Ժյուլետ կամ Ժյուլի Ռեկամյե (ֆր.՝ Juliette (Julie) Récamier, ամբողջական անունը՝ Ժաննա Ֆրանսուազա Ժյուլի Ադելաիդա (ֆր.՝ Jeanne Françoise Julie Adélaïde), օրիորդական ազգանունը՝ Բեռնար (Bernard)), հայտնի է որպես մադամ Ռեկամյե (դեկտեմբերի 3, 1777(1777-12-03), Լիոն, Lyonnais, Ֆրանսիայի թագավորություն[1][2] - մայիսի 11, 1849(1849-05-11)[3], Փարիզ[1][2]), աշխարհիկ տիկին, հայտնի գրական-քաղաքական սալոնի տիրուհի, որն այդ ժամանակներում Փարիզի ինտելեկտուալ կենտրոնն էր։ Նրա անունը դարձել է լավ ճաշակի ու կրթվածության խորհրդանիշ։ Եվրոպական չափանիշներով եղել է «աստղ», որի մասին խոսել են Ռուսաստանում և Անգլիայում, Իտալիայում ու Գերմանիայում։

Ժյուլի Ռեկամյե
ֆր.՝ Juliette Récamier
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 3, 1777(1777-12-03)
ԾննդավայրԼիոն, Lyonnais, Ֆրանսիայի թագավորություն[1][2]
Մահացել էմայիսի 11, 1849(1849-05-11)[3] (71 տարեկան)
Մահվան վայրՓարիզ[1][2]
ԳերեզմանՄոնմարտր գերեզմանատուն
Քաղաքացիություն Ֆրանսիա[4]
Մասնագիտությունգրական սալոնի տեր, գրող և բարձրաշխարհիկ հեղինակություն
ԱմուսինJacques-Rose Récamier?
Ստորագրություն
Изображение автографа
 Juliette Récamier Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ժյուլի Ռեկամյեն (այդ ժամանակ դեռևս Բեռնար) ծնվել է Լիոնում նոտարի ընտանիքում։ 1786 թվականին հոր առաջխաղացման հետ կապված ընտանիքը տեղափոխվել է Փարիզ[5]։

1793 թվականին, երբ աղջկա 16 տարեկանը դեռ չէր լրացել, նա ամուսնացել է բանկիր Ժակ Ռեկամյեի հետ, որը մեծ էր նրանից 26 տարով։ Ամուսինների միջև հարաբերություններն ավելի շատ ընկերական էին, քան թե սիրային։ Որպես ամուսնական նվեր բանկիրը Ռեկամյեի համար արքայական նախկին ֆինանսների նախարար Նեկկերից գնել է առանձնատուն Փարիզում, որտեղ կինն առաջին անգամ հյուրեր է ընդունել, և այդ այցելություններն սկսել են վերածվել հայտնի սալոնի։

Ժյուլիի հմայքը, նրա խելքը և քաղաքական հայացքները դեպի նրա սալոն էին գրավում տարբեր տարիքների և դիրքերի մարդկանց։ Ռեկամյեի տան հյուրերի անունների ցանկում մշտական էին հայտնի գրող Ռենե դե Շատոբրիանը, որը թունդ սիրահարված էր մադամ Ռեկամյեին, գրող և քննադատ Օգյուստեն Սենտ Բյովը, Ժյուլիի լավագույն ընկերուհի գրող մադամ դե Ստալը, Կամիլ Ժորդանը և շատ ուրիշներ։

Ժյուլիի զարմանալի գեղեցկությունը գրավում էր շատ երկրպագուների, որոնց թվում էին մարշալ Ժան-Բատիստ Բերնադոտը, դուքս Մատյե դե Մոնմորանսի-Լավալը, արքայազն Ավգուստ Պրուսացին, Բենժամեն Կոնստանը, Նապոլեոնի եղբայր Լյուսիեն Բոնապարտը և նույնիսկ իր ընկերուհի մադամ դե Ստալի որդին։ Սակայն Ռեկամյեն նախընտրում էր, հեռավորություն պահելով, պահպանել ընկերությունը, այլ ոչ թե ժամանակավոր երկրպագուներ։

Մադամ Ռեկամյեն չի թաքցրել իր դժգոհությունը պետական նոր քաղաքականությունից։ Նրա սալոնը գրավում էր փոփոխությունների հակառակորդներին և աստիճանաբար վերածվել է Նապոլեոնին ընդդիմադիր քաղաքական կենտրոնի։ Կայսերական ոստիկանությունը մի քանի անգամ փակել է նրա սալոնը։ Ժերմենա դե Ստալի աքսորումից հետո նա շարունակել է կապ պահել հետը, իսկ ավելի ուշ ստորագրվել է Ռեկամյեին՝ մայրաքաղաքից հեռացնելու հրամանը։ Նա տեղափոխվել է ֆրանսիական գավառ, ճանապարհորդել է Իտալիայով և վերադարձել է Փարիզ վերահաստատումից հետո։ 1819 թվականին նա տեղափոխվել է Աբբե-օ-Բուա մենաստան[6], որտեղ շարունակել է ընդունելություններ կազմակերպել, նրա մոտիկ ընկեր Ռենե դե Շատոբրիանը մնացել է նրա հետ մինչև կյանքի վերջ։

Ժյուլին գրել է հուշեր, սակայն մահից առաջ հրամայել է դրանք ոչնչացնել։ Նա թողել է բազմաթիվ նամակներ, որոնց մի մասը հետագայում տպագրվել է։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Օթոցի տեսակը, որին հենված է մադամ Ռեկամյեն Ժակ Լուի Դավիդի նկարում, հայտնի է դարձել նրա անունով։ Գլխատեղի, մեջքի և արմնկակալի ձևը փոխառնվել է հին հունական կանացի բազկաթոռից։ Մադամ Ռեկամյեի օթոցի հիմնական տարբերակիչ նշանը գլխատեղի S-աձև գիծն է, որը, կախված մոդելից, կարող է ունենալ թեքման տարբեր անկյուններ և կորության աստիճաններ։

Արվեստում խմբագրել

 
Ժակ Լուի Դավիդ. «Մադամ Ռեկամյեի դիմանկարը»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Рекамье Жюли // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
  4. WeChangEd
  5. Edouard Herriot, Madame Récamier (London: William Heinemann, 1906)
  6. http://paris1900.lartnouveau.com/paris07/lieux/l_abbaye_aux_bois.htm

Արտաքին հղումներ խմբագրել