Խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության հայկական գիտահետազոտական ինստիտուտ

Խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության հայկական գիտահետազոտական ինստիտուտ, խորհրդային շրջանի գիտահետազոտական ինստիտուտ (ԳՀԻ) Հայաստանում։ Գտնվել է Մերձավանում (Էջմիածնի շրջան, այժմ՝ Արմավիրի մարզ)։ Հիմնադրվել է 1956 թվականին։ Ըստ Հայկական սովետական հանրագիտարանի, 1979 թվականի դրությամբ ունեցել է 14 բաժին՝ խաղողի ագրոտեխնիկայի, խաղողի սելեկցիայի և խաղողագրության, պտղատու մշակաբույսերի ագրոտեխնիկայի, պտղատու մշակաբույսերի սելեկցիայի և սորտուսումնասիրման, լեռնային պտղաբուծության, ագրոքիմիայի և հողագիտության, բույսերի պաշտպանության, բույսերի ֆիզիոլոգիայի և կենսաքիմիայի, միկրոկենսաբանության, պտուղների վերամշակման և պահպանման տեխնոլոգիայի, գինիների և կոնյակների տեխնոլոգիայի, մեքենայացման, գիտատեխնիկական ինֆորմացիայի, տնկարանային տնտեսության և պատվաստակալների, 3 լաբորատորիա, մեկ փորձակայան, 5 փորձարարական բազա և 1 հենակետ, որոնք ընդգրկում էին պտղատու կուլտուրաների և խաղողի մշակության բոլոր գոտիները։

Ինստիտուտում ուսումնասիրվել են խաղողի, պտուղների և հատապտուղների սորտերի շրջանացման, գինեգործության և պահածոների արդյունաբերության՝ ըստ գոտիների տեղաբաշխման, խաղողի, պտուղների և հատապտուղների տեսակաշարի լավացման, բերքատվության բարձրացման խնդիրները։ Մշակվել են այգիների ագրոտեխնիկական ու ֆիտոտեխնիկական, կիսաանապատային, քարքարոտ հողերի և զառիթափ լանջերի իրացման միջոցառումներ, գինիների և պահածոների արդյունաբերության տեխնոլոգիայի նոր մեթոդներ։ Ինստիտուտի սելեկցիոներները ստեղծել էին պտղատու կուլտուրաների 40 և խաղողի 65 սորտ, որոնցից 20-ը շրջանացվել էին Խորհրդային Հայաստանում։ Դրանցից են եղել խաղողի Կարմրահյութ, Զվարթնոց, Շահումյանի, Արագածի, Հադիսի, Տոկուն և այլ սորտեր, տանձենու Հեղինե, Լեռնային գեղեցկուհի, Լենինականի ուշահաս, Միչուրինի հիշատակին, դեղձենու Արմինե, գետնաելակի Արևիկ, Լենինականի, Լոռի, Ռուբինե սորտերը։

Ինստիտուտում մշակված տեխնոլոգիայով Հայաստանում թողարկվել են «Արևիկ», «Նեկտարենի», «Հոկտեմբերյանի դեսերտային», «Հայկական» գինիները, որոնցից «Արևիկ»-ը և «Նեկտարենի»-ն միջազգային մրցույթներում արժանացել են մեդալների։ Ինստիտուտում թողարկվող «Հադիսի», «Կարմրահյութ», «Տիգրանի», «Մուսկատ» (Վարդաբույր), «Տոկուն» գինիները նույնպես միջազգային և համամիութենական մրցույթներում արժանացել են ոսկե և արծաթե մեդալների։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 6