Թեքումսեի անեծքը կամ Տիպեկանոյի անեծքը (անգլ.՝ Curse of Tippecanoe կամ անգլ.՝ Tecumseh’s curse) (հայտնի է նաև ԱՄՆ-ի նախագահների անեծք, նախագահական անեծք ձևերով), լեգենդ է անեծքի մասին, որը ենթադրաբար տվել է մեռնող բնիկ ամերիկյան շոնի ցեղի առաջնորդ Թեքումսեն՝ սպիտակամորթների կողմից պայմանագիրը խախտելու կապակցությամբ։ Անեծքը հետևյալն է՝ ԱՄՆ-ի ցանկացած նախագահ, ով ընտրվել է առանց մնացորդի 20-ի բաժանվող տարում, մահանա կամ սպանվի մինչև իր լիազորությունների ժամկետի լրանալը[Ն 1]։

Շոնի ցեղի առաջնորդ Թեքումսեն

Անեծքի ծագումը խմբագրել

Անեծքի առաջին հիշատակումը, հավանաբար, եղել է Ռոբերտ Ռիփլիի «Հավատա՛, կամ՝ ոչ» ամսագրի 1931 թ․ համարում[1], որտեղ դրա հետ է կապվում 1840 թ․ ընտրված Վ․ Հ․ Հարիսոնի մահը (1841 թ․)։ Հաջորդած 120 տարիների ընթացքում 20-ի բաժանվող տարեթվերին ընտրված կամ վերընտրված նախագահները չեն ապրել մինչև իրենց լիազորությունների ժամանակի ավարտը։ Վերջին նման դեպքը 1963 թ․ Ջոն Քենեդու սպանությունն էր։ Նա նախագահ էր ընտրվել 1960 թվականին։

Անեծքի անվանումը կապված է 1811 թվականի Տիպեկանոյի ճակատամարտի հետ։ Այդ ժամանակ Ինդիանայի նահանգապետ Հարիսոնն, օգտագործելով տեղաբնիկ ցեղերի միջև հակասությունները, Ֆորտ Ուեյնում կնքված հակասական պայմանագրով դրանցից խլեց 12.000 կմ² տարածք[2]։ Պայմանագրից դժգոհ մնացած շոնի ցեղի առաջնորդ Թեքումսեն սկսեց պատերազմ կառավարական զորքերի դեմ։ 1811 թ․ շոնի ցեղի և Թեքումսեի ստեղծած հնդկացիական դաշինքի մարտիկները, Թեքումսեի եղբոր՝ Թենսքուատավայի գլխավորությամբ հարվածեցին Հարիսոնի բանակին Տիպեկանոյի մոտ։ Ճակատամարտում Հարիսոնը վճռական հաղթանակ տարավ։ Ճակատամարտից հետո Թենսքուատավան (որին Մարգարե էին կոչում) հավանաբար անիծել է Հարիսոնին և հետագա բոլոր նախագահներին, որոնց նախագահ ընտրվելու տարեթվերի վերջին թիվը կլինի նույնն, ինչ որ Հարիսոնի ընտրվելու տարեթիվն էր։ Դա հիմք է հանդիսացել անեծքի մասին լեգենդի ստեղծման համար[3]։

Նախագահների մահվան դեպքեր խմբագրել

Սկսած առաջին սերունդից՝ Վիլյամ Հենրի Հարիսոնից (1800 թ․ նշանակվել է նահանգապետ, 1809 թ․ Ֆորտ Ուեյնի պայմանագրով հնդկացիներից խլել է 12․000 կմ² տարածք, 1811 թ․ վճռորոշ պարտության է մատնել հնդկացիներին Տիպեկանոյի ճակատամարտում, ընտրվել է նախագահ 1840 թվականին, մեռել է 1841 թվականին՝ երդմնակալությունից մեկ ամիս անց), ԱՄՆ-ի բոլոր այն նախագահները (բացառությամբ վերջին երկուսից), որոնք ընտրվել կամ վերընտրվել են 20-ի առանց մնացորդի բաժանվող տարեթվին մահացել են (իրենց մահով կամ մարդասպանի գնդակից) իրենց լիազորությունների ժամկետը չլրացած։

Երկրորդ սերունդ - Աբրահամ Լինքոլն, ընտրվել է 1860 թվականին, վերընտրվել է 1864 թվականին, սպանվել է 1865 թվականին;
Երրորդ սերունդ - Ջեյմս Գարֆիլդ, ընտրվել է 1880 թվականին, սպանվել է 1881 թվականին;
Չորրորդ սերունդ - Ուիլիամ Մաք-Քինլի, վերընտրվել է 1900 թվականին, սպանվել է 1901 թվականին;
Հինգերորդ սերունդ - Ուորեն Հարդինգ, ընտրվել է 1920 թվականին, մահացել է 1923 թվականին;
Վեցերորդ սերունդ - Ֆրանկլին Ռուզվելտ, ընտրվել է 1932 թվականին, վերընտրվել է 1936 թվականին, 1940 թվականին և 1944 թվականին, մահացել է 1945 թվականին;
Յոթերորդ սերունդ - Ջոն Քենեդի, ընտրվել է 1960 թվականին, սպանվել է 1963 թվականին.
(Մարդիկ կարծում են, թե անեծքը գործում է միայն մինչև յոթերորդ սերունդը, ինչից հետո այն կորցնում է իր ուժը)։

Բացառություններ խմբագրել

1963 թվականից սկսած ԱՄՆ֊ի ոչ մի նախագահ դեռ չի մահացել պաշտոնավարման ընթացքում։

Առաջինն օրինաչափությունը խախտել է Ռոնալդ Ռեյգանը (8-րդ սերունդ), ով ընտրվել էր 1980 թվականին։ Նա վերապրել է 1981 թվականի իր վրա կատարված մահափորձը և պաշտոնը բարեհաջող լքել է 1989 թվականին։ Հատկանշական է, որ Ռեյգանի ստացած թոքի վիրավորումը 19-րդ դարի կեսերին մահացու էր։ Հայտնի է, որ նախագահի կինը՝ Նենսի Ռեյգանը վարձել էր գերզգաների և աստղագուշակների, որպեսզի պաշտպանի իր ամուսնուն անեծքից[4][5][6]։ Ռոնալդ Ռեյգանը մահացել է 2004 թվականին՝ Ալցհայմերի հիվանդության պատճառով բարդացած թոքաբորբից՝ անեծքի մեկ այլ «վերապրող»՝ Ջորջ Բուշ կրտսերի նախագահության ժամանակաշրջանում։

2000 թ․ ԱՄՆ-ի նախագահ է ընտրվել Ջորջ Վ․ Բուշը (իններորդ սերունդ)։ Նա 2002 թվականին ուշագնաց է եղել բրեցելից շնչահեղձ լինելիս[7], իսկ 2004 թ․-ին Վրաստան այցի ժամանակ վերապրեց իր վրա մահափորձը, երբ իր և Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու ուղղությամբ նետված նռնակը չպայթեց[8][9]։

ԱՄՆ֊ի ընտրված նախագահներից 8-ը մահացել են իրենց պաշտոնավարման ընթացքում։ Դրանցից միայն Զաքարի Թեյլորն է, որ չի ընտրվել 20-ի բաժանվող տարեթվի։ Նա ԱՄՆ֊ի նախագահ է դարձել 1849 թ․, մահացել է 1850 թվականին ստամոքսաղիքային հիվանդությունից։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Մամուլում Թեքումսեի անեծքին ընդարձակ անդրադարձեր եղել են 1940[10] և 1960[11] թվականների նախագահական ընտրություններից առաջ։

1980 թվականին Վիլյամ Օսկար Ջոնսոնի հրատարակած «Զրոյական գործոն» գրքում ներկայացված է 1980 թվականի նախագահական ընտրություններում հաղթած հորինված Օգոստոս Յորքն, ով երկու վերապրած մահափորձերից հետո հրաժարական է տալիս։

1980 թ․ նախագահական ընտրություններից առաջ գործող նախագահ և նախագահի թեկնածու Ջիմի Քարթերին հարց ուղղվեց Թեքումսեի անեծքի վերաբերյալ, ինչին Քարթերը պատասխանեց, որ չի վախենում անեծքից, իսկ եթե նույնիսկ այն կա՝ ինքը մինչ իր մահը կանի առավելագույնն ԱՄՆ֊ի համար[12]։

Ջորջ Բուշ կրտսերի մահը պատկերված է «Նախագահի մահը» ֆիլմում։ Նրա մահվան մասին 2009 թվականի փետրվարի 11-ին վազող տողով սխալմամբ հայտարարեց հարավաֆրիկյան ITV հեռուստաընկերությունը[13]։

Աբրահամ Լինքոլնը սպանվել է «Ֆորդ» թատրոնում, Ջոն Քենեդին սպանության պահին Ֆորդ Լինքոլն մակնիշի ավտոմեքենայի մեջ էր, որն այժմ ցուցադրվում է Ֆորդ ընկերության թանգարանում[14]։

Ենթադրյալ անեծքից մահացած նախագահների ցանկ խմբագրել

Ընտրության տ/թ Նկար Անունը Ժամկետը Մահվան պատճառը Մահվան ամսաթիվը
1840   Վիլյամ Հենրի Հարիսոն առաջին որովայնային տիֆ 1841 թվականի ապրիլի 4
1860   Աբրահամ Լինքոլն երկրորդ սպանվել է 1865 թվականի ապրիլի 15
1880   Ջեյմս Աբրահամ Գարֆիլդ առաջին սպանվել է 1881 թվականի սեպտեմբերի 19
1900   Ուիլյամ ՄըքՔինլի երկրորդ սպանվել է 1901 թվականի սեպտեմբերի 14
1920   Ուորեն Հարդինգ առաջին չբացահայտված (ինֆարկտ կամ կաթված) 1923 թվականի օգոստոսի 2
1940   Ֆրանկլին Դելանո Ռուզվելտ չորրորդ արյունազեղում (մահացել է, երբ արդեն 1944 թվականին վերընտրվել էր չորրորդ ժամկետում) 1945 թվականի ապրիլի 12
1960   Ջոն Ֆիցջերալդ Քենեդի առաջին սպանվել է 1963 թվականի նոյեմբերի 22
1980   Ռոնալդ Ռեյգան - անհաջող մահափորձ 2004 թվականի հունիսի 5
2000   Ջորջ Ու. Բուշ - անհաջող մահափորձ երկրորդ ժամկետում։ Ողջ է:

Նշումներ խմբագրել

  1. Այլ տարբերակով. «Հարիսոնը կմեռնի։ Եվ նրանից հետո յուրաքանչյուր Մեծ Առաջնորդ, որն ընտրվել է յուրաքանչյուր 20 տարին, կմեռնի»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ripley's Believe it or Not, 2nd Series (Simon & Schuster, 1931)
  2. The New Big Book Of U.S. Presidents By Todd Davis, Marc Frey
  3. Randi Henderson and Tom Nugent, "The Zero Curse: More than just a coincidence?" (reprinted from the Baltimore Sun), November 2, 1980, in Syracuse Herald-American, p C-3
  4. Wadler, Joyce (1988 թ․ մայիսի 23). «The President's Astrologers». People Magazine. Վերցված է 2013 թ․ հունիսի 12-ին.
  5. Zuckerman, Laurence (1988 թ․ մայիսի 16). «Nancy Reagan's Astrologer». Time Magazine. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 12-ին.
  6. Cohen, Richard (1989 թ․ հոկտեմբերի 22). «Where Was Nancy's Astrologer?». Philadelphia Inquirer. Վերցված է 2013 թ․ հունիսի 12-ին.
  7. Altman, Lawrence K. (2002 թ․ հունվարի 15). «Bush to Be Monitored in Wake of Fainting Episode». NYTimes.com. The New York Times Company. Վերցված է 2016 թ․ հունիսի 11-ին.
  8. «Bush grenade attacker gets life». CNN.com. Cable News Network. 2006 թ․ հունվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 11-ին.
  9. «Obama inauguration: George Bush - the man who was no longer president». The Guardian (U.S. online ed.). New York City: Guardian News and Media Limited. 2009 թ․ հունվարի 20. Վերցված է 2016 թ․ հունիսի 11-ին.
  10. Oakland Tribune, November 5, 1940, p12
  11. "Pennsylvania Avenue Ponderings", Hammond Times, February 25, 1960, p18
  12. Public Papers of the Presidents of the United States: Jimmy Carter, 1980-1981. 1981. էջ 2032. ISBN 1623767806.
  13. «Телеканал ЮАР по ошибке сообщил о смерти Буша». www.vz.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 22-ին.
  14. «Kennedy Presidential Limousine». The Henry Ford. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 23-ին.