Ժամանակի ճամփորդի կինը (վեպ)

Ժամանակի ճամփորդի կինը (անգլ.՝ The Time Traveler's Wife), ամերիկացի հեղինակ Օդրի Նիֆենջերի առաջին աշխատությունը՝ հրատարակված 2003 թվականին։

Ժամանակի ճամփորդի կինը
անգլ.՝ The Time Traveler's Wife
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրռոմանտիկ գեղարվեստական գրականություն, time-travel fiction?, գիտական ֆանտաստիկա և ֆենթեզի
Ձևվեպ
ՀեղինակՕդրի Նիֆենեգեր
Երկիր ԱՄՆ
Բնագիր լեզուանգլերեն
ՏեսարանՉիկագո և Newberry Library?
ԿերպարներHenry DeTamble? և Clare Anne Abshire?
ՀրատարակչությունKinneret Zmora-Bitan Dvir?
Հրատարակվել է2003

Դա սիրո պատմություն է մի մարդու մասին, ով ուներ գենետիկ խանգարում, ինչի պատճառով էլ անկանխատեսելիորեն ճանապարհորդում էր ժամանակի մեջ, և նրա արվեստագետ կինը ստիպված էր հաղթահարել ամուսնու հաճախակի բացակայությունները և վտանգավոր փորձերը։ Նիֆենջերը, երբ սկսեց իր վեպը, հիասթափված էր սիրուց և պատմությունը գրեց իր ձախողված հարաբերությունների հիման վրա։ Պատմության գլխավոր հարաբերությունները հետագայում առիթ են հանդիսանում գրքի վերնագրի որոշման հարցում։ Վեպը, որը համարվում է և՛ գիտական, և՛ ռոմանտիկ, ուսումնասիրում է սիրո խնդիրները, կորուստը և ազատ կամքը։ Հատկապես օգտագործում է ժամանակի տարբերությունը, հարաբերությունների անհամապատասխանությունը՝ միաժամանակ քննարկելով գոյատևման ավելի խորը խնդիրներ։

Որպես անփորձ գրող՝ Նիֆենջերը դժվարանում էր գտնել գրական գործակալ։ Նա ի վերջո վեպն ուղարկում է MacAdam/Cage՝ հետագայում նրանց ընտրելով իր հրատարակիչներ։ Գիրքը լավ վաճառվեց, երբ ընտանիքի ընկեր և գրող Սքոթ Թյուրոուն The Today Show–ի ժամանակ ներկայացրեց այն, և արդեն 2009 թվականի մարտի տվյալներով վաճառվել էր մոտ 2.5 միլիոն օրինակ ԱՄՆ–ում և Միացյալ Թագավորությունում։ Շատ ընթերցողների հիացրել է Օդրիի եզակի պատկերացումները ժամանակի ճամփորդի մասին։ Ոմանք գովաբանում են նրա վեպում զույգի բնութագիրը՝ բարձր գնահատելով նրանց զգացմունքների խորությունը, ոմանք էլ քննադատում են նրա գրական ոճը՝ մեկնաբանելով այն որպես մելոդրամատիկ, իսկ սյուժեն զգացմունքայնորեն ծեծված։ Վեպը շահել է «Աննախադեպ գրքեր» մրցանակ և «Բրիտանական գիրք» մրցանակ։ Վեպի հիման վրա նկարահանված ֆիլմը էկրաններ է բարձրացել 2009 թվականի օգոստոսին։

Համառոտ սյուժե խմբագրել

 
Քլեյրն իրեն համեմատւմ է Ոդիսևսին սպասող Պենելոպեի հետ

Վեպը պատմում է Հենրի Դիթեմբլի մասին (ծնված 1963-ին), ով գրադարանավար էր Չիկագոյի Նյուբերի գրադարանում, և նրա կնոջ՝ Քլեյր Էն Էբշեյրի մասին (ծնված 1971-ին), ով պատրաստում էր թղթե քանդակներ։ Հենրին ուներ հազվադեպ հանդիպող գենետիկ խանգարում, որը հայտնի է Chrono-Impairment անվանմամբ։ Այն ստիպում էր նրան ակամայից ճանապարհորդել ժամանակի մեջ։ Երբ քսանամյա Քլեյրը հանդիպում է քսանութամյա Հենրիին Նյուբերի գրադարանում 1991 թվականին, Հենրին նրան ընդհանրապես չի ճանաչում, մինչդեռ Քլեյրը գիտեր նրան։ Հենրին սկսում է ժամանակի մեջ ճանապարհորդել հինգ տարեկանից՝ իր ժամանակաշրջանում հետ և առաջ թռչելով։ Նա չէր կարողանում կառավարել, թե երբ է լքում, ուր է գնում և թե ինչքան ժամանակ է անցկացնելու տվյալ ժամանակաշրջանում։ Նրա արարքները կապված էին իր ենթագիտակցությանը, քանի որ նա շատ հաճախ ճանապարհորդում էր իր սեփական հիշողությունների մեջ։ Հենրիի ճանապարհորդություններին երբեմն խանգարում էր սթրեսը։ Նա դրանից դուրս գալու համար գնում էր վազելու, որից հետո էլ վերադառնում էր իրականություն։ Նա իր ճանապարհորդության ժամանակ չէր կարող ոչինչ տանել իր հետ։ Այդ իսկ պատճառով ամեն անգամ հերթական ճանապարհորդության ժամանակ նոր ժամանակաշրջանում հայտնվում էր մերկ վիճակում և փորձում էր հագուստ, ապաստան և ուտելիք գտնել։ Դրան զուգահեռ նա ձեռք էր բերում որոշ հմտություններ. կողպեքներ կոտրել, ինքնապաշտպանվել և այլն։ Հենրիի և Քլեյրի առաջին հանդիպման ժամանակ նրանց ժամանակաշրջանները համընկնում են։ Այնուհետև Հենրին սկսում է ճանապարհորդել դեպի Քլեյրի մանկություն՝ Միչիգան 1977 թվական, երբ աղջիկը ընդամենը 6 տարեկան էր։ Հենրին մի ցուցակում գրում է նրա հայտնվելու թվականները և տալիս է Քլեյրին, իսկ նա էլ իր հերթին դրանք գրի է առնում իր օրագրում, որպեսզի չմոռանա և սիրելիին հագուստwվ ու ուտելիքով դիմավորի։ Մեկ ուրիշ այցելության ժամանակ Հենրին անսպասելիորեն հայտնում է, որ իրենք ամուսնանալու են ապագայում։ Ժամանակի ընթացքում նրանք անցում են կատարում մտերիմ հարաբերությունների։ Այդ ժամանակ Հենրին Քլեյրին օգնում է սպառնալ և նվաստացնել մի տղայի, ով հետապնդում էր նրան։ Հենրին Քլեյրի երիտասարդության ընթացքում վերջին անգամ նրան այցելում է աղջկա տասնութամյակին նվիրված խնջույքին, որից հետո նրանք բաժանվում են երկու տարով և կրկին միմյանց հանդիպում գրադարանում։ Քլեյրը և Հենրին ամուսնանում են, բայց Քլեյրը խնդիրներ է ունենում հղիության հետ, որի պատճառն է հանդիսանում Հենրիի գենային անոմալիան։ Հետագայում խորհրդավոր պայմաններում նրանք դուստր են ունենում և անվանում նրան Ալբա։ Ալբան ունենում է նույն հազվադեպ խանգարումը, ինչը և Հենրին, սակայն ի տարբերություն հորը, Ալբան որոշ չափով կարողանում է կառավարել իր ժամանակի ճանապարհորդությունները։ Մինչ Ալբայի ծնվելը Հենրին տեղափոխվում է ապագա` տեսնելով իր տասնամյա աղջկան դպրոցական էքսկուսիայի ընթացքում, և իմանում, որ նա մահանալու է, երբ իր դուստրը լինի հինգ տարեկան։ 43 տարեկանում, որը նրա կյանքի վերջին տարին էր, Հենրին հերթական ճանապարհորդության ժամանակ հայտնվում է Չիկագոյում՝ ավտոկայանատեղիում, մի ձմեռային սառը գիշեր և չի կարողանում ապաստան գտնել։ Ջերմության նվազման և ցրտահարության հետևանքով նա ներկա է վերադառնում անդամահատված ոտքերով։ Ե'վ Հենրին, և՛ Քլեյրը գիտակցում էին, որ Հենրին չի կարողանում կառավարել իր ճանապարհորդությունները և հավանաբար մահանալու էր իր հաջորդ ճանապարհորդություններից մեկի ընթացքում։ 2006 թվականին՝ Ամանորի նախաշեմին, Հենրին անկանխատեսելիորեն հայտնվում է Միչիգանում 1984 թվականին և պատահաբար վիրավորվում է Քլեյրի եղբոր կրակոցից։ Վերադառնալով ներկա` նա մահանում է Քլեյրի գրկում։ Հենրիի մահը թևաթափ է անում Քլեյրին։ Նա շուտով մի նամակ է գտնում, որտեղ Հենրին խնդրում է իր վերադարձին չսպասել։ Գրքի վերջին տեսարանում Քլեյրը 82 տարեկան է, իսկ Հենրին՝ 43։ Այս տեսարանում Քլեյրը սպասում է ամուսնուն, ինչպես իր կյանքի մեծ մասը։

Կազմը և հրատարակումը խմբագրել

 
Այն բանից հետո, երբ գրող Սքոթ Թյուրոուն վեպի մասին դրվատանքով արտահայտվեց Today Show-ում, վեպը դարձավ բեսթսելեր:

Նիֆենջերը արվեստագետ է, ով դասավանդում է Չիկագոյի Center for Book and Paper Arts կրթարանում։ Այնտեղ նա պատրաստում է պատկերազարդ գրքեր։ Նրա որոշ գործեր ցուցադրվել են պատկերասրահներում։ Խոսելով իր վեպի մասին` նա ասել է․ «Այդ վերնագիրը և վեպի գաղափարը իմ միտք այցելեցին, երբ ես նկարում էի։ Իմ ընդարձակ աշխատասեղանը ծածկված էր շագանակագույն թղթերով, և ես մտքերս գրեցի այդ թղթերի վրա։ Իսկ որոշ ժամանակ անց սկսեցի խորապես մտածել դրանց մասին։ Ես չէի ցանկանում այս անգամ ևս պատրաստել պատկերազարդ գիրք, քանի որ դրանք մասամբ են զգացմունքներ արտահայտում։ Այդպիսով որոշեցի վեպ գրել»։ Օդրին անչափ ոգևորված էր այդ վերնագրով, քանի որ ինչպես ինքն էր ասում․ «Այն անմիջապես բնութագրում էր երկու մարդու և նրանց հարաբերությունները»։ Նիֆենջերի վեպի համար աղբյուր է հանդիսացել Ջոն Բոյնթոն Փրիսթլի «Մարդը և ժամանակը» վեպը։ Նա իր վեպում նաև նշել է, որ Հենրին ամուսնացած էր և՛ Քլեյրի հետ, և՛ ժամանակի։ Իր խոսքերով վեպի գաղափարի ոգեշնչողներ են եղել նաև Ռիչարդ Փաուրսը, Դեյվիդ Ֆոսթերը, Հենրի Ջեյմսը և Դորոթի Սեյերսը։ Չնայած վեպի և իր կյանքի միջև նմանություններին` Նիֆենջերը հայտարարել է, որ Քլեյրը ինքնանկար չէ, այսինքն` նա ինքն իրեն չի նկարագրում այդ կերպարում. «Նա արմատապես տարբեր է։ Ես շատ ավելի կամակոր և քմահաճ եմ... Ես չեմ կարծում, որ կարող էի ամբողջ մի կյանք սպասել ինչ–որ մեկի հայտնվելուն` անկախ նրանից, թե որքան հետաքրքրաշարժ կլիներ նա»։ Նիֆենջերը վեպը սկսել է գրել 1997–ին։ Վերջին տեսարանը, որտեղ տարեց Քլեյրը սպասում է Հենրիին, գրվել է առաջինը, քանի որ այն պատմության առանցքային կետն է։ Վեպը ավարտվել է 2001 թվականին։ Առևտրային պատմության բացակայության պատճառով Նիֆենջեը դժվարանում էր հետաքրքրված գրական գործակալներ գտնել։ Վեպի բնագիրը մերժվեց քսանհինգ անգամ։ 2002 թվականին նա վեպը ուղարկեց Սան Ֆրանցիսկոյում հիմնված հրատարակիչ MacAdam/Cage–ին, որտեղ այն հասավ Էնիկա Սթրեյթֆելդին, ով էլ դարձավ նրա հրատարակիչը. «Կարդալով այն` կարծեցի, որ անհավանական է։ Անմիջապես ամենասկզբից դու զգում ես, որ շնորհալի ձեռքերում ես, որ սա մեկն է, ով պատմություն ունի պատմելու ու գիտի, թե ինչպես անի դա»։ Նա գիրքը տվեց Դեյվիդ Փոինդեքսթերին՝ ընկերության հիմնադիրին, ով կարդաց այն մեկ գիշերվա մեջ և որոշեց գնել գիրքը։ Սակայն Օդրին այդ ժամանակ գործակալ էր ձեռք բերել և Նյու Յորքում գտնվող որոշ հրատարակչություններ հետաքրքրված էին վեպով։ Բնագիրը աճուրդի էր դրվել MacAdam/Cage-ում $100,000 ամերիկյան դոլար առաջարկվող գնով։ Դա մինչև այդ առաջարկված ամենաբարձր գինն էր։ Չնայած որ մեկ այլ հրատարակիչ ավելի բարձր գին առաջարկեց, Օդրին ընտրեց MacAdam/Cage–ին, քանի որ նրանք շատ նվիրված էին իրենց աշխատանքին։

Ժանրը խմբագրել

Գրախոսները գտել են, որ «Ժամանակի ճամփորդի կինը» դժվար է դասակարգել ժանրով։ Ոմանք այն դասակարգում են որպես գիտական, ոմանք էլ ռոմանտիկ ժանրի։ Նիֆենջերը ինքը դժկամությամբ պիտակավորում է վեպը` ասելով, որ ինքը երբեք չի մտածել դրա մասին որպես գիտական աշխատության, անգամ եթե այն ունի գիտաֆանտաստիկ նախադրյալ։ Նիֆենջերի տեսանկյունից պատմությունը հիմնականում Հենրիի և Քլեյրի հարաբերությունների և խնդիրների մասին է։

Թեմաներ խմբագրել

Նիֆենջերը վեպում արծարծում է այնպիսի թեմաներ, որոնք վերաբերում են սիրուն, մահվանը, ժամանակին և կորստին։ Ինչպես Չառլի Լի Փոթերն է գրում. «Վեպը սիրո և կորստի եղերերգ է»։ Հենրիի և Քլեյրի սերը վեպում արտահայտվում է ամենատարբեր ձևերով։ Մինչդեռ վեպի մեծ մասը պատկերում է նրանց սիրահարվելու գործընթացը, վերջաբանը ավելի մռայլ է։ Ըստ Ջադիթ Մասի` «Ժամանակի ճանփորդը» դարձել է անցողիկության և վատ բախտի խորհրդանիշը։ Էնդրի Բիլենն The Times թերթին ասել է. «Գիրքն անգամ կարող է ծառայել որպես ֆեմինիստական վերլուծություն, որում միայն տղամարդն է ունենում բացակայության արտոնություն»։ Որոշ գրախոսներ նկատել են, որ վեպը ներկայացնում է հարաբերություններ, որտեղ չնայած հաճախակի բացակայություններին, զույգը չի կարողանում դադարեցնել իրենց շփումը։ The Guardian թերթից Նատաշա Վոլտերը նաև նկատում է, որ Հենրիի և Քլեյրի կյանքում և մահում գրեթե կրոնական իմաստ կա, սակայն Նիֆենջերը հավաստում է, որ վեպը չի պատկերում ճակատագիրը, այլ պատահականություն և անիմաստություն։ Վեպը բարձրացնում է դետերմինիզմի և ազատ կամքի վերաբերյալ հարցեր։

Ընդունումը խմբագրել

«Ժամանակի ճամփորդի կինը» գրքի կոշտ կազմով Միացյալ Նահանգներում առաջին օրինակը հրատարակվել է 2003 թվականի սեպտեմբերին MacAdam/Cage–ի կողմից, իսկ Միացյալ Թագավորությունում՝ 2004 թվականին Random House–ի կողմից։ MacAdam/Cage–ը ձեռնարկեց «լայնածավալ մարքեթինգային գրոհ»` ներառյալ The New York Times և The New Yorker թերթերը և գովազդային, գրքային շրջագայություն Նիֆենջերի կողմից։ Որպես արդյունք՝ վեպն առաջին անգամ New York Times թերթի լավագույն վաճառվող գրքերի ցուցակում գրավեց իններորդ տեղը։ Հայտնի հանցագործություններ լուսաբանող Սքոթ Թյուրոուն (Նիֆենջերի ընկերուհու ամուսինը) The Today Show–ում բազմահազարանոց հեռուստադիտողին ներկայացրեց վեպը և դրանից հետո գրքի 15,000 օրինակներ վաճառվեցին և 100,000 նոր օրինակներ տպագրվեցին։ Բրիտանիայում մեկ շաբաթում վաճառվեց վեպի մոտ 45,000 օրինակ։ 2003 թվականին գիրքը Amazon.com–ի կողմից անվանվեց տարվա գիրքը։ 2009 թվականի մարտի տվյալներով գրքի մեկ ու կես միլիոն օրինակ վաճառվել էր Միացյալ Նահանգներում և մեկ միլիոն օրինակ Միացյալ Թագավորությունում։ «Ժամանակի ճամփորդի կինը» գրքի հաջողությունը դրդեց գրեթե բոլոր խոշոր հրատարակիչներին ձեռք բերել Նիֆենջերի երկրորդ վեպը։ Այդ վեպը անվանվել է վերջին ժամանակների ամենաշատ անհամբերությամբ պահանջվածներից։ Գրախոսները գնահատել են հեղինակի կողմից Քլեյրի և Հենրիի կերպավորումները, հատկապես նրանց զգացմունքային խորությունը։ The Age թերթից Միշել Գրիֆինը նկատել է, որ չնայած Հենրիի կերպարը կառուցված է գրքասեր օրիորդների երևակայության համար, բայց անգամ նրա թերությունները՝ հուսահատությունը, կռվասիրությունը, բռնությունը, նրան դարձնում են ուժեղ կերպար։ Շատ գրախոսներ էլ տպավորված էին վեպի նախադրյալով, բայց քննադատատում էին դրա մելոդրամատիկական ոճը։ Library Journal–ը վեպը բնութագրում է «հմտորեն գրված, հստակ կերպարների և անկեղծ զգացմունքների խառնուրդով»։ Ամսագիրը նաև խորհուրդ տվեց, որ հասարակական գրադարանները գնեն գրքի բազմաթիվ օրինակներ։

Շարունակությունը խմբագրել

2013 թվականի սեպտեմբերի 23–ին հայտարարվեց, որ գրքի շարունակությունը ճանապարհին է։ Շարունակությունն ավելի մանրակրկիտ կերպով կպատմի Հենրիի և Քլեյրի դուստր Ալբայի մասին, սակայն արդեն որպես չափահաս մարդ։ Ալբան միևնույն ժամանակ սիրահարվում է երկու տղամարդու՝ Զաքին (սովորական տղամարդ) և Օլիվերին (երաժիշտ և երիտասարդ ժամանակի ճամփորդ)։ Առաջին քսանհինգ էջերը այժմ հասանելի են eBook–ում։ 2014 թվականի փետրվարին Նիֆենջերը կանխատեսեց, որ գիրքը պատրաստ կլինի 2018 թվականին։ Արդեն 2017 թվականի մարտին Նիֆենջերը թվիթերում հայտնեց, որ գրքի շարունակությունը կոչվելու է «Մյուս ամուսինը», բայց չի հրատարակվի մինչև 2019 թվականը։

Մրցանակներ և առաջադրումներ խմբագրել

Award Year Result
Locus Award for Best First Novel 2004 Nominated[1]
Orange Broadband Prize for Fiction 2004 Longlisted[2]
Arthur C. Clarke Award 2005 Shortlisted[3]
John W. Campbell Memorial Award 2005 Third place[4]
Exclusive Books Boeke Prize 2005 Won[5]
Geffen Award 2006 Nominated[6]
British Book Award for Popular Fiction 2006 Won[7]

Ֆիլմ խմբագրել

«Ժամանակի ճամփորդի կինը» ֆիլմը առաջին անգամ էկրաններ է բարձրացել 2009 թվականի օգոստոսի 14–ին Warner Bros–ի կողմից։ Երբ Նիֆենջերին հարցրել են իր վեպը ֆիլմի վերածելու հեռանկարի մասին նա ասել է. «Ես ունեմ իմ փոքրիկ ֆիլմը գլխումս և ես փոքր–ինչ վախեցած եմ, որ մեկ ուրիշը այն կարող է ուրիշ ձևով ներկայացնել։ Դա սարսափելի ու հուզիչ է, քանի որ այժմ կերպարները պետք է գոյություն ունեն նաև ինձնից հեռու»։ Ընդհանուր առմամբ ֆիլմը բացասական մեկնաբանությունների է արժանացել։ Օրինակ՝ The New York Times–ը գրել է, որ ֆիլմը անհեթեթ էր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 2004 Locus Awards Արխիվացված 1 Մարտ 2007 Wayback Machine. www.locusmag.com. Retrieved 9 May 2009.
  2. The Time Traveler's Wife(չաշխատող հղում). www.orangeprize.co.uk. Retrieved 25 April 2009.
  3. 2005 Arthur C. Clarke Awards Արխիվացված 2012-09-15 Wayback Machine. www.locusmag.com Retrieved 9 May 2009.
  4. 2005 Campbell Awards Արխիվացված 16 Հոկտեմբեր 2012 Wayback Machine. www.locusmag.com. Retrieved 9 May 2009.
  5. Boeke Award Winners Արխիվացված 27 Սեպտեմբեր 2007 Wayback Machine, www.exclusivebooks.com. Retrieved 25 April 2009.
  6. 2006 Geffen Awards Արխիվացված 18 Հունվար 2010 Wayback Machine. www.locusmag.com. Retrieved 9 May 2009.
  7. British Book Awards Արխիվացված 27 Հուլիս 2009 Wayback Machine. www.publishingnews.co.uk. Retrieved 25 April 2009.