանգեզուրի նախալեռնային գոտիներում։ Արարատյան և Վայքի գոտիներում այգիները թաղովի են, հյուսիսարևելյան և Զանգեզուրի գոտիներում՝ չթաղվող։ Բացառությամբ հյուսիսարևելյան գոտու որոշ այգիների՝ Հայաստանում խաղողի այգիները ջրովի են։
Խաղողի սորտեր
խմբագրելԸստ տնտեսական նշանակության՝ տարբերում են խաղողի՝ գինու, սեղանի և քիշմիշի, ըստ հասունացման ժամկետների՝ գերվաղահաս, վաղահաս, միջահաս, ուշահաս և առավել ուշահաս սորտեր։
Հայաստանում, ըստ բնական գոտիների, շրջանացված են խաղողի 30 տեղական և 9 բերովի սորտեր, որոնցից 18-ը՝ սեղանի (Սպիտակ արաքսենի, Սպիտակ և Սև սաթենի, Դեղին և Վարդագույն Երևանի, Սև քիշմիշ, Նազելի և այլն), 21-ը՝ գինու (Ոսկեհատ, Գառան դմակ, Սև Արենի, Մսխալի և այլն)։
2005 թվականին Հայաստանում խաղողի տնկարկների տարածքը կազմել է 13,1 հազար հեկտար, բերքատվությունը 1 հա֊ից՝ 71, 4 ց, խաղողի բերքը՝ 81, 6 հզ. տ։
Հայաստանում խաղողագործության գիտական հարցերով զբաղվում են Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոնում և Հայաստանի ազգային ագրարային համալսարանում։ Ուսումնասիրվում են ընդհանուր խաղողագործության (խաղողի որթի ծագման, կենսաբանական, էկոլոգիայի և ագրոտեխնիկայի), մասնավոր խաղողագործության (խաղողի որթի առանձնահատկությունները տարբեր էկոլոգիական պայմաններում՝ ըստ արտադրության ուղղության), խաղողագրության (ամպելոգրաֆիա) և խաղողի ընտրասերման հիմնախնդիրներ։
Արտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |