Լաբիրինթոս
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լաբիրինթոս (այլ կիրառումներ)
Լաբիրինթոս (հին հունարեն՝ λαβύρινθος), բազմաթիվ, խճճված միջանցքներով բարդ կառույց։ Հույն և հռոմեացի հեղինակները (Հերոդոտոս, Դիոդորոս, Պլինիոս, Ստրաբոն և ուրիշներ) հիշատակում են մի քանի լաբիրինթոսներ։ Կրետե կղզու լաբիրինթոսը (նույնացվում է Կնոսոսի հռչակավոր պալատին), ըստ ավանդազրույցի, Մինոս թագավորի հրամանով Մինոտավրոս հրեշի համար կառուցել է Դեդալոսը։ Եգիպտոսի լաբիրինթոսը (Ֆայումի մոտ), որն ուներ շուրջ 2 հազար սենյակ, հավանորեն կառուցվել է Ամենեմհետ III փարավոնի ժամանակ (մ.թ.ա. XIX դ.)։ Սամոս կղզու լաբիրինթոսը (մ.թ.ա. VI դ.) կառուցել է Պոլիկրատոս միապետը։ Իտալիկյան լաբիրինթոսը (Կլուզիում քաղաքի մոտ) ենթադրում են, որ եղել է Ետրուրիայի Պորսենոս թագավորի (մ.թ.ա. VI դ.) դամբարանը։
Լաբիրինթոս է կոչվում նաև գունավոր քարերից ձևավոր շարված հատակ։ Բնորոշ է գոթական ոճի հասուն շրջանին (XIII - XIV դդ.), հատկապես Ֆրանսիայի մի քանի տաճարներին (Շարտր, Ռեյմս, Ամիեն, Սենտ-Օմեր և այլն)։ Նման տիպի լաբիրինթոսներ չեն պահպանվել, հայտնի են XVIII դ. հետազոտողների գծանկարներից (մասամբ պահպանվել է Շարտրի տաճարի լաբիրինթոսը)։
Փոխաբերական առումով «լաբիրինթոս» նշանակում է խառնակ, անելանելի վիճակ։
Արտաքին հղումներ
խմբագրել- Բելոուսովի Լաբիրինթոսները(չաշխատող հղում)
- Գլեբ Հանինի Լաբիրինթոսները Արխիվացված 2016-06-03 Wayback Machine
- Լաբիրինթոսների մասին ամսագիր Արխիվացված 2014-12-17 Wayback Machine
Տես՝ Լաբիրինթոս Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 466)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լաբիրինթոս» հոդվածին։ |