Լոնվի կամ Լոնգվի[4] ( ֆր.՝ Longwy (արտասվում է [lɔ̃wi] ), քաղաք և համայնք Ֆրանսիայի Լոթարինգիա երկրամասի Մյորտ է Մոզել դեպարտամենտում։ Նույնանուն կանտոնի վարչական կենտրոնն է և միակ քաղաքը։ Համբավվել է իր հախճապակիով[5] և մետաղագործությամբ։ 19-րդ և 20-րդ դարերում Ֆրանսիայի կարևորագույն մետալուրգիական կենտրոնն էր, արտադրում էր երկրի թուջի և պողպատի հիմնական մասը։

Բնակավայր
Լոնվի
ֆր.՝ Longwy[1]
Դրոշ Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Մակերես5,34 կմ²
ԲԾՄ254 մետր
Բնակչություն15 191 մարդ (հունվարի 1, 2021)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ54400[3]
Պաշտոնական կայքmairie-longwy.fr(ֆր.)
Լոնվի (Ֆրանսիա)##
Լոնվի (Ֆրանսիա)

Աշխարհագրություն խմբագրել

 
Լոնվիի Ֆրանսիական դարպասը.

Լոնվին ընկած է Շիեր գետի ափին, Մեց քաղաքից 55 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Նանսի քաղաքից 100 կմ դեպի հյուսիս, Լյուքսեմբուրգի և Բելգիայի հետ Ֆրանսիայի ունեցած պետական սահմանների մոտ։ Հարևան համայնքներն են՝ հյուսիսում՝ Մոն-Սեն-Մարտենը, հյուսիս-արևելքում՝ Լոնլավիլն ու Սոլնը, արևելքում՝ Էրսերանժը, հարավ-արևելքում՝ Մեքսին, հարավում՝ Ռեոնը, հարավ-արևմուտքում՝ Լեքսին, արևմուտքում ՝ Կոն է Ռոմենը։

Պատմություն խմբագրել

 
Լոնվիի ամրոցը
 
Հին քաղաքապետարանը

Քաղաքը հիմնադրվել է Տիտելբերգի բարձունքում՝ որպես հին հռոմեական կաստրում, որի տեղում 7-րդ դարում կառուցված Լոնկաստր բերդամրոցը հանդիսացել է կոմսության կենտրոնը։ 9-րդ դարում ամրոցի շուրջը բերդապարսպով շրջապատված քաղաք է ձևավորվել, իսկ 11-րդ դարում առաջացել է նոր քաղաքը՝ Նյովիլը։ Լոնգվին երկար ժամանակ եղել է Լոթարինգիայի դքսության կազմում։ 1292 թվականին այն վաճառվել է դը Բար կոմսերին։ 1368 թվականին քաղաքը կոմսի կողմից վաճառվել է Լյուքսեմբուրգի դուքսին՝ պարտքերի դիմաց, սակայն 1378 թվականին այն վերադարձվել է դը Բար կոմսերին։

1480 թվականին՝ դը Բար տոհմի դուքս Ռենե I Անժուեցու և նրա այրու՝ Իզաբել I Լոթարինգցու մահից հետո, Լոնվին Բարերի դքսության հետ միավորվեց Լոթարինգիայի դքսությանը։ 1648 թվականին ֆրանսիացիները գրավեցին Լոնվին և իրենց տիրապետության տակ պահեցին մինչև 1660 թվականը, երբ այն Լոթարինգիայի դուքս Կարլ IV- ի կողմից վերադարձվեց Լոթարինգիային։ 1670 թվականին ֆրանսիացիները կրկին հարձակվեցին և գրավեցին Լոնվին, որը 1678 թվականի օգոստոսի 19-ին Նիմվեգենյան պայմանագրով միացվեց Ֆրանսիայի թագավորությանը։

Ֆրանսիայի կողմից վերջնականապես բռնակցվելուց հետո քաղաքը վերածվեց ամրոցի։ Լյուդովիկոս XIV- ի հրամանով ռազմական նշանավոր ինժեներ Վոբանը կառուցեց նոր քաղաք՝ ամրոցով։ Ֆրանսիական հեղափոխության ժամանակ՝ 1792 թվականի օգոստոսի 13-ին, Բրաունշվայգի դուքս Կառլ Վիլհելմ Ֆերդինանդը գրավեց քաղաքը, ավելի ճիշտ՝ այն հանձնվեց բնակիչների ճնշման ներքո, ովքեր վախենում էին, որ քաղաքը կարող է ռմբակոծության ենթարկվել։ Վալմիի ճակատամարտից հետո քաղաքը վերադարձվեց Ֆրանսիային, և պրուսական բանակը 1792 թվականի հոկտեմբերի 22-ին լքեց քաղաքը առանց կռվի։

Քաղաքը կրկին պաշարվել է 1815 թվականի հուլիսին՝ Հեսսեն-Հոմբուրգի իշխանի զորքերի կողմից։

Լոնվին առանցքային դեր է խաղացել Առաջին համաշխարհային պատերազմում։ Պատերազմից հետո՝ 1919 թվականի սեպտեմբերի 20-ին քաղաքը պարգևատրվել է Արմավենու ճյուղով Մարտական խաչով և Պատվո Լեգեոնի շքանշանով։

19-րդ դարի վերջից Լոնվիում սկսել էր արագ թափով զարգանալ մետաղագործական գործարանների ցանցը, որտեղ աշխատում էր բնակիչների ճնշող մեծամասնությունը։ Շուրջ հարյուր տարի Լոնգվին ֆրանսիական մետալուրգիայի կենտրոնն էր։ 1980-ական թվականներին մետաղաձուլական գործարանները փակվեցին։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1940 թվականի մայիսի 10-13-ը այստեղ մարտեր են տեղի ունեցել։

Ժողովրդագրություն խմբագրել

Համայնքի բնակչության թվաքանակը 2010 թվականին եղել է 14420։

Բնակչության թվաքանակը
(Աղբյուր: INSEE)
1962196819751982199019992010
21 92921 07620 13117 33815 43914 51514 420

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Code officiel géographique
  2. Populations légales 2021The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
  3. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  4. «Топокарты Генштаба в редакции 1991 г.». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 23-ին.
  5. http://www.lemonde.fr/economie/article/2015/01/06/les-emaux-de-longwy-sont-a-vendre_4550197_3234.html

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոնվի» հոդվածին։