Անանիա Թարգմանիչ
Անանիա Թարգմանիչ (Անանիա Սյունեցի, Անանիաս, Անանե) (ծննդյան և մահվան թվականները անհայտ), V դարի առաջին հայ թարգմանիչներից, մատենագիր։
Անանիա Թարգմանիչ | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1] |
Վախճանվել է | անհայտ[1] |
Մասնագիտություն | թարգմանիչ և աստվածաբան |
Ազգություն | հայ |
Կենսագրություն
խմբագրելԱշակերտել է Մեսրոպ Մաշտոցին։ Սահակ Ա Պարթևը նրան ձեռնադրել է Սյունյաց եպիսկոպոս (ենթադրաբար՝ 415 թվականին)։ Ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ աթոռակալել է շուրջ 42 տարի՝ «պայծառացնելով Սյունյաց աթոռը»։ Մեսրոպ Մաշտոցի կենսագիր և աշակերտ Կորյունը և պատմահայր Մովսես Խորենացին որոշ տեղեկություններ են հաղորդում Անանիա Թարգմանչի մասին։ Անանիա Թարգմանիչը ուղեկցել է Մեսրոպ Մաշտոցին՝ Գողթնի առաջին քարոզչության ընթացքում, գործակցել է նրա հետ՝ Սուրբ Գիրքը թարգմանելիս և աղվանական գիրն ստեղծելիս, աղվաներեն թարգմանել որոշ կրոնական գրքեր։ Անանիա Թարգմանիչը մասնակցել է Շահապիվանի եկեղեցական ժողովին (444), իսկ Արտաշատի ժողովին (449) եպիսկոպոսական գահնամակում զբաղեցրել է առաջին տեղը։ Անանիա Թարգմանչի գրչին են պատկանում «Երանելոյն Անանիայի Հայոց վարդապետի՝ ի խորհուրդ Յովհաննու մարգարէի» և «Յաղագս Յովհաննու Մկրտչի, Անանիայի վարդապետի ասացեալ» խորագրով ճառերը՝ աստվածաբանական բովանդակությամբ, ինչպես նաև Փիլոն Ալեքսանդրացու, Իրինեոսի գործերի հայերեն թարգմանությունները։
Ծանոթագրություններ
խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: |
Գրականություն
խմբագրել- Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, Ե․, 1986։
- Ալիշան Ղ․, Սիսական, Վնտ․, 1893, էջ 20, 208։
- Սարգիսյան Բ․, Անանիա Թարգմանիչն և իւր գրական գործոց նմոյշներ, Վնտ․, 1899։
- Ակինյան Ն․, Շահապիվանի ժողովին կանոնները, Վնն․, 1953, էջ 5։
- Ալեքսանյան Վ․, Անանիա եպիսկոպոս Սյունեցի, Էջմիածին, 1999, դ 3։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 362)։ |