Թեյի փաթեթ, հատուկ քամիչ թղթով փոքրիկ պարկ, որի մեջ լցված է թեյ։ Այն օգտագործվում է եռացրած կամ տաք ջրով արագ թեյ պատրաստելու համար։

Տարբեր թեյերի 3 փաթեթ
Թեյի փաթեթներով արկղ

Կառուցվածք և տեսակներ խմբագրել

Քամիչ թղթից փակ փաթեթ է, սովորաբար պարունակում է թեյի այնքան քանակություն, որն անհրաժեշտ է մեկ անգամ թրմելու համար։ Փաթեթը, որպես կանոն, փակվում է մետաղյա կեռիկով, որովհետև սոսինձը բացասաբար է անդրադառնում թեյի համային որակների վրա։ Որոշ արտադրողներ փաթեթը չեն փակում, այլ միայն կապում են թելով։ Երբեմն հանդիպում են ջերմային եղանակով փակված փաթեթներ, ինչի համար քամիչ-թուղթը ներսի կողմից պարունակում է թերմոպլաստիկ թելիկ։ Թեյի փաթեթների մեծ մասն ունի թելիկ, ինչի շնորհիվ փաթեթը կարելի է հեշտությամբ հանել պատրաստի թեյի միջից։

Փաթեթները կարող են լինել տարբեր ձևերի։ Եվրոպայում տարածված են ուղղանկյուն փաթեթները, որոնք կարող են լինել միախուց և երկխուց (երկրորդ դեպքում փաթեթը կազմված է մեկ ընդհանուր կողմով 2 ուղղանկյունաձև փաթեթներից և ունի մեծ ծավալ)։ Վերջին ժամանակներս տարբեր բրենդներ արտադրում են բրգաձև փաթեթներով թեյ. գովազդը պնդում է, որ թեյը մեծ ծավալի շնորհիվ լավ է թրմվում, այդպիսի փաթեթներն առաջին անգամ արտոնագրվել և շուկայում հայտնվել են 1996 թվականին[1]։ Մեծ Բրիտանիայում տարածված են առանց թելի, հարթ և կլոր փաթեթները, որոնք դրվում են բաժակի հատակին։ Մեկ բաժակ թեյի թրման համար նախատեսված փաթեթներից բացի՝ արտադրում են նաև ավելի մեծ, մի քանի բաժին ջրի համար թեյի փաթեթներ, որոնք օգտագործվում են թեյնիկում կամ էլեկտրական սրճեփում թրման համար։ Վերջապես, արտադրվում են նաև տարբեր չափերի առանց թեյի թեյի փաթեթներ, որոնք հնարավորություն են տալիս թրմելու ցանկացած տեսակի թեյ (թեյն ընդամենը լցնում են փաթեթի մեջ, որն այնուհետև ձգում են թելով) և նախատեսված են թեյ պատրաստելն ավելի հարմար դարձնելու ու թրմելու պարագաները հեշտ մաքրելու համար։

Թեյի փաթեթներն առավել հաճախ ունեն հետևյալ բաղադրությունը. բնական փայտի մանրաթել (65-75 %), թերմոպլաստի մանրաթել (15-23 %), աբակայի մանրաթել (10 %): Այդպիսի քամիչ թղթով ջուրը հեշտ է անցնում, այն քիմիապես չեզոք է, ոչ մի դեպքում չի ազդում թեյի համի վրա, չի պարունակում ջրում լուծվող բաղադրիչներ, չի լուծվում ջրում և նրանից ոչինչ չի զատվում։ Վերջին ժամանակներս որոշ արտադրողներ սկսել են արտադրել պլաստիկ ծակոտկեն ցանցով փաթեթներ։ Քամիչ թղթի համեմատ ցանցի անցքերը զգալիորեն մեծ են, այն մանր փոշին չի ֆիլտրում, այդ պատճառով էլ հարմար է համեմատաբար խոշոր կտրտված հումքի համար։

Թեյի փաթեթների որոշ ապրանքանիշներ արտադրվում են կրկնակի փաթեթավորված. յուրաքանչյուր քամիչ թուղթ տեղադրված է առանձին սոսնձված թղթե ծրարների մեջ։ Այդպիսի փաթեթավորումը լավ է պահպանում թեյի համը և երկար ժամանակ թույլ չի տալիս կլանել կողմնակի հոտեր, բայց զգալիորեն բարձրացնում է գինը։

Պատմություն խմբագրել

Ենթադրվում է, որ թեյի փաթեթի նախնին 1904 թվականին հորինել է վաճառական Թոմաս Սալլիվանին, այն էլ բոլորովին պատահական։ Ավանդաբար թեյը վաճառում էին թիթեղյա մեծ անոթներով, բայց Սալլիվանին որոշում է, որ ավելի ձեռնտու կլինի օգտագործել փոքր բաժնեծրարներ և սկսում է օգտագործել մետաքսե փոքրիկ պարկեր։ Հաճախորդները, նյույորքյան ճաշարանատերերը տեսան, որ նոր փաթեթներով թեյը շատ հարմար է թրմելը հենց պարկերի մեջ։ Կարճ ժամանակում թրմման այդ եղանակը տարածվեց, մետաքսը փոխարինվեց ավելի էժան թանզիֆով, իսկ թեյի քանակությունը հասցվեց մեկ չափաբաժնի։ Փաթեթավորված թեյն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ լայնորեն օգտագործվում էր ռազմաճակատում։ Սակայն Սալլիվանին չի կարելի համարել ֆիլտրե նյութից պարկերով թեյի փաթեթավորման մեթոդի հայտնագործողը։ Այդ մեթոդը հայտնի էր և ավելի վաղ, իսկ նրա հայտնագործողի անունը հայտնի չէ։

Թեյի ժամանակակից փաթեթը հորինել է Teekanne (Դրեզդեն) ընկերության ինժեներ Ադոլֆ Ռամբոլդը։ Թեյի փաթեթը շուկայում հայտնվել է 1929 թվականին։ Ադոլֆ Ռամբոլդը նաև թեյի փաթեթավորման մի քանի մեքենաների հայտնագործողն է։ 1929 թվականին հայտնագործվեց Pompadour փաթեթավորման մեքենան, որը րոպեում արտադրում էր 35 փաթեթ, այնուհետև Reliance մեքենան (80 փաթեթ), 1949 թվականին՝ Constanta մեքենան (160 փաթեթ)[2]։ Չափազանց թանկարժեք մետաքսը կարճ ժամանակում դուրս մնաց թեյի փաթեթների արտադրությունից։ Առաջին փաթեթների պատրաստման հիմնական նյութը թանզիֆն էր, շատ չանցած՝ աբակայի մանրաթելից պատրաստված հատուկ թուղթը, բայց այն էլ շուտով իր տեղը զիջեց ավելի կատարյալ ֆիլտրող թղթին։ 1950 թվականի վերջին ի հայտ եկավ Teekanne ընկերության կողմից արտոնագրված թեյի երկխուց փաթեթը, որը փակվում էր մետաղյա կապով։ Այդ ձևով թղթի մեջ ավելի շատ ջուր էր անցնում, և թեյն արագ թրմվում էր։

Փաթեթավորված թեյը 1970-ական թվականների վերջերին գործնականորեն շուկայից դուրս մղեց մինչ այդ արտադրվող հաբային և սալիկավոր թեյը (թեյի մամլած փոշին կամ փշրանքները թողարկվում էին հաբի կամ սալիկի տեսքով)։ Փաթեթի առավելություններից մեկն այն էր, որ փաթեթը զտում էր շատ մանր փոշին, և թեյը պղտոր չէր լինում, այն դեպքում, երբ թեյի հաբերը թեյին հաղորդում էին տհաճ, պղտոր երանգ։

Փաթեթավորված թեյի որակ խմբագրել

Ըստ որակի՝ փաթեթավորված թեյերը բավականին տարբեր են։ Որոշ արտադրողներ փաթեթավորում են թեյի բարձրորակ և թանկարժեք տերևներ[3]։ Այդպիսի փաթեթներից ստացվում է բարձր որակի ըմպելիք։ Ընդ որում, այդպիսի թեյը թանկ է և հազվադեպ է հանդիպում։

Սովորաբար փաթեթավորված թեյի արտադրության մեջ օգտագործվում են մանր տերևներով թեյ կամ էլ, այսպես կոչված, «D կատեգորիայի տերևներ» (անգլերեն dust՝ փոշի տերմինից, որը leaf, broken և այլն կարգախմբում նկարագրում է թեյի տերևների չափերը և ոչ թե որակը), որն ստանում են թեյի տերևների փշրանքներից կամ էլ կտորտանքներից[4]։ Անբարեխիղճ արտադրողները հաճախ են հումքի համի և հոտի թերությունները վերացնում բույր հաղորդող և համային հավելումներով, այդպես են վարվում նաև թեյի արտադրության մեջ։

 
Հատուկ ափսեներ թեյի փաթեթների համար

Տարածում խմբագրել

Չնայած վերը նշված թերություներին՝ փաթեթավորված թեյն աշխարհում լայն տարածում ունի, և թեյի ընդհանուր շուկայում նրա մասնաբաժինն աճում է։ Եվրոպայում փաթեթավորված թեյի մասնաբաժինը մոտ 77 % է[5], իսկ Անգլիայում, որը հայտնի է թեյի իր հարուստ ավանդույթներով, 2007 թվականին սպառված թեյի մինչև 90 %-96 %-ը[6] բաժին է ընկնում փաթեթավորված թեյին։ Փաթեթները հաստատուն տեղ են զբաղեցնում հասարակական սննդի էժանագին հաստատություններում, և Եվրոպայում ու Ամերիկայում գործնականում ստանդարտ են գրասենյակային թեյախմության համար։ Մեծանում է նաև դրա սպառումն ընտանիքներում։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Glenda Cooper. Change brewing for reshaped tea market // The Independent, 24 February 1996 (անգլ.)
  2. «Официальный сайт Teekanne» (գերմաներեն).
  3. teatips.ru: заваривание чая. подача чая (общие замечания)
  4. «Идентификация и фальсификация чая». Знайтовар.ru.
  5. «100 лет чайному пакетику». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  6. The History of the Tea Bag - Use of Tea Bags in the UK / UK Tea&Infusions Association (անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել