444 թ. Շահապիվանի եկեղեցական ժողով, Հայոց եկեղեցու ազգային-եկեղեցական ժողով։ Գումարվել է 444 թ.՝ Նորաբեր տոնի օրը՝ հունիսի 24-ին, Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ծաղկոտն գավառի Շահապիվան ավանում՝ Հայոց թագավորների բանակատեղիում, Հովսեփ Ա Հողոցմեցու կաթողիկոսության և Վասակ Սյունու մարզպանության օրոք։ Ժողովին մասնակցել են 40 եպիսկոպոսներ, վանականներ, երեցներ, սարկավագներ, նախարարներ, ազատներ և շինականներ, «որք էին նախանձախնդիր աւրինաց եւ սրբութեան»։

Ժողովի հրավիրման պատճառները խմբագրել

Շահապիվանի եկեղեցական ժողովի կանոնների Առաջաբանում նշվում է, թե ինչ նկատառումներով է այն գումարվել. գլխավորապես, ի լրումն և ի հաստատումն առաքելական ու Նիկիական կանոնների, որոնք խախտել էին բազմաթիվ հոգևորականներ, ի վերահաստատումն Հայ եկեղեցու ներքին կարգերի և բարոյական նորմերի, ինչպես նաև ի դատաստան աշխուժացած աղանդավորների, հատկապես մծղնեության, և հանցավորների՝ առանց դասի և աստիճանի խտրության։

Ժողովի ընդունած որոշումները խմբագրել

Շահապիվանի եկեղեցական ժողովը կանոնական էր, սակայն նրա որոշումները, ի տարբերություն ուրիշ կանոնախմբերի, միակն են, որ հանցագործությունների համար սահմանել են պատիժներ և դրանով իսկ դուրս եկել կանոնական շրջանակներից ու ստացել դատաստանագրքի նշանակություն։ Ժողովի ընդունած 20 կանոններից միայն մեկը՝ ԺԵ կանոնը, ունի խրատական բնույթ և պատիժ չի նախատեսում։ Կանոններից 6-ը ամբողջությամբ (Ա, Բ, ԺԴ, ԺԶ, ԺԷ և ԺԸ), իսկ 4-ը՝ մասամբ (Թ, ԺԳ, ԺԹ, Ի) վերաբերում են հոգևորականներին, որոնց գործած կանոնական խախտումների և հանցանքների համար նախատեսված են կանոնական և քրեական պատիժներ՝ համապատասխան պատժաչափերով։ 9 կանոն ամբողջությամբ և 4-ը՝ մասամբ, ազատների՝ իշխանների և շինականների մասին են՝ զանազան պատժաչափերի սահմանումով։ Ընդ որում, շինականների համար նախատեսվել է մարմնական պատիժ՝ ծեծ, իսկ ազատներին՝ միայն խրատ, տուգանք և ապաշխարություն։

Սակայն մի շարք հանցանքների դեպքում շինականի և ազատի համար սահմանվել է միևնույն պատիժը, իսկ պատժաչափը որոշվել է ըստ հանցանքի։ Բացի այդ շինականի տուգանքը կազմել է ազատի տուգանքի կեսը կամ կեսից պակաս։ Տուգանքի չափի տարբերությունը բխել է սոցիալ. այդ երկու դասերի տնտեսական վիճակից, որը հաշվի էր առնվել կանոններում։

Ժողովի որոշումների համաձայն, բոլոր տեսակի տուգանքներն անցնելու էին հիմնարկներին (եկեղեցիներին, գոդենոցներին, ծերանոցներին)՝ որպես նրանց եկամտի մասնակի աղբյուր, իսկ առանձին դեպքերում էլ տուգանքի որոշ մասը նախատեսվում էր բաժանել աղքատներին։ Շահապիվանի եկեղեցական ժողովի կանոններում կինն օրենքի առաջ հավասար էր տղամարդուն. «Եթէ այր եւ եթէ կին՝ կանոն այդ կացցէ»։

Շահապիվանի եկեղեցական ժողովը խիստ որոշումներ է ընդունել աղանդավորների՝ մծղնեների դեմ (ԺԹ և Ի կանոնները)։ Աղանդներին հարող ընտանիքի չափահաս անդամներին հասարակությունից մեկուսացնելու նպատակով արգելափակել են գոդենոցներում, իսկ անչափահաս երեխաներին խլել ծնողներից և հանձնել եկեղեցուն, որն էլ ստանձնել է նրանց հոգևոր դաստիարակությունը։

Ժողովի նշանակությունը խմբագրել

Շահապիվանի եկեղեցական ժողովը կարևոր նշանակություն է ունեցել Հայ եկեղեցու հիմքերի ամրապնդման, պետականության բացակայության պայմաններում նրա դերի բարձրացման, եկեղեց. կարգ ու կանոնի վերահաստատման, հայ իրավական մտքի ձևավորման և զարգացման գործում։

Գրականություն խմբագրել

  • Գիրք թղթոց, Երուսաղեմ, 1994։
  • Մխիթարյան ց Ա., Պատմութիւն ժողովոց Հայաստանեայց եկեղեցւոյ, Վաղ-պատ, 1874։
  • Թանգյան Մ., Հայոց եկեղեցական իրավունքը, գիրք 1, Շուշի, 1903։
  • Ակինյան Ա., Շահապիվանի ժողովոյն կանոնները, ՀԱ, 1949, դ 4–12, էջ 79–170։
  • Կանոնագիրք Հայոց, աշխատասիր. Վ. Հակոμյանի, հ.1, Երևան, 1964։

Աղբյուր խմբագրել

  • Արտաշես Ղազարյանի հոդվածը «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարանում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: